3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի նոր կարգավիճակը պաշտոնի բարձրացում չէ. ինչ էր Արշակ Կարապետյանը ժամանակին զգուշացրել Ալեքսանդր Ցականյանին
Նոյեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել: Մասնավորապես՝
գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:
գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, որում նշանակվել էր 2023թ. փետրվարի 1-ին:
գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից, որում նշանակվել էր 2021թ. օգոստոսի 17-ին:
Այս նշանակումներից մամուլը հատկապես առանձնացրեց ՀՀ ԶՈՒ 3-րդ կորպուսի արդեն նախկին հրամանատար Ալեքսանդր Ցականյանի նոր պաշտոնը, որոշ դեպքերում այս նշանակումը մեկնաբանվեց՝ որպես պաշտոնի բարձրացում:
Իրականում այստեղ պաշտոնի բարձրացման և ծառայողական առաջխաղացման մասին խոսք չկա: Ալեքսանդր Ցականյանի նշանակման մասին ՀՀ նախագահի հրամանագրում հղում է արվում, մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին:
Վերոնշյալ օրենքի՝ պայմանագրային զինծառայողին հավասար զինվորական պաշտոնի նշանակելու մասին հոդված 37-ի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է՝
«պայմանագրային զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի ծառայողական անհրաժեշտությունից (այդ թվում` ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից) ելնելով»:
Այսինքն, դե յուրե գործ ունենք հավասարազոր պաշտոնի հետ, իսկ իրականում, ըստ էության, կորպուսի հրամանատարի պաշտոնն ինչ-որ առումով ավելի բարձր է, քանի որ ունի լուրջ լիազորություններ: Այլ հարց է, թե որքանով են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կորպուսի հրամանատարները գործի դնում իրենց լիազորությունները, և ոչինչ, որ իշխանությունները խոսում են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ՆԱՏՕ-օական սկզբունքի կիրառման, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորության մասին:
Այս համատեքստում հիշեցնենք, որ մի առիթով «Հայ զինվորի» հետ հարցազրույցում այն ժամանակ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը մի այսպիսի միտք էր արտահայտել.
«Հանրապետության հյուսիսարևելյան սահմանները հսկող զորամիավորումն ինքնուրույն միավոր է: Հարկ եղած դեպքում պետք է կարողանա գործել առանց օժանդակ ուժերի և միջոցների ներգրավվածության, համընթաց և ներդաշնակ»:
Հավելենք, որ 2-3 տարի առաջ ադրբեջանական caliber.az-ը ռեպորտաժ էր արել, որտեղ ասվում էր. «ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»:
Նշենք, որ Ալեքսանդր Ցականյանը, ով Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման, ըստ էության, ոչ իրավական և ապօրինի գործընթացի ֆոնին այս տարվա մայիսի 24-ին գեներալի կոչման էր արժանացել, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում փոխարինել էր գեներալ Գրիգորի Խաչատուրովին՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին:
Իսկ Գրիգորի Խաչատուրովին այդ պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատել էին 2021 թվականի հուլիսի 7-ին, իրականում Նիկոլ Փաշինյանը տավուշյան թեմաների համատեքստում որոշել էր գեներալի պայմանագիրը չերկարաձգել:
Հավելենք, որ Գրիգորի Խաչատուրովից առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն Օնիկ Գասպարյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2012 թվականի ապրիլի 11-ին և պաշտոնավարել մինչև 2016 թվականի հուլիսի 7-ը:
Ե՛վ Օնիկ Գասպարյանի, և՛ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանությանը հանձնված տարածքներում՝ Տավուշի հատվածում, հայկական կողմը դիրքային լուրջ բարելավումներ է ունեցել՝ մի զգալի մաս ՀՀ նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածում, բայց գործող իշխանությունների օրոք ևս Գրիգորի Խաչատուրովը համարձակ քայլերի գնացել է:
Իշխանական մամուլը գրել էր, որ ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
«Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,- գրել էր «Արմենպրեսը»:
Դեռ մայիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր. «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:
Այնուհետև նա շարունակել էր. «Գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:
Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է»:
Ի՞նչ է ստացվում՝ Ալեքսանդր Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում չի կարողացել պահպանել իրեն փոխանցված ժառանգությունը, և մասնակից է այն ամենին, ինչի մասին նկարագրվում է, իհարկե, ոչ միայն ինքը: Եվ հիմա, երբ արդեն Տավուշում օպերացիայի առաջին փուլն ավարտված է, Ցականյանին Փաշինյանը տեղափոխում է Երևան՝ կաբինետային աշխատանքի, բայց ոչ երբեք՝ ավելի բարձր պաշտոնի:
Ի դեպ, ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ զուտ պատահականություն, բայց Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց օրեր հետո՝ 2021 թվականի օգոստոսի 7-ին, այցելել էր 3-րդ բանակային կորպուս և հստակ զգուշացրել.
«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է: Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարներն ունեն բոլոր իրավունքները կիրառելու բոլոր միջոցները՝ մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Մենք չենք ուզում ոչ մի ուղղությամբ սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»:
Ինչպես արդեն նշեցինք, Ալեքսանդր Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսի 5-ին:
Վերադառնանք օրեր առաջ ՀՀ զինված ուժերում կատարված նշանակումներին և հավելենք, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում Սիմոն Նազարյանի և 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում Գագիկ Պողոսյանի նշանակումները եղել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նաև 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, ինչը նշանակում է, որ հենց այս նշանակումները եղել են ծառայության մեջ առաջխաղացման կարգով: Նրանք լավ սպաներ են, որոնց ևս բարդ ժամանակներ են սպասվում՝ հաշվի առնելով զորքի հետքաշման և սահմանազատման չավարտված գործընթացը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»:
168.am-ը գրել էր, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշվում է, որ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է հետևյալ հիմնավորմամբ.
«Վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»:
Մենք նկատել էինք, որ հրամանագրում նշված պատճառը կարող է ընդամենը հարմար պատրվակ հանդիսանալ գնդապետ Բադասյանի ազատման համար, կամ՝ իշխանությունները փորձում են կանխել տարբեր վարկածների և հարցադրումների առաջքաշումը, հատկապես, երբ Բադասյանը, ըստ էության, իշխանությունների հետ խնդիրներ չի ունեցել մինչ այդ պահը:
Ավելի ուշ 168.am-ը պարզել էր, որ Սասուն Բադասյանի ազատման իրական պատճառը կապված է ատեստավորման գործընթացի հետ. 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գնդապետը, այսպես ասած, «խախտում» է թույլ տվել, ինչը, չի ներել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում օրոք ներդրվել է ատեստավորման այս գործընթացը զինված ուժերում: Ավելի ուշ մեր այս տեղեկությունը հաստատել է նաև Գլխավոր դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, մեզ հայտնել էին.
«Ի պատասխան Ձեր՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի հարցման առաջին կետի՝ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը.- Մ.Պ.) 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը.- Մ.Պ.) 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը.-Մ.Պ.) Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ: Նախաքննությունը շարունակվում է»:
Մենք կշարունակենք հետևել այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Իսկ ՀՀ զինված ուժերում դեռ թափուր պաշտոններ կան: Սպասենք նոր նշանակումների, ինչո՞ւ չէ՝ նաև ազատումների՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և նրա ու կնոջ մերձակա շրջապատի՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը թիրախավորումները: