Արայիկ Հարությունյանը փորձում է Փաշինյանի վրայից «մաքրել» պատերազմի պարտության մեղքը. Ինչ էր ասում նա պատերազմի օրերին

Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին, և, ըստ էության, առաջ է քաշել  փաշինյանական թեզը՝ միայն Ադրբեջանի դեմ չէինք կռվում:

«1992-1994 թվականներին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, 2016-ին Ադրբեջանը փորձեց ինքնուրույն լուծել ղարաբաղյան խնդիրը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ունեցավ անհաջողության: Ցավոք, 2020-ի պատերազմն այլ իրականություն էր, Ադրբեջանի հետ մասնակցում էին Թուրքիան, օժանդակում էին մի շարք այլ պետություններ, կային հազարավոր վարձկաններ, իսկ Ղարաբաղը մեն-մենակ էր, իհարկե, Հայաստանի հետ միասին, բայց հիմնական ծանրությունը, հարվածը հասցվեց Ղարաբաղին: Դրա համար մենք ունեցանք մեզ համար ոչ լավ արդյունքներ, և ծնվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Սկզբնական փուլում այն չի ընկալվել հասարակության կողմից, բայց պատերազմի արդյունքներից ելնելով՝ այն մեզ համար ընդունելի հայտարարություն էր, և այն մեզ հուսադրում էր, որ ունենալով այն երաշխիքները, որոնք առկա են՝ տարածք՝ Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի հետ, դա այն հենման կետն էր, որը պետք է ապահովեր հետագա մեր ինքնորոշման իրավունքի պայքարի առումով: Ի՞նչ փոխվեց: Սկզբնական ժամանակ մենք վստահեցինք, մանավանդ այն ստորագրությունները, որոնք կային՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների, և սկսեցինք ակտիվ վերականգնել, զարգացնել տնտեսությունը: Մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձավ, այդ թվում՝ իրենց ապագան Արցախի հետ կապում էին մեր բռնի տեղահանված հայրենակիցները»,- նշել է Արցախի ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները սկզբնական փուլում կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր, որպեսզի իրականանան այն կետերը, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, կամ այն երաշխիքները, որոնք տրված էին:

Ըստ Արայիկ Հարությունյանի, այս առումով իրավիճակը, սակայն, փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ:

Թե ինչու և ինչպես փոխվեց, դա այլ խոսակցության թեմա է, քանի որ հնարավոր է՝ ինչ-որ ձևաչափով Արցախի նախագահին, թերևս, լսեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում, մենք կանդրադառնանք վերոնշյալ հարցազրույցի՝ պատերազմում պարտության պարտության պատճառներին վերաբերող հատվածին:

Կարդացեք նաև

Նախ՝ արցախյան առաջին պատերազմում ևս Ադրբեջանի օգտին կռվող վարձկաններ կային, և ուժերը հավասար չէին, Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում, հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները տեղյակ են եղել, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ օգտագործում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում դրանք»,- շեշտել էր նա:

Այսինքն, Արցախյան առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմների ժամանակ Ադրբեջանն ունեցել է այլ երկրներից աջակցությունը, գուցե ոչ 2020 թվականի 44-օրյա պատերազմին ցուցաբերվածի չափով (սա այլ թեմա է), բայց եղել է: Այլ հարց է՝ 44-օրյայի ժամանակ որքանո՞վ է Հայաստանը կատարել անվտանգության երաշխավորի իր պարտականությունները, ի՞նչ չափով, մինչև ո՞ր պահը: Այս հարցին, իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությանն» աջակցած, պատերազմում պարտությունից հետո էլ Փաշինյանի հետ ներդաշնակ աշխատող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չէր անդրադառնա: Իսկ սա միակ հարցը չէ, որին նա պետք է պատասխանի:

Առաջին, 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ «եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»: Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին նման առաջարկ արել է և մերժվել է, թե՞ չի էլ արել: Պատերազմից հետո մենք մի քանի անգամ փորձել ենք ստանալ այս հարցի պատասխանը, սակայն Արցախի նախագահական ապարատը նպատակահարմար է գտել դրան չպատասխանել:

Երկրորդ, Արայիկ Հարությունյանն արցախցի քաղաքական գործիչ Ռուսլան Իսրայելյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որը, ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ կայացել է 2020 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում, և որտեղ Արցախի նախագահն ասում է, թե՝ «10 օր է՝ մարդ է ուզում, որ Ստեփանակերտը պահի»:
«Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը էն ա տեռտակ»,- զրույցի ձայնագրության մեջ, մասնավորապես, դժգոհում է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը, բնական է՝ ՀՀ իշխանություններից էր օգնություն խնդրել, իսկ թե ի՞նչ արձագանք է եղել, կարող ենք միայն կռահել և՛ Արայիկ Հարությունյան-Ռուսլան Իսրայելյան զրույցից, և՛ պատերազմի արդյունքից. այն չի տրվել:

Երրորդ, 2022թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ «2020թ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել է քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով նրա կողմից հանրայնացման ենթակա չեն)»:

Արցախի նախագահը գուցե պատասխանի՞՝ ի՞նչ նպատակով էր Սամվել Բաբայանին գործուղում Երևան, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին մեղադրեց «դավադիր որոշում» կայացնելու մեջ:

Չորրորդ, 168.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: 

Արդյո՞ք միջնորդավորված խնդրանքը ՀՀ իշխանությունները կատարել են: Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ի կեսօրին այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից է իմացել, որ Շուշին կորցրել ենք, և պահանջել է հետ գրավել քաղաքը, իրականացվել են համապատասխան գործողություններ, որոնք ձախողվել են: Իսկ Շուշիի անկման համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

Հինգերորդ, Արայիկ Հարությունյանը դեռ չի խոսել, թե 2020 հոկտեմբերի 6-ին՝ հայտնի օպերացիայի մշակման օրերին, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին սպասում դռան հակառակ կողմում, ի՞նչ էին նրանք ծրագրում:

Վեցերորդ, պատերազմից 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:

Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, մինչ օրս գաղտնի է: Իսկ Սամվել Բաբայանն ավելի ուշ սրբագրել էր իր իսկ ասածը՝ հայտարարելով, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:

Սրանք հարցեր են, որոնց Արցախի նախագահը պետք է պատասխանի:

Իսկ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, առաջին անգամ չէ, որ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, 2021 թվականի ապրիլին Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել էր նա:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, ԱԽ նիստում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչը չի արվել: Եվ եթե այս դեպքում, գուցե, չհամաձայնողներ եղել են, ապա ըստ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, հոկտեմբերի 19-ին նիստին բոլոր ներկաները համաձայն են եղել՝ պատերազմը պետք է կանգնեցնել, ինչը ևս չի արվել: Այսինքն, խնդիրը քաղաքական կոնսենսուսը չէր, հատկապես երբ իրականությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է որոշումներ կայացնում:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա 2022 թվականի ապրիլի 25-ին Արցախի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.

«ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ»:

Ինչի՞ հիման վրա էր եղել Արայիկ Հարությունյանի այս վստահությունը, հատկապես, երբ ամիսներ հետո, մասնավորապես, 2023-ի մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ՝ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս»՝ ընդունելով Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը: Իսկ նման ձևակերպումներ հետո շատ անգամ լսեցինք և լսում ենք առ այսօր: Այսինքն, ՀՀ իշխանությունները, ըստ էության, նշվածին այլընտրանք չեն էլ տեսնում:

Ի՞նչ է ստացվում՝ կամ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է խախտել, որի մասին Արցախի նախագահը չի ցանկանում խոսել, կամ՝ Արայիկ Հարությունյանը ստել է ի սկզբանե: Երկու դեպքն էլ Արցախի ղեկավարի օգտին չէ:

Ի դեպ, դեռ 2022-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Արայիկ Հարությունյանին համաձայնել Ադրբեջանին Արցախն ինտեգրելու գաղափարին կամ առաջարկին:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին շատ հստակ հայտարարել էր՝ Ալիևը ցանկանում է Արցախի լիարժեք կապիտուլյացիա: Եվ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ իր հոդվածում նա հստակ գրել էր՝ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»,- շեշտել էր Փաշինյանը:

Իսկ իրականությունը ցույց տվեց, որ այն, ինչ ընդունելի է Ադրբեջանի համար, ընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար: Եվ նման իրավունք Արայիկ Հարությունյանն է նաև տվել, երբ, մեղմ ասած, չի ընդդիմացել մյունխենյան փաշինյանական միկրոհեղափոխությանը ԼՂ հարցում, և երբ չի պահանջել, որ Արցախը ևս դնի իր ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության տակ:

Եթե ենթադրենք, որ Արցախի նախագահին կլսեն Քննիչ հանձնաժողովում, ապա Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանի հարցազրույցը 44-օրյա պատերազմի արդյունքների համատեքստում «ռեպետիցիա» էր՝ Նիկոլ Փաշինյանի՝ պարտության մեղքերը «մաքրելու» փորձի առումով: Մինչդեռ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ հայկական կողմը կարող էր շատ հանգիստ պաշտպանվել, քանի որ ուներ կառուցված հզոր պաշտպանական գծեր, նախապես ականապատված տարածքներ, բարդ լեռնային ռելիեֆ, որի դեպքում բարձունքներում ամրանալով՝ կարելի էր երկար պաշտպանվել:

Օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ էր պնդել, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ. ժառանգել է մի բանակ, որն ունակ էր պաշտպանական մարտ վարել և իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները:

«ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված, և խնդրում եմ շատ ուշադիր լինել այս հարցին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով: Իսկ այդ ապահովման խնդիրը դրված էր նաև ՀՀ զինված ուժերի վրա»,- օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում հատուկ ընդգծել էրԴավիթ Տոնոյանը։

Այս ամենից հետո որքան էլ Արցախի նախագահը խոսի ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների հետ ունեցած ինչ-ինչ տարաձայնությունների մասին, դա ոչ մի բան չի փոխում. նա մինչ օրս էլ շարունակում է «մնալ» Նիկոլ Փաշինյանի դռների մոտ:

Տեսանյութեր

Լրահոս