Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին. նա 44-օրյայի օրերին եղել է «Էռատո» ջոկատի «ինստրուկտորը»
Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»:
Իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշվում է, որ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է հետևյալ հիմնավորմամբ.
«Վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»:
Գնդապետ Սասուն Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 17-ին, այսինքն՝ նա նույնիսկ 2 տարի չմնաց այս պաշտոնին, իհարկե, այլ հարց է՝ որքանով էր համապատասխանում ի սկզբանե:
Ինչ վերաբերում է ազատման պատճառին, ապա այն կարող է ընդամենը հարմար պատրվակ հանդիսանալ, մյուս կողմից, հրամանագրում դրա մասին նշելով՝ իշխանությունները փորձում են կանխել տարբեր վարկածների և հարցադրումների առաջքաշումը, հատկապես, երբ Բադասյանը, ըստ էության, իշխանությունների հետ խնդիրներ չուներ:
168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Բադասյանը եղել է Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի, այսպես ասած, «ինստրուկտորը»։
2020-ի հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»:
«Էռատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն միայն նոյեմբերի 6-ին:
Իսկ երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիոն փաստաթուղթը, 2020-ի նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը գրառում էր արել, թե չի պատրաստվում լքել դիրքերը: Գրառմանը կից տեսանյութում «Էռատո» ջոկատն աղոթք էր անում:
Ի դեպ, բնավ, չենք ցանկացել և ցանկանում նսեմացնել Սասուն Բադասյանին և նրա անցած լավ թե վատ զինվորական ուղին, բայց սպան ինքն է կամա թե ակամա մասնակից դարձել Աննա Հակոբյանի բեմադրած շոուին, երբ պատերազմում ամոթալի պարտություն էինք կրել:
Ի դեպ, 2023-ին 5-րդ բանակային կորպուսի և Հատուկ բանակային կորպուսում էին արձանագրվել ոչ մարտական պայմաններում մահվան հիմնական դեպքերը:
Իսկ 5-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար դեռ չունի: