«Ռուսաստանի վիրավորական պահվածքը Փաշինյանի այլանդակ վարքի հետևանքն է». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների հող է նախապատրաստում, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ գրավի:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղ բանակցություններով հատկապես այն պարագայում, երբ ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Հայաստանի գոյությունը դադարեցնելու համար:
«Այն պարագայում, երբ Հայաստանն իր ձեռքով հրաժարվեց իր հիմնական փաստաթուղթ Անկախության հռչակագրից, չկա իրավական հիմք, որի վրա ստեղծվել է ՀՀ-ն, մենք կորցնում ենք մեր լեգիտիմությունը»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ Փաշինյանը հակառակն է ասում, նա արձագանքեց.
«Քանի որ Նիկոլ Փաշինյանի տգիտությունը հանրային փաստ է, եկեք՝ չհիմնվենք Փաշինյանի դատողությունների վրա: Մենք խոսում ենք՝ կիրթ իրավաբանների կարծիքի վրա հիմնվելով: Փաշինյանը կիսագրագետ լրագրող է և չի կարող դատել այն բաների մասին, ինչի համար մարդիկ տասնամյակներով կրթվել են: Փաշինյանը հասկանում է, որ պետք է ինչ-որ մի բան կերցնի իր ընտրազանգվածին, որ հիմք ունենա ՀՀ ոչնչացումը հասցնել իր տրամաբանական ավարտին: Սա փաստաթուղթ է, որի վրա իրավաբանորեն գոյություն ունի ՀՀ միջազգային միավորը, եթե դու այդ միջազգային միավորի տակից հանում ես հիմնարար թուղթը, ապա մնացած ամեն ինչը կորցնում է իր իրավաբանական ուժը»:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներսում Փաշինյանի համար խնդիրներ ստեղծողն ընդդիմությունն է. «Եթե փողոցներում դրոշակներով ոչ ոք չի քայլում, դա չի նշանակում՝ գործողություններ չեն արվում: Ամենակարևոր գործերն արվում են բեմի հետևում: Դա գիտի Փաշինյանը, դա գիտեն նրա մերձավորները, դա գիտենք մենք: Փողոց դուրս գալը, ցույցեր անելը գործողությունների վերջին կետն է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ակտիվությանը սոցիալական ցանցերում, Ադիբեկյանը նկատեց, որ եթե դա աներ Դոնալդ Թրամփը կամ Նորվեգիայի թագավորական ընտանիքը, հասկանալի կլիներ, որովհետև այդ երկրներում այդքան լուրջ ներքին խնդիրներ չկան. «Բայց երբ քո հասարակությունը կանգնած է սովի, պատերազմի, հայրենալքության շեմին, ցույց տալ քո տիկնոջ նոր զգեստները, «պրիչոսկաները», ձեր ընտանեկան երջանիկ պահերը, դա անբարոյականություն է: Դա հուշում է այն մասին, որ իրականում խնդիրներն այնքան շատ են, այնքան խորը և անլուծելի են, որ նա փորձում է այս մակերեսային նկարներով մարդկանց համոզել, որ ամեն ինչ լավ է»:
Անդրադառնալով Լեհաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի արձագանքին, Ադրբեջանի հարցերով փորձագետը հետևյալն ասաց. «Պատկերացրեք՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչ-որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ կամ որևէ երկրի նախագահ գնա սահման, Ալիևն իրեն թույլ տա կամ մտքով անցնի մատ թափ տալ, ասել՝ քեզ ով է թույլ տվել գաս սահմա՞ն: Ալիևը սահման չի ճանաչում, նրա համար դա իր տարածքն է, ինքն է որոշում՝ մեր կողմից սահմանին ով իրավունք ունի մոտենալ, ով՝ ոչ»:
ԵՄ դիտորդների դուրսբերման Ադրբեջանի պահանջը նա բացատրում է Ադրբեջանի՝ առանց ականատեսների պատերազմելու ցանկությամբ. «Ադրբեջանն ուզում է գործել առանց ականատեսների, անի՝ ինչ ուզում է, ասել՝ սահմանը գծած չէ, ինչքան ուզեմ՝ կխլեմ: Դրա համար էլ սահման չի գծում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, և այդկերպ է բացատրել Ադրբեջանի հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ի չմիջամտելը՝ բացառապես անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի հարձակմանը:
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունը կապված է ՀՀ իշխանությունների գործողությունների հետ.
«Երբ Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի հետ համագործակցելուց, շատ տգեղ, անգրագետ, ագրեսիվ ձևով Ռուսաստանին ցույց տվեց դուռը, Ռուսաստանը շատ արագ վերակազմավորվեց և հպման կետեր գտավ Ադրբեջանի հետ:
Ռուսաստանն այստեղ իր շահերը պաշտպանելու համար, և հիմա, եթե դու ինձ հետ չես համագործակցում, որ մենք միասին պաշտպանենք մեր շահերը, ես կգտնեմ մեկ ուրիշին, ով այդ շահերը ինձ հետ կկիսի, և դա Ադրբեջանն է: Ռուսաստանի այս պահվածքը վատն է, վիրավորական է, դավաճանական է, Ռուսաստանը սխալ վարվեց՝ իր իսկ սեփական ստորագրությունների ներքո, սակայն, պետք է ֆիքսենք, որ սա Փաշինյանի քաղաքականության հետևանքն էր: Այնպես չէ, որ Պուտինը զարթնեց, ասաց՝ խռովել եմ, հիմա Ադրբեջանի հետ եմ ընկերություն անում. այդպես չի եղել, դա Փաշինյանի այլանդակ վարքի և քաղաքականության հետևանքն էր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում