Երևան-Բաքու գործընթացում նկատելի է վտանգավոր դադար․ Արեշև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով ժամանակ առ ժամանակ Երևան-Բաքու բանակցային գործընթացի վերաբերյալ տարբեր ադրբեջանական պահանջներ է հնչեցնում, որոնցից վերջինը ՀՀ տարածքից ԵՄ քաղաքացիական դիտորդների դուրսբերման հարցն է, Թուրքիայում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Հաջիևն X-ի իր էջում գրել է, որ աշխատանքային այցով է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչի և Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։
«Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները»,- գրել է նա։
Օրերս Թուրքիայի խորհրդարանում էլ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ ասել էր, որ «Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»՝ շեշտելով. «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։
Երևան-Բաքու հարաբերությունները նույնիսկ քննարկվեցին Թուրքիայի Անվտանգության խորհրդի վերջին նիստի ընթացքում։
Սակայն մինչ Թուրքիան խոսում է խաղաղության հաստատմանը հասնելու եզրափակիչ փուլի մասին, Բաքուն շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել ամենօրյա ռեժիմով։ Ինչպես հայտնի է, այդ հիմնական պահանջներն են՝ ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի փոփոխությունը, ՀՀ տարածքից ԵՄ դիտորդների դուրսբերումը, ՀՀ երկխոսությունը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» արհեստածին համայնքի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ բացի Հաջիևի այցից Անկարա, ադրբեջանական կողմն ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների հետ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը պրոակտիվ դիվանագիտություն է վարում, որը ենթադրում է հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակն անմիջապես «շոշափելու» և նոր դիրքավորման անհրաժեշտություն։ Ըստ նրա, բնականաբար, ցանկացած իրավիճակ Ադրբեջանը կցանկանա հարմարեցնել սեփական շահերին։
«Իսկ այն, ինչ սկսվել է Սիրիայում, կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ նաև Թուրքիայի համար, ում շահերից էր բխում Ասադի տապալումը։ Սակայն շատերը համոզվեցին, որ գուցե Ասադի անկմամբ ոչ թե ինչ-որ բան ավարտվում է, այլ սկսվում է, և գուցե սա դառնա ներսիրիական լրջագույն, երկար խմորումների սկիզբ՝ տարատեսակ հետևանքներով Իրանի, Իրաքի կամ Թուրքիայի համար»,- ասաց վերլուծաբանը։
Ցանկացած հետևանք Թուրքիայի համար, ըստ փորձագետի, անմիջականորեն առնչվում է նաև Ադրբեջանին ու Ադրբեջանի ռազմավարական շահերին Անդրկովկասում։
«Առանց Թուրքիայի աջակցության՝ Ադրբեջանը որևէ լուրջ գործընթաց չի կարող անել, ուստի Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց շատ կարևոր է։
Բացի այդ, եվրոպական ռեգիոնում առանցքային դերակատար Մեծ Բրիտանիան, որն Ադրբեջանի համար կարևոր գործընկեր է, հայտարարել է Մերձավոր Արևելքում իր դերակատարությունն ավելացնելու ցանկության մասին։ Բրիտանիան էական ազդեցություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ նրանց ազդեցության ռեգիոններում։
ԱՄՆ Պետքարտուղարը այցելեց Անկարա և Բաղդադ, այսինքն՝ տեսնում ենք, որ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, շփումներ, վերադիրքավորումներ, ինչը ենթադրելի էր։ Դա անում է նաև Ադրբեջանը՝ ելնելով իր հարավկովկասյան առաջնահերթություններից և Երևանի հետ դիմակայության կոնտեքստից։ Ինչո՞ւ դիմակայություն, քանի որ այն շարունակվում է, և խաղաղության գործընթացից կողմերը հեռացած են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Արեշևի կարծիքով, ներկայումս Երևան-Բաքու գործընթացում նկատելի է վտանգավոր դադար, որն ուղեկցվում է մեղադրանքներով ու տարաձայնություններով։
«Ըստ էության, չկար որևէ խոչընդոտ, որպեսզի կողմերը հանդիպեն, շարունակեն բանակցությունները, սակայն դա տեղի չի ունենում, այլ կան մեղադրանքներ, պահանջներ առավելապես ադրբեջանական կողմից, չկա համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու քաղաքական կամք։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելին ստանալ այս գործընթացից, ուստի անընդհատ տարատեսակ պահանջներ են շրջանառվում կամ արվում են հայտարարություններ, որոնք չեն տեղավորվում տրամաբանական գործընթացի շրջանակում։ Այս ամենի էական պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը ստեղծվել է ՀՀ արտաքին քաղաքական հարաբերություններում, այն անկայունությունն է, որը կա ՀՀ-ի շուրջ արտաքին առումով, վստահելի գործընկերների բացակայությունը մի իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարությունը հրաժարվել է ՌԴ-ի դաշնակցային ակտիվ հարաբերություններից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից»,- ասաց Արեշևը։