Պետք է տնից դուրս չգանք, մեռնենք՝ պրծնենք․ սրանք էդ են ուզում․ թանկացրիր, որ ի՞նչ․ ՀԱՐՑՈՒՄ

Քաջարի հեղափոխական Տիգրան Ավինյանը, իր քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանգույն, տարբեր ոլորտներում հեղափոխական տենդոտ գործունեությունը տապալելուց հետո, անցավ մայրաքաղաք Երևանին։

Տիգրան Ավինյանի՝ բարեփոխումների մասին հայտարարությունները հասան նաև հանրային տրանսպորտին․ ավելի ուշ քաղաքացիները հասկացան, որ բարեփոխումը հենց իրենց հաշվին է լինելու։

Քաղաքային իշխանությունները վստահեցնում են՝ ավարտին են մոտեցնելու միասնական տրանսպորտային ցանցի բարեփոխումը․ նրանք 90 րոպեանոց մեկանգամյա օգտագործման՝ 300-ից մինչև տարեկան 90.000 դրամ արժողությամբ փաթեթները թանկացում չեն համարում՝ հատկապես տրանսպորտից հաճախակի օգտվողների համար։

Ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ Տիգրան Ավինյանի ու նրա թիմի առաջարկած սակագների հիմքում չկան հստակ հաշվարկներ։

Կարդացեք նաև

Հունվարին 1-ից թանկացող հանրային տրանսպորտի ու անզիջում քաղաքային իշխանության միջև հազարավոր մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը չգիտի, թե իր ստացած ցածր եկամուտներով ինչպե՞ս է դիմակայելու թանկացման նոր ալիքին։

«Ի՞նչ է նշանակում բարեփոխում, կարո՞ղ եք ինձ ասել․ ենթադրենք՝ շարժակազմը թարմացնում են, բայց եթե ծռված կանգնում ու դուրս եմ գալիս տրանսպորտից, ինձ հետաքրքրո՞ւմ է՝ այդ տրանսպորտը հի՞ն է, թե՞ նոր է,- 168am-ի հետ զրույցում նշեց մեր քաղաքացիներից մեկը, ապա անդրադառնալով, առհասարակ, քաղաքային իշխանությունների պնդումներին, թե բարեկարգում են քաղաքը, շեշտեց,- Ես բնիկ երևանցի եմ, որ տեսնում եմ փողոցներում այսքան մեքենաներ, ողբում եմ, ողբում․ էս ի՞նչ է կատարվում, այսպիսի բան չկար քաղաքում, անտերության է մատնվել»։

Մեզ հետ զրույցում անցորդները բարեփոխումներից խոսող իշխանություններին հիշեցրին ընդամենն օրեր առաջ քաղաքին պատուհասած տրանսպորտային կոլապսի մասին, երբ ավտոբուսների վարորդները բունտ էին անում՝ պահանջելով բարձր աշխատավարձ ու տարրական աշխատանքային պայմաններ։

«Ասում է՝ եթե մի հատ էլ գործադուլ լինի, կխնդրենք ժողովրդին՝ իրենց սեփական ավտոներով օգնեն․ չհասկացա, բա քե՞զ ինչ ենք դրել այստեղ, որ պետք է ավտոներին խնդրես՝ տեղափոխեն ժողովրդին,- քաղաքապետին հակադարձեց քաղաքացին, ապա անդրադառնալով տրանսպորտի սպասվող թանկացմանը՝ արձանագրեց,- Թանկացրիր, որ ի՞նչ․ ասենք՝ 50 տոկոս թանկացնեիք գոնե․ 300 եք սարքում, որ ի՞նչ․ թոշակառու եմ, թոշակս իսկի դեղերին չի հերիքում, ի՞նչ անեմ։ Հիմա էլ մտածում եմ, ասում եմ՝ լավ, ուրեմն էլ պետք է տնից դուրս չգամ։ Մեռնենք՝ պրծնենք․ սրանք էդ են ուզում»։

Մեր համաքաղաքացիներից մեկն էլ թեև չժխտեց հին մեքենաները նորով փոխարինելու քաղաքապետարանի գործունեությունը, սակայն պնդեց՝ դա փաստացի խնդիր չի լուծում․

«Ինչքան հերթերը կային, այդքան մնացել են, ինչքան խցանումները կային, այդքան՝ կա։ Տրանսպորտի գինը թանկանալու է, հետևաբար՝ ժամանակի ընթացքում ավելի ձեռնտու է դառնալու ձեռք բերել սեփական մեքենա, ինչը նշանակում է՝ տրանսպորտի խնդիրն ավելի է խորանալու, քան լուծվելու։

Այն, ինչ կատարվում է քաղաքային իշխանությունների կողմից, ոչ մի դրական փոփոխության չի բերելու։ Իրականում, ես արդյունավետ քայլեր չեմ տեսնում»։

«Կատաստրոֆա է»,- հակիրճ արձագանքեց մեկ ուրիշը։

168am-ը նաև տեսակետ լսեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանից, որը նախ ուշադրություն հրավիրեց տրանսպորտի համամասնության խնդրի վրա՝ նկատելով, որ էլեկտրատրանսպորտի տեսակարար կշիռը չի ավելանում, ինչն անընդունելի է․

«Մեզ մոտ էներգիան շատ է, ու ուրիշ երկրից բերել գազ, վառելիք ու օդն աղտոտել՝ չօգտագործելով էներգիան, սխալ է։

Այս բարեփոխումներն էլ, վերջին հաշվով, էապես թանկացնելու են մեր երթևեկությունը, ինչը մեր պայմաններում անընդունելի է, զեղչերի մասին խոսքերը համոզիչ չեն։

Բայց ամենավատը վարորդների վրա մեղքը բարդելն է, թե մեզնից փող էին վերցնում և տանում էին իրենց տուն։ Դա բացարձակ մանկական մակարդակի խաբեություն է ոչ մի վարորդ չի կարող այդ գումարը վերցնել ու տանել իր տուն։ Վաղուց ապացուցված է՝ յուրաքանչյուր անօրինական եկամուտ, որտեղ որ գոյանում է, լավագույն դեպքում 30 տոկոսն է մնում այդտեղ, մնացածը կուտակվում է այլ գրպաններում։ Հենց կառավարության, իշխանության գրպաններում է այդ փողը, և վարորդին մեղադրել, որ վարորդները շորթում էին, մեր ուշադրությունն այլ տեղ ուղղել է նշանակում»։

Հարցված քաղաքացիներ կային, որոնք թեև նշում էին, որ տեսնում են քաղաքում բարելավումներ ու անգամ գոհ էին տրանսպորտային բարեփոխումներից, սակայն պատրաստ չէին բարեփոխվող տրանսպորտի համար վճարել 100 դրամից ավելի։ Միակ գոհ քաղաքացին էլ հաշվարկ արեց․ «Եթե միայն գնալ-գալով 8800 դրամ է ամսական, ու անսահմանափակ․ ես դժգոհ չեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս