Ինչո՞ւ մերժվեցին ու տապալվեցին Բայդենի Երևան-Բաքու նախաձեռնությունները
Ադրբեջանում արդեն տևական ժամանակ է՝ ավարտվել է ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային գագաթնաժողովը, սակայն Բաքուն կարծես չի շտապում բանակցել հատկապես ամերիկյան միջնորդությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։
APA-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի մասին։
Դիվանագիտական աղբյուրներն APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։
«Բլինքենը պնդել է միջնորդել հանդիպմանը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր էր ԱՄՆ-ին վերաինտեգրել խաղաղության գործընթացին։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու՝ Բլինքենի առաջարկը»,- ասված էր հրապարակման մեջ, որում որպես պատճառ՝ նշվում է այն, որ իբրև թե Բայդենի վարչակազմն Ադրբեջանի նկատմամբ անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում։
«Հետևաբար, Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին և դա նպատակահարմար չի համարում»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։
Այս հանդիպումը չի կայացել Ադրբեջանի կողմից ԱՄՆ միջնորդությունը չընդունելու պատճառով»,- գրել է լրատվամիջոցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը լրատվամիջոցներին մեկին հայտնել էր, որ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում։ Սակայն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը:
Հոկտեմբերի վերջին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի միջոցով նամակներ փոխանցեց Փաշինյանին ու Ալիևին՝ ըստ էության նրանց հրավիրելով վերջնականացնել խաղաղության համաձայնագրի բանակցությունները և ստորագրել այն ԱՄՆ հովանու ներքո։
Սա ԱՄՆ նախագահի կողմից եզակի նախաձեռնություն էր, որը ևս կրկին ադրբեջանական կողմի պատճառով որևէ շարունակություն չստացավ։ Բայդենը շեշտել էր՝ խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն:
«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:
Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- ասված էր Միացյալ Նահանգների նախագահի նամակում:
Ըստ էության, սա արդեն երկրորդ հրապարակային դարձած նախաձեռնությունն է, որը մերժում է ադրբեջանական կողմը։ Բացի այս, Ադրբեջանի նախագահը հաճախակի է քննադատում Արևմուտքին, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը, որին սիմվոլիկ միանալու համար Լեհաստանի նախագահի քայլը Երասխում արժանացավ դիվանագիտական նոտայի Ադրբեջանի կողմից։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Ադրբեջանն Անդրկովկասում բավականին համարձակ ռեգիոնալ արշավ է սկսել Արևմուտքի դեմ։
Ըստ նրա, Ադրբեջանը չունի կախվածություն Արևմուտքից, ավելին՝ հասկանում է, որ ռեգիոնում Ադրբեջանն առանցքային երկիր է Արևմուտքի համար, ուստի կա որոշում՝ ազդել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության ու ակտիվության վրա, նման քայլերով նվազեցնելով ազդեցությունը, ակտիվությունը, ներկայացվածությունը։
«Որևէ զարմանալի բան չկա նրանում, որ Ադրբեջանը մերժել է, քանի որ սա նրա վերջին ամիսների քաղաքականությունն է։ Ասեմ ավելին՝ վստահ չեմ, թե, օրինակ, Մոսկվայում կշարունակվեն բանակցությունները, որոնց դեմ է Երևանը, ինչպես նաև ոգևորված չէ Ադրբեջանը, որի համար ամենանախընտրելին բանակցություններն են ուղիղ ձևաչափով՝ առանց միջնորդների։ Թեև տեսանք նաև, որ վերջերս Ադրբեջանը կողմ էր հանդիպել Մոսկվայում, Երևանը չցանկացավ, սակայն հանդիպում տեղի ունեցավ ԲՐԻԿՍ շրջանակում Կազանում։ Այսինքն՝ Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, ավելի նախընտրելի է ռուսական տարբերակը»,- ասաց Տարասովը։
Նրա խոսքով, առաջիկա ամիսներին ԱՄՆ-ից նոր նախաձեռնություններ հաստատ չեն լինի։ «Դեռ չգիտենք նաև, թե Թրամփի վարչակազմն ինչ կերպ կսկսի զբաղվել այս հակամարտությամբ, և արդյոք կլինե՞ն նման նախաձեռնություններ։ Չի բացառվում, որ չլինեն։ Սա, իհարկե, Մոսկվայի համար հնարավորություն է՝ աշխատել կողմերի հետ, հաստատվել՝ որպես միջնորդ, այդ ուղղությամբ կա աշխատանք, սակայն անշտապ է, իսկ այդ ամենի կենտրոնում նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն են»,- նկատեց վերլուծաբանը։
Տարասովի խոսքով, Երևան-Բաքու գործընթացին անորոշություն են հաղորդում՝ ինչպես ներկայումս Մերձավոր Արևելքում սկսված նոր «խաղը» Հալեպում, այնպես էլ՝ Սպիտակ տանը սպասվող ղեկավարի փոփոխությունը»,- նկատեց նա։
Վերլուծաբանի համար տարօրինակ է այն, որ Երևանն է համաձայնում բանակցել Բլինքենի միջնորդությամբ։
«Ուզում եմ հիշեցնել, որ Բլինքենի միջնորդությամբ կայացած որևէ նախարարական հանդիպում, բացի շփումից, ոչինչ չի նշանակել, բովանդակային առաջընթաց չի արձանագրվել, դրանք եղել են տապալված նախաձեռնություններ։ Եվ այդ ամենից տուժել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը, որն ակնկալիքներ է ունեցել և ունի Արևմուտքից։ Կարծում եմ՝ Բայդենի վարչակազմը հայ-ադրբեջանական նոր նախաձեռնության համար այլևս ժամանակ չունի, ըստ էության, կարելի է ասել, որ այդ վարչակազմը փորձեց ջանքեր ներդնել, հասնել համաձայնագրի ստորագրման, սակայն, մեծ հաշվով, տապալվեց։ Եթե փորձենք վերլուծել հետպատերազմյան ողջ շրջանը, ապա մինչ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի միջնորդությունը ևս ԱՄՆ-ը որոշ փորձեր արեց, սակայն ադրբեջանա-ամերիկյան լարվածություն բռնկվեց, որով այդ նախաձեռնությունն ավարտվեց, և ԱՄՆ-ը իր դերը հանձնեց ԵՄ-ին։
Ինչպես նաև այս վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն փորձեց ուղիղ զբաղվել, նախաձեռնեց նախարարական մի շարք հանդիպումներ, դրանք կայացան, սակայն ապարդյուն, իսկ վերջին նախաձեռնություններն ընդհանրապես մերժվեցին։ Սա հենց բազմաբևեռ աշխարհի հետևանքն է։ Ռեգիոնում ԱՄՆ նման բարձրաստիճան նախաձեռնություններ չեն եղել, նախկինում կարելի էր ասել, որ նման միջնորդության դեպքում կողմերը գուցեև միանգամից համաձայնության գային, սակայն ներկայումս նման ներկայացուցչական միջնորդությունը մերժվում է մի քանի անգամ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ հեգեմոնիան այլևս նախկին ուժն ու ազդեցությունը չունի։ Աշխարհակարգն արդեն իսկ փոխված է, ուժային կենտրոնների հարաբերակցությունը փոխված է»,- նկատեց Տարասովը։