Չեվապչիչի՝ այվար սոուսով
Բաղադրիչները
- 1 կգ մսի խճողակ (տավարի, խոզի կամ ոչխարի, կարելի է նաև դրանց խառնուրդը)
- 2 մեծ գլուխ սոխ
- աղացած պապրիկա
- կծու կարմիր պղպեղի փշուրներ
- աղ, աղացած սև պղպեղ
- գազավորված ջուր
- ձիթապտղի ձեթ
Այվար սոուսի համար
- 6 միջին չափի շատ հասած լոլիկ
- 4 մսոտ, մեծ կարմիր տաքդեղ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 3 ճ/գ կիտրոնի հյութ
- ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խճողակը համեմեք աղով և պղպեղների 3 տեսակներով՝ պապրիկայով, կարմիր պղպեղի փշուրներով ու աղացած սև պղպեղով: Ավելացրեք 1 բաժակ գազավորված ջուրը: 10 րոպե լավ խառնեք: Արդյունքում խճողակը պետք է մի փոքր ջրիկ ստացվի:
Խճողակը լցրեք թասի մեջ, սեղմեք, որպեսզի օդը դուրս գա, վրան ձիթապտղի ձեթ քսեք: Թասն ամուր փակեք, 24 կամ 48 ժամով տեղադրեք սառնարանում:
Պատրաստեք այվար սոուսը: Լոլիկներն ու կարմիր տաքդեղները տեղադրեք ֆոլգայով պատված տապակի վրա, դրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Տաքդեղները տապակեք 10-15 րոպե, մինչև շագանակագույն երանգ ստանալը, իսկ լոլիկները՝ 20-30 րոպե, մինչև փափկեն:
Ջեռոցից հանելուց հետո տաքդեղները դրեք պոլիէթիլենային փաթեթների մեջ, թողեք 10 րոպե: Պատրաստի լոլիկները թողեք, թող հովանան: Տաքդեղներն ու լոլիկները մաքրեք կեղևից ու մանր կտրատեք:
Սոուսի համար նախատեսված սոխը մաքրեք, օղակաձև կտրատեք: Սխտորը մաքրեք ու ճզմեք: Թավայի մեջ մի փոքր ձեթ լցրեք, դրեք կրակին, ավելացրեք սոխն ու սխտորը, տապակեք, մինչև փափկելը՝ 5-7 րոպե: Ավելացրեք կտրտած լոլիկներն ու տաքդեղը, կիտրոնի հյութը, աղ ու պղպեղ արեք:
Սառնարանից հանեք խճողակը, մինչև պատրաստելը 30 րոպե թողեք դրսում: 2 մեծ գլուխ սոխը տախտակի վրա մանր կտրատեք, խճողակը լցրեք սոխի վրա, լավ խառնեք:
Ձեռքերը պարբերաբար տաք ջրի մեջ մտցնելով՝ խճողակից երշիկներ սարքեք՝ 7-8 սմ երկարությամբ և 2 սմ հաստությամբ, ցանկության դեպքում պատեք ձեթով: Չեվապչիչին տապակեք գրիլի կամ տաքացրած թավայի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Պատրաստի չեվապչիչին մատուցեք այվար սոուսի հետ: Չեվապչիչին կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Խորհուրդ: Չեվապչիչիի հետ սովորաբար կարտոֆիլ-ֆրի և կիտրոնի հյութով, ձիթապտղի ձեթով ու կարմիր պղպեղով համեմված մանր կտրտած սոխ են մատուցում: