Քյասիբի ռադիոյից՝ հարուստի DJ․ անդրավարտիքը հանելու ժամանակը

«Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներում ելույթ ունենում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում գնում եմ»,- կառավարության վերջին նիստում դիմելով իր ենթականերին՝ հայտարարել է տակավին վերջերս մորուքազերծված Նիկոլ Փաշինյանը:

Մորուքի վերացումն ու «քյասիբի ռադիոյի» հիշատակումը, ըստ ամենայնի, պատահական չեն և տեղավորվում են Փաշինյանի առաջիկա քաղաքական ծրագրերում։

Բանն այն է, որ դեպի իշխանություն նրա ճանապարհը սկսվել է անմորուս կերպարանքով, մազածածկույթը հայտնվել է միայն իշխանափոխության վերջին արարում։

Կարդացեք նաև

Ահա այդ՝ մորուսազերծ ժամանակներում Փաշինյանը հանդես է եկել հենց «քյասիբի ռադիոյի» կարգավիճակում՝ բառի ուղիղ և այլաբանական իմաստներով։

Ընդդիմադիր պատգամավորի դերում նրա գործունեությունն ամբողջությամբ կառուցված էր «աղքատների անխոնջ պաշտպանի» էժանագին դերի վրա․ խոսում էր թալանի մասին, պայքարում էր թանկացումների դեմ, կոռուպցիայի բացահայտման համար խորհրդարանում կոկորդ, տեսախցիկների վերացման համար՝ փողոցներում անդրավարտիք էր պատռում։

Մի խոսքով, հանդես էր գալիս՝ որպես շարքային պոպուլիստ, որի հիմնական լսարանն ու թիրախը հենց սոցիալապես անապահով խավն է՝ քյասիբները՝ իր իսկ ասույթի հանգույն։

Այսինքն՝ մինչև 2018 թ․ Նիկոլ Փաշինյանը գործում էր ճիշտ որպես «քյասիբի ռադիո» այնքան ժամանակ, մինչև նաև դրա շնորհիվ հասավ իշխանության։

Ժամանակի հետ նրա դերը վերափոխվեց, և անտեսանելիորեն Փաշինյանը «քյասիբի ռադիոյից» վերածվեց «հարուստի դիջեյի»՝ ոչ միայն նախկինից իրեն ժառանգություն մնացած հարուստներին մոդերացիա անելու, այլ նաև սեփական թիմի նախկին քյասիբների արագ հարստացման բերումով։

Անցյալի անիծյալ օլիգարխները դարձան «խոշոր գործարարներ», գործող արագաչափերը ներքնազգեստով ծածկելու փոխարեն, իշխանությունը հանրապետության ողջ տարածքը ծածկեց նոր արագաչափերով, կոռուպցիան փոխարինվեց պարգևավճարներով ու մեկ անձից գնումներով, ընդերքը «հարստահարող նախկին թալանչիները» սկսեցին բաժնետոմսեր նվիրել կառավարությանը, և այդպես շարունակ։

Ժամանակի հետ փաշինյանական «քյասիբի ռադիոն» խլացավ ոչ թե բոլոր քյասիբների վիճակի բարելավման, այլ իր հետ փոխկապակցված քյասիբների հարստացման արդյունքում։

Բայց առջևում արտահերթ կամ հերթական ընտրություններ են, և իրական քյասիբների ձայնն էլի անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին։

Իսկ այդ ձայնը նրանց ընկալման ու ենթագիտակցության մեջ ասոցացվում է ոչ թե մորուքավոր, այլ անմորուս Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը կարող է վկայել, որ սափրումն անուղղակի վերադարձ է դեպի ընչաքաղցների խլացված ականջ։ Քաղաքական տեխնոլոգիայի առումով դա գուցե արդարացված է, և հնարավոր է՝ Փաշինյանը որոշել է վերադառնալ նախկին կարգավիճակին՝ ևս մեկ անգամ պոպուլիզմով իշխանությունը վերարտադրելու ու կրկին «հարուստի դիջեյ» դառնալու հույսով։

Տեխնիկապես դա ևս կարող է ստացվել։ Բայց բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ «քյասիբի ռադիո», որովհետև նրա հենարանը կազմված է հարուստ, բայց անհույս քյասիբներից, որոնք աղքատ են մտքի, գաղափարի, արժեքների ու սրբությունների առումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս