Գործակալական ի՞նչ ցանցի և ֆինանսական հետախուզության մասին է ակնարկում Ադրբեջանը

Հունվարի 23-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել էր իր առաջին հրապարակային զեկույցըորը Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։

Իր առաջին զեկույցում Արտաքին հետախուզական ծառայությունը բավականին մեծ տեղ է հատկացրել տեղեկատվական ռիսկերին և հիբրիդային ճնշմանը:

«Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են:

Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել՝ որպես միջազգային ապակառուցողական դերակատար։

Կարդացեք նաև

…Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող, այսպես կոչված, վերլուծական 11 կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից»,- նշվում է զեկույցում:

Հետաքրքիր է՝ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած «կանտորան» հետևո՞ւմ է թշնամական պետության կամ Նիկոլ Փաշինյանի կառուցողական Ադրբեջանի քարոզչամեքենայի գեներացնող թեզերին, եթե անգամ դրանք նաև կեսկատակ-կեսլուրջ են լինում, բայց դրանք հիբրիդային-տեղեկատվական պատերազմի մաս են կազմում:

Օրինակ, երեկ ադրբեջանական caliber.az-ը՝ հղում անելով Intelligenceonline.frին, գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած գերատեսչությունը փորձում են հաղթահարել պաշտոնական Երևանի թույլ կողմերը, որոնք արտահայտվել են օկուպացված Արցախում տեղի ունեցած պատերազմում, մարտական գործողությունների ժամանակ, այսինքն, Հայաստանը նոր ինովացիաներ է ներդնում տարբեր ուղղություններում, որպեսզի կարողանա կանխատեսել, դիմակայել անօդաչու թռչող սարքերի հաջորդ պատերազմին (էլեկտրոնային պատերազմ, անօդաչու թռչող սարքեր, ծրագրային ապահովում): Եթե այդպես է, սա կարող է միայն ուրախացնել:

Բայց այս տեղեկությունը, որն ադրբեջանական լրատվամիջոցը համարում է չափազանց հետաքրքիր՝ նշելով, որ ոչ մի դեպքում այն չպետք է անտեսել, ՀՀ իշխանությունները պետք է կարողանան պաշտպանել դրանք, վերացնել դրանց իրականացման արտաքին խոչընդոտները:

Իսկ այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԵՄ-ն պատրաստվում է ևս 10 մլն եվրոյի օժանդակություն տրամադրել Հայաստանին Խաղաղության հիմնադրամից:

Ու այստեղից հանկարծ caliber.az-ը սահուն անցում է կատարում Դալեսին և նրա «հետախուզա-գործակալական» սկզբունքներին, թե «ԱՄՆ-ը պետք է ունենա ոչ մեծ քանակի գործակալներ, բայց որոնք պիտի մաքսիմալ ծանոթություններ և կապեր ունենան», և որ, ըստ նրա, «5-6 հոգին բավարար է, որ իմանաս՝ ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, բայց մնացած ագենտուրան պետք է  կարողանա «ծածկել» նրանց, ուշադրություն շեղել»:

«Հիմա պրոյեկտեք դա ոչ մեծ Հայաստանի և նրանց հովանավորների, այսպես ասած, անհարթ ու ոչ համաչափ շարքի վրա…»,- գրում է caliber.az-ի՝ Неудобная правда» շարքի վերլուծաբան Սամիթ Ալիևը՝ զգուշացնելով, թե ուշադրությամբ հետևում են Հայաստանի շարժերին.

«Մի փոքր գաղտնիք բացեմ. ֆինանսական հետախուզությունը ոչ պակաս, և որոշ դեպքերում՝ առավել կարևոր է, քան գործակալական գործունեությունը, կամ՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ հետախուզությունը»,- ամփոփում է Սամիթ Ալիևը:

Արդյոք այստեղ ակնարկ կա՞, հատկապես, երբ համընդհանուր հայտարարագրման համատեքստում մասնագետները պարբերաբար ահազանգում են բանկային գաղտնիքի հետ կապված ռիսկերին, և, մասնավորապես, խորհրդատվական ընկերությունների կողմից նման տեղեկատվությանը հասանելիություն ստանալուց:

«Այսինքն, խորհրդատվական ընկերությունը հասանելիություն է ստանում ձեր բանկային քաղվածքին, և որևէ մեկը չի կարող ասել՝ այդ տեղեկությունը որտեղ կարող է օգտագործվել` Հայաստանո՞ւմ, թե՞ ՀՀ սահմաններից դուրս, կամ` թշնամական երկրներո՞ւմ, թե՞ ինչ կարգի երկրներում»,- քննարկումներից մեկի ժամանակ նշել էր «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:

Իսկ պետության ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները և շարժերը, հատկապես՝ անվտանգությանն առչնվող, արդեն պետական մակարդակով պետք է կարողանալ պահել:

Եթե Ադրբեջանը չափազանցնում է այս առումով, ապա այս ամենն առնվազն պետք է ընկալել որպես տեղեկատվական և հոգեբանական պատերազմ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, և այս առումով հաստատ անելիք ունի Քրիստինե Գրիգորյանի «կանտորան»՝ ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը:

Իսկ ադրբեջանական հնարավոր սադրանքի համար լեգիտիմ հիմքեր ստեղծելու քարոզչական այլ քայլեր ևս շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս