Քրիստինե Գրիգորյանն Արմեն Աբազյանից «խլում է» ԱԱԾ-ի գործառույթները

Արտաքին հետախուզական ծառայությունը շարունակում է Ազգային անվտանգության ծառայության գործառույթների «յուրացումը»։

Այն, ինչ տասնամյակներ շարունակ կատարել է Ազգային անվտանգության ծառայությունը, հիմա ցանկանում է կատարել Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզական ծառայությունը, որը, ի դեպ, շարունակում է մնալ առանց կադրերի։

Նշենք, որ 2024 թվականի բյուջեով Արտաքին հետախուզական ծառայության աշխատողների աշխատավարձի և պարգևավճարի համար հատկացված գումարները մի մասը ծախսել են Արտաքին հետախուզական ծառայության շենք-շինության նորոգման համար, քանի որ չկա աշխատող, որ աշխատավարձ ստանա, իսկ մյուս մասը հետ են ուղարկել Կառավարության պահուստային ֆոնդ։

Չնայած թափուր հաստիքների առկայությանը կամ մասնագետների պակասին՝ Արտաքին հետախուզական ծառայությանը, միևնույն է՝ շարունակում են տրվել նոր գործառույթներ։

Կարդացեք նաև

Հերթականը վերաբերում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ըստ որի՝ Արտաքին հետախուզական ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունն այսուհետ տրվելու է Արտաքին հետախուզության ծառայության կողմից։

Ուշագրավ է այն, որ պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու համար նախապես անցկացվող ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) ևս իրականացնելու է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ ընդամենը համագործակցելով լիազոր մարմնի՝ ԱԱԾ-ի հետ։

Այսինքն՝ և՛ թույլտվությունն է տալու Արտաքին հետախուզական ծառայությունը, և՛ թույլտվություն տալու համար անհրաժեշտ ստուգողական միջոցառումն է իրականացնելու։

Մինչև այս օրենսդրական փոփոխությունը, այդ գործն արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ հիմա ԱԱԾ-ն դառնում է ընդամենը Արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցող, բայց որոշում կայացնելու իրավունք չունեցող մի մարմին։

Ազգային անվտանգության ծառայության անելիքը Քրիստինե Գրիգորյանի առաջարկած օրենսդրական այս փոփոխությամբ դառնում է անհասկանալի, որովհետև երբ պետական գաղտնիքին հասանելի դառնալու վերաբերյալ վերջնական թույլտվությունը տալիս է Արտաքին հետախուզության ծառայությունը, պարզ չէ, թե Արտաքին հետախուզական ծառայություն-Ազգային անվտանգության ծառայություն շրջանակում ի՞նչ է ակնկալվելու Ազգային անվտանգության ծառայությունից՝ օրենսդրական մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս