Թուրք դիտորդներ՝ Հայաստանում. կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը դրան կտա իր համաձայնությունը. Արման Աբովյան

Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Պատասխանելով «Ազատության» հարցին՝ այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ չհստակեցնելով նաև՝ պաշտոնական Երևանն արդյո՞ք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- ասել է  դեսպանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշար եթերում այդ առաքելության գործունեությունը զուտ հետախուզական համարող վերլուծաբան Արման Աբովյանը նախ կեղծիք համարեց հայկական կողմի այն պնդումը, թե ԵՄ դիտորդներն ապահովում են Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ որպես ասվածի ապացույց հիշեցնելով Երասխում չկառուցված գործարանը, ադրբեջանական կրակոցները՝ ԵՄ դիտորդների ներկայությամբ։

Կարդացեք նաև

«Սո՛ւտ է նաև այն պատճառով, որ նույն ԵՄ անդամ պետության տարածք Կիպրոսն օկուպացված է թուրքերի կողմից։ ԵՄ դիտորդներն անվտանգության երաշխավոր են, թե՝ թող գնան Կիպրոսի անվտանգության երաշխավորը դառնան, ազատեն թուրքական օկուպացիայից։ Հետևաբար՝ նրանց գործառույթը Հայաստանում ընդամենը հետախուզական բնույթ է կրում, ուստի պատահական չէ, որ Հայաստանում ԵՄ դիտորդները տեղակայվել են, օրինակ, Երասխում, որն ամենահարմար կետն է՝ Իրանի դեմ հետախուզական աշխատանք իրականացնելու համար։ Առհասարակ, ԵՄ դիտորդների տեղակայման թույլտվությունն այն գինն է, որը վճարել է Հայաստանի իշխանությունը՝ իրենց աջակցելու դիմաց։ ՀՀ իշխանությունը գին է վճարել, լրտեսներ բերել Հայաստան»,- ասաց Արման Աբովյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ դիտորդական առաքելության կազմում են նաև ՆԱՏՕ անդամ պետության կազմում հետախույզներ և նախկին զինվորականներ աշխատած մարդիկ։

Ըստ վերլուծաբանի՝ դիտորդական առաքելությունը Հայաստանի համար խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով այն բանակցությունները, որոնք ընթանում են։

Արման Աբովյանի համոզմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կազմում թուրքերի ներգրավվելու շուրջ։

«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը կհամաձայնի ԵՄ դիտորդների կազմում ներգրավել թուրքերի»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս