Թղթի վրա իրե՛նք են, որ չգիտեն՝ ինչ է նշանակում զորավարժություն. Սեյրան Օհանյան

Ապրիլի 14-ին «Ազատության» հետ զրույցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել էր, որ իրենց իշխանության օրոք ՀՀ զինված ուժերը պատրաստ չեն լուրջ զորավարժությունների անցկացմանը:

«Իհարկե, զորավարժությունները շատ կարևոր են: Բայց զորավարժություններին պատրաստվելն ավելի կարևոր է, քան ինքնանպատակ անել զորավարժություն, երբ որ դու դեռ պատրաստ չես: Զորավարժություն կանենք այն ժամանակ, երբ զորքերի առջև դրված խնդիրները կլինեն լուծված, երբ նոր տեխնիկան հնարավորություն կունենանք զորքերում կիրառելու»,- նշել է իշխանական պատգամավորը՝ չմոռանալով նախկին իշխանություններին՝ «իրենց ժամանակվա զորավարժությունները տեսել ենք, թղթի վրա շատ հաճելի է կարդալ՝ անցկացրեցին, էսքան մարդ մասնակցեց, տեխնիկա, բայց դրա հիմնական փորձարկումները ստուգվում են ռազմական գործողությունների ընթացքում»:

«Եթե մենք ունեցել ենք խնդիրներ, ուրեմն՝ զորավարժություններն իրենց առջև դրված խնդիրները չեն լուծել»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Իհարկե, կոնկրետ դեպքում իմաստ չունի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահին նորից մանրամասն բացատրել՝ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում, հատկապես, երբ այլ առիթներով գրել ենք և դեռ առիթներ կլինեն:

Կարդացեք նաև

Նախկին իշխանությունների օրոք կազմակերպված զորավարժություններին՝ հարձակողական դրվագների խաղարկմամբ, այդ թվում՝ Արցախում, ևս անդրադարձել ենք։

Այս անգամ անվտանգության, բանակի առջև դրված խնդիրների, զորավարժությունների կարևորության, նախկին իշխանությունների օրոք լայնածավալ զորավարժությունների՝ թղթի վրա լինել-չլինելու շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

– Մարտավարական կամ հրամանատարաշտաբային զորավարժությունները ՀՀ զինված ուժերի ուսուցման գագաթնակետն են հանդիսանում: Օրինակ, մարտավարական զորավարժությունների ընթացքում կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունն ու անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունները և այլն:

Իսկ հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակը՝ բարձրացնել զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:

Այսինքն, փորձ է արվում ժամանակակից համազորային օպերացիաներին և մարտերին մոտ պայմաններում կատարելագործել հրամանատարների, շտաբների գիտելիքները և ունակություննունները: Զորավարժությունները, ընդհանուր առմամբ, նպատակ ունեն ստուգել, թե ինչպես է զորքը պատրաստվել կամ նախապատրաստվել ժամանակակից մարտական գործողություններին: Նախկինում զորավարժությունների մի մասը՝ մոտ 30 տոկոսը, անցկացվում էր անմիջապես մարտական դիրքերի հատվածում, այսինքն, այն վայրերում, որտեղ անմիջապես կատարելու էին մարտական խնդիր: Եվ հնարավոր մարտական գործողությունների բնույթից ելնելով էր որոշվում՝ ի՞նչ տիպի զորավարժություններ պիտի անցկացվեն և ո՞ր ստորաբաժանումների մասնակցությամբ:

Չի լինում միայն պաշտպանություն՝ առանց հարձակման, կամ հարձակում՝ առանց պաշտպանության: Վաշտային մարտավարական զորավարժության ժամանակ արդեն պլանավորվում և իրականացվում է նվազագույնը երկու մարտական գործողությունների տեսակ, այսինքն՝ հարձակում և պաշտպանություն:

Այն, որ իրենք ասում են, թե երբևիցե չի եղել հարձակողական զորավարժություն, կամ թղթի վրա է եղել, ես կասեմ՝ թղթի վրա հիմա իրե՛նք են: Ոչ թե բանակը, այլ՝ իրենք են թղթի վրա, որովհետև իրենք է, որ չգիտեն՝ ինչ է նշանակում զորավարժություն: Զորավարժության մասին գնահատական պիտի տա մարդը, որն այդ գործի մասնագետն է:

– Գուցե այդ ոչ մասնագետներին բացատրե՞ք՝ ինչ ասել է պաշտպանություն, ինչ գործողություններ է այն ենթադրում իրականում, որ դրանցից կարող են լինել այնպիսիք, որ Նիկոլ Փաշինյանը համարի ոչ լեգիտիմ:

– Եթե խոսքը կոնկրետ պաշտպանության մասին է, այն կարող է լինել կայուն և ակտիվ: Կայունը նշանակում է՝ գործողություններ պետք է վարեն հենց պաշտպանական, այսպես ասած, կառչած լինեն հողին:

Ակտիվը նշանակում է՝ հենակետում, պաշտպանական շրջաններում ակտիվությունը պետք է արտահայտվի մանևրելով, շրջանաձև պաշտպանության անցնելով, զատիչ կամ հատիչ դիրքեր անցնելով, կամ՝ երկրորդ, երրորդ խրամատների վրա հենվելով հակագրոհային, հակահարվածային, հակահարձակողական գործողություններ իրականացնելով, որը կարող է վերածվել հարձակողական գործողության:

Հիմա զինված ուժերի առջև խնդիր է դրվում ռազմավարական մոտակա և ռազմավարական հետագա խնդիրներ, ինքնին այսօրվա իրադրությունը, ելնելով հակառակորդի տրամադրություններից, հռետորաբանությունից, զավթողական, ծավալապաշտական ծրագրերից ելնելով, հուշում է, որ զինված ուժերի կիրառման պլանի մեջ պետք է ներառվեն նաև հակահարձակողական գործողություններ, որ հակառակորդը հետ շպրտվի մեր տարածքներից՝ ապահովելով մեր տարածքային ամբողջականությունը:

Բայց եթե խոսքը Արցախի հնարավոր վերադարձի, ապագայի մասին է, այստեղ զորքերն ամեն ինչի պիտի պատրաստ լինեն: Իհարկե, այս փուլում մենք գտնում ենք, որ Արցախի ապագան պետք է կանխատեսվի միջազգային հարթակներում, միջազգային երաշխիքների ձևավորմամբ: Բայց, այնուամենայնիվ, բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական գործողության տեսակի:

– Ձեզ համար այսօր պա՞րզ է՝ բանակի առջև ինչ խնդիր է դրված:

– Ես խորությամբ բանակի առջև դրված խնդրին չեմ տիրապետում, բայց ելնելով նրանից, որ այսօր բանակը գտնվում է պաշտպանության մեջ, գտնում եմ, որ բանակի խնդիրների մեջ կա պաշտպանություն բայց կան նաև հակագրոհային, հակահարձակողական, կանխարգելիչ բնույթի գործողություններ:

– Այսինքն, գործող իշխանությունն անհրաժեշտության դեպքում թույլ կտա Ձեր նշած գործողությունների իրականացումը, չնայած ասում են՝ հակա-ով գործողություններ կարող են լինել:

– Եթե թույլ չտան, ռազմական տեսությունից հեռու մարդիկ կլինեն, կներեք այս բառի համար, հիմար պետք է լինեն, որ ԶՈւ կիրառման պլաններում չնախատեսեն մարտական գործողությունների բոլոր տեսակները՝ հակահարձակողական, հարձակողական…

– Այսօր կարծես թե իշխանությունները գործում են լավ թաքնվելու տրամաբանության մեջ, իսկ ամեն առիթի էլ իրենց օրոք կառուցվող ամրացված շրջանները համադրության մեջ են դնում նախկինների ժամանակ կառուցված դիրքերի հետ: Ըստ այդմ ՝ամրացված շրջանների դերակատարմանը կցանկանայի անդրադառնայիք, այդ թվում՝ մարտական հնարավոր գործողությունների համատեքստում:

– Ամրացված շրջանները գտնվում են խորքում, և դրանք, կարելի է ասել, առաջին մարտավարական խորության մեջ երկրորդ դիրքի դեր են կատարում: Իսկ երկրորդ դիրքն իր մեջ, պաշտպանությունից բացի, նաև ունի հակագրոհային գործողությունների խնդիր: Եվ մենք այսօր ամեն ինչ պիտի անենք, որ հենց առաջին գծում, որտեղ առաջին դիրքն է և իր մեջ ներառում է 3-4 խրամատ, այսինքն՝ մոտ 2.5 կմ խորություն, այդտեղ նաև մարտական գործողությունները լինեն կայուն և ակտիվ:

Իսկ ամրացված շրջաններում պաշտպանությունը, այսպես ասած, հենակետային է, կայուն է, բայց ակտիվ շարժունակություն այդտեղ չկա, ուստի պետք է լինեն նաև ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան մանևրելու, հակառակորդի հնարավոր մխրճումը մեր թիկունք հետ մղելու, նրանց կանգնեցնելու, ջախջախելու և հետ շպրտելու: Այսինքն, եթե միայն ամրացված շրջաններում պիտի լինի պաշտպանությունը, 1000 կմ մենք Ադրբեջանի հետ սահման ունենք, և եթե միջինը 3 կմ իրենք մխրճվեն, բավականին լուրջ տարածություն է դառնում:

– Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարևոր հատվածներից, այդ թվում՝ Տավուշի, զինված ուժերի զինծառայողներին փոխարինել սահմանապահներով, և այն էլ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահների անհամադրելի զինվածության պայմաններում:

– Նախ պիտի մեր և Ադրբեջանի սահմանապահների զինվածության մակարդակի հարաբերակցությունը նվազեցնել: Սահմանապահներով պաշտպանության են անցնում այն դեպքերում, տեղերում, որտեղ վերջնական սահմանագծում է իրականացվել, և կա հստակ պայմանավորվածություն, որ հակառակորդի կողմից հարձակում չի լինի: Այս պահին երևի այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս