Աննա Հակոբյանը ո՞ր մի գաղափարախոսության կողմնակիցն է՝ խաղաղարա՞ր, թե՞ միլիտարիզացված հասարակության
Օրեր առաջ համացանցում ուշադրությունս գրավեց մի տեսանյութ, որից պարզեցի, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում զինվորական ողջույնի կանոններին:
Տեսանյութի առաջին հատվածում տրված էր «Զգա՜ստ» հրամանը, ուստի պիտի լիներ նաև «Ազա՜տ»-ը (համենայնդեպս, միայն «Բարև Ձեզն» է լսվում): Ի դեպ, առաջին հատվածը օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ՊՆ N զորամաս այցից էր: (2:54րոպեից)
Տեսանյութի երկրորդ հատվածի դեպքում Նիկոլ Փաշինյանը պիտի արտաբերեր՝ «Պարոնայք սպանե´ր»:
«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» զինվորական ողջույնին վերաբերող հոդվածներից մեկը՝ հոդված 49-ը, սահմանում է.
«Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են «Զգա՜ստ» կամ «Ոտքի´: Զգա՜ստ» հրամաններով:
Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց:
Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվորական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե´ր» հրամանը:
«Զգա՜ստ», «Ոտքի´: Զգա՜ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած զինծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները, գլխարկ դրած դեպքում, դրանից բացի, ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս:
Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է «Ազա՜տ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ» դիրքը կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով»:
Նշենք, որ ըստ կանոնագիրք-օրենքի՝ զորամասերն ու ստորաբաժանումները հրամանով ողջունում են (հարգանք են մատուցում) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), շարքով տեղում կանգնած ժամանակ, զինվորական ողջույնն ուղեկցվում է նվագախմբերի կատարած քայլերգով և պետական օրհներգով:
Այս համատեքստում չանտեսելով վերջերս Աննա Հակոբյանին ԱԻՆ ծառայողի կողմից պատվի առնելու, և ինչպես ոմանք նշեցին նաև՝ զեկուցելու փաստին, նախ շեշտենք՝ վերը նշված կանոնագրքի դրույթները տարածվում են ՀՀ զինված ուժերի, այդ թվում նաև` ներքին զորքերի, սահմանապահ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և պետական մարմինների այլ զինծառայողների վրա:
Հավելենք, որ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» հոդված 62-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալների զորամաս ժամանման դեպքում զորամասի հրամանատարը դիմավորում, զեկույց է տալիս և ուղեկցում է այդ անձանց, իսկ հրավերով ժամանած Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակիցներին, զինված ուժերի վետերաններին, գիտության, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներին, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների և այլ պատվավոր անձանց զորամասի հրամանատարը դիմավորում է և ներկայանում առանց զեկույց տալու»:
Այսինքն՝ եթե Աննա Հակոբյանին զեկույց է տրվել, ապա դա միանշանակ անթույլատրելի է:
Նշված կոնտեքստում չենք անդրադառնա քաղաքացիական անձ Աննա Հակոբյանի զինվորական համազգեստ հագնել-չհագնելու կամ կրել-չկրելու խնդրին, սակայն չենք կարող անտեսել դրա նպատակը, կամ, այսպես ասած, շարժառիթը: Վերջերս հետևում էինք «Ազատությունով» Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան ասուլիսին և եկանք այն եզրահանգման, որ զինվորական համազգեստը նրա համար կերպարային ատրիբուտ է ընդամենը, մինչդեռ այն պետական խորհրդանիշ է և արյան գին ունի: Մասնավորապես, օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ «Ձեր զինվորական կերպարն ինչքանո՞վ ընկալվեց հասարակության կողմից, առաջիկայում պատրաստվո՞ւմ եք կրկին հանդես գալ զինվորականի կերպարով», ինչին Աննա Հակոբյանը պատասխանել էր.
«Առաջիկայում պատրաստվում եմ կրկին հանդես գալ զինվորական կերպարով: Քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել: Նախկինում, նախկին իշխանության օրոք եղել են պատգամավորներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր գտնվելով դիրքերում կամ որևէ միջոցառման՝ կապված Զինված ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինվորական համազգեստ: Շատ սովորական երևույթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինվորների համար ելույթ ունենալու, կրում են զինվորական համազգեստ, այնպես որ, դա այնքան էլ անսովոր երևույթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաև կրում է համապատասխան վայրում զինվորական համազգեստ»:
Ես ինքս էլ որպես երկար տարիների ռազմական լրագրող՝ կրել եմ զինվորական համազգեստ, կամ՝ այդօրինակ կտորից վերնահագուստ, իհարկե, միայն մարտական դիրքում, զորամասում, ինչն այնուհետ դադարեցի՝ անգամ մարտական դիրք, հենակետ այցելելիս, բայց դրանից «կերպարս» չտուժեց, իսկ դադարեցի, որովհետև «զինվորական կերպարները» մի տեսակ շատացան՝ հին իշխանություններից սկսած՝ մինչ գործողներ:
Տվյալ դեպքում երկրի ղեկավարի կինը չի կարող զինվորական համազգեստը կրել՝ զուտ որպես «պոդիումային զգեստ», կամ՝ կերպար կերտելու համար: Էլ չասենք, որ անգամ այս կոնտեքստում այն պիտի տեղին լինի, ոչ թե գյուղացիների տուն այցի ժամանակ, սուրճ դնելիս, խանութներում պտտվելիս: Գոնե՝ երբ դիրք ես բարձրանում:
Եվ հետո՝ մի՞թե Աննա Հակոբյանը չի գտել իր կերպարը՝ խաղաղասերի, խաղաղության քարոզչի: Գաղտնիք չէ, որ այս գաղափարախոսության կրողները միշտ դեմ են արտահայտվել կանանց, երեխաների զինվորական հագուստի, համազգեստի կրմանը՝ դիտելով այն միլիտարիզացման թաքնված քարոզ: Հիմա Աննա Հակոբյանը ո՞ր գաղափարախոսության կողմնակիցն է՝ խաղաղարա՞ր, թե՞ միլիտարիզացված հասարակության…