Փաշինյանի խոստովանությունը՝ «գնդակահարության պատի տակ»
2021 թվականի հունիսին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ բոլոր նախորդ նախագահներն իրեն մեղադրում են, որ «չի համաձայնել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին»:
«Եթե մեղավոր եմ, ժողովուրդ ջան, դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես այս գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ, բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը, և շատ-շատերը Հայաստանի ներսից իրենցից կախվածն արել են, որ Հայաստանը և հայկական կողմը չկարողանա այս պատերազմը հաղթել:
Զանգում էին գեներալներին, ասում էին՝ մի ենթարկվեք դրանց, հետ եկեք Երևան, Երևանում կռիվ արեք: էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, մոտեցել են Շուշիին, եկեք Շուշին պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո պարզվեց, որ դրանից ընդամենը 1,5 օր հետո կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են, որ կառավարական շենքը գրոհեն: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, այ գրոհողներ»:
Եվ ոչինչ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախ հայտարարել էր, որ «եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը»:
Արդյո՞ք դիմեց Արայիկ Հարությունյանը և մերժում ստացավ ՀՀ իշխանություններից, թե՞ կանխատեսելով պատասխանը, այդպես էլ չդիմեց, հայտնի չէ, իսկ պատերազմն ավարտվեց սրանից գրեթե մեկ ամիս հետո, եթե ընդունենք եռակողմ հայտարարության ստորագրման փաստը:
Ոչինչ նաև, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Շուշին և Ստեփանակերտը պահելու համար Արցախի նախագահը ՀՀ իշխանություններից է աջակցություն խնդրել` «10 օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը էն ա տեռտակ», այլ կերպ չէր էլ կարող լինել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմից հետո տարբեր ժամանակներում փորձեց Շուշիի կորուստը գցել տարբեր մարդկանց «գրպանը»՝ Արթուր Վանեցյան, Սեյրան Օհանյան, Օնիկ Գասպարյան, այդպես էլ դա չկարողացավ ապացուցել: Եվ այսօր Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, որի մեղքը ևս ապացուցված չէ:
Ավելին, Շուշին չի կարողացել պահել հենց կամ նաև Նիկոլ Փաշինյանը, և այն էլ, երբ չէր համաձայնել ադրբեջանցիների վերադարձին Շուշի՝ հայկական կողմի հսկողության տակ, իսկ ավելի ուշ հայտարարել էր. «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով»:
Եվ վերջապես ոչինչ, որ Արցախն այսօր ամբողջապես հայաթափված և օկուպացված է, որում Փաշինյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ոչ էլ խոնարհ կանգնել է իր իսկ նշած «գնդակահարության պատի տակ»:
2023 թվականի մայիսին, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ «հնարավո՞ր է արդյոք ՀՀ-ում լինի ռազմական տրիբունալ, և դուք՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ամբողջ հրամկազմի հետ պատասխան տաք, որովհետև քննիչ հանձնաժողովները որևէ վստահություն չեն ներշնչում», պատասխանել էր.
«Այդ հարցը կա օրակարգում, որպեսզի Հայաստանում նաև այդ ուղղվածության դատարան լինի: Հիմա դուք նկատի ունեք՝ ես համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել և գնդակահարել։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ՝ ժողովուրդ ջան, եթե դուք որոշեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։
Եվ որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ ոչ թե հնազանդ կանգնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ։ Ուզո՞ւմ եք գնդակահարեք, խնդիր չկա, գնդակահարեք, այո՛, համաձայն եմ, միանշանակ»:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմին հաջորդած տարիներին չի կանգնել «գնդակահարության պատի» տակ, երբ այդ ընթացքում կորցրել ենք ամբողջ Արցախը, և ավելի քան 200 քկմ էլ ՀՀ տարածքից է օկուպացված:
Ժողովուրդը, ընդդիմությունը, իրավապահ համակարգը, ուժային կառույցները և բանակը չի ցանկացել գործը դրան տանե՞լ, թե՞ բավարար ապացույցներ չեն եղել, ինչպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պնդել։
Իրականում միայն Փաշինյանի ինքնախոստովանությունները և հայտարարությունները բավարար ապացույց և «հաղորդում են հանցագործության մասին», ընդամենը պետք է քաղաքական կամք ունենալ և հանրային պահանջ ձևավորել, որը կարտահայտվի հստակ և թիրախային, իրավարար ծրարով: Եվ որքան էլ Փաշինյանը հայտարարի, որ ինքն իրեն 44-օրյա պատերազմին առնչվող այլևս հարցեր չունի՝ հարցերը բազմաթիվ են։
Այսինքն, ինչպես 168.am-ն էր գրել՝ «Նիկոլ Փաշինյանը «ոչնչացնում է» 44-օրյային առնչվող իր դեմ առկա փաստերը. այլևս նա միակ պատասխանատուն չէ»:
Եվ հիմա այս օրերին Փաշինյանը Ֆեյսբուքում «գնդակահարության պատ» է բացել՝ ծանոթանալու հանրության բովանդակային մեղադրանքներին: Հենց այստեղ ուզում ես հատ-հատ հիշեցնել այս տարիների ընթացքում հրապարակված 168.am-ի պատերազմական ուսումնասիրություններն ու վերլուծությունները: Իսկ այսօր էլ Փաշինյանը հիշել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենության» հերոսներից՝ գնդապետ Աուրելիանո Բուենդիային՝ «կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ, ամեն դեպքում, Փաշինյանն իրեն համարում է ձախողված և պարտված գերագույն հրամանատար, իսկ պատերազմների հանդեպ հետաքրքրությունը կորցրած՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը համարում ինքնասպանության պես մի բան:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի վախենում է իր սարքած ապագայից: Վախենում է, որ ունենա այն ապագան, որն ունեցավ գնդապետ Աուրելիանո Բուենդիան: Գուցեև ունի հիմնավորված վախեր, և ոչինչ, որ այն անուղղակի ցուցադրվում է հորինված և ոչ իրական «գնդակահարության պատին»:
Ի դեպ, հիշեցնենք, որ Սիրիայում տապալված Բաշար ալ-Ասադը տարիներ շարունակ ասում էր՝ կհեռանամ, եթե ժողովուրդը ցանկանա, բայց արդյո՞ք այդ ժողովրդի ձայնը չէր խլացվում…
Իհարկե, մենք, բնավ, չենք արդարացնում այն, ինչ կատարվեց և կատարվում է Սիրիայում, հատկապես, երբ դրա արդյունքում ուժեղացավ Թուրքիան, ինչը վտանգավոր է Հարավային Կովկասի և Հայաստանի համար, բայց չենք կարող անտեսել դրա խորքային պատճառները:
Իսկ այս հոդվածը ոչ թե բռնության քարոզ է, այլ ընդամենը կանգառներ՝ տարբեր ժամանակներում Փաշինյանի «գնդակահարության պատերի մոտ»՝ փորձելով ևս մեկ անգամ ցույց տալ, որ Փաշինյանի նման պարտված ղեկավարը միայն ֆեյսբուքյան «գնդակահարության պատի տակ» կանգնելու համարձակություն կարող է ունենալ, որտեղ բնական է՝ կգտնվեն պաշտպաններ իրական կամ նույնքան ֆեյքային, որքան նրա ստեղծած «գնդակահարության պատը»…
Հ.Գ. Ի դեպ, Փաշինյանը կարող է կարդալ Մարկեսի «Գնդապետին գրող չկա» ստեղծագործությունը: