«Պատկերացնո՞ւմ եք՝ հաշմանդամության սայլակով մարդը հայտնվի հերթերի մեջ, 100 դրամանոց չունենա». Արմեն Ալավերդյան
Տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանը փորձում է հիմնավորել, թե ինչու է հանրային տրանսպորտի արժեքը հունվարի 1-ից բարձրանալու։ Հիմնավորումներից գլխավորն այն է, որ հանրային տրանսպորտի վիճակը բարելավելու համար են ուղեվարձի արժեքը բարձրացնում։
Արդյո՞ք քաղաքային իշխանությունը հանրային տրանսպորտի վիճակը բարելավելիս հաշվի է առնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, արդյո՞ք նրանք այսօր կարողանում են օգտվել հանրային տրանսպորտից։
Խոսելով այս թեմայի շուրջ, «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը հիշեցրեց, որ 2015-2016 թվականներից սկսած՝ հաշմանդամահեն հասարակական կազմակերպություններից միակն է եղել Երևանի քաղաքապետարանի հանրային տրանսպորտի հանձնաժողովում, որտեղ եղել է նաև բրիտանացի փորձագետ։
«Այս ընթացքում մի քանի քաղաքապետեր են փոխվել, հեղափոխություն է եղել և այլն, բայց այդ հանձնաժողովը կայուն իր աշխատանքները շարունակել է։ Այդ հանձնաժողովում ես՝ չլինելով հանրային տրանսպորտի մասնագետ, միայն հորդորում էի, որ ձեռք բերվող հանրային տրանսպորտային բոլոր միջոցները՝ ավտոբուսներից մինչև տրոյլեբուս, պետք է 100 տոկոսով հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես՝ հաշմանդամության սայլակին հայտնված մարդկանց։ Այդ իմ հորդորը կատարեցին, հավանաբար նկատել եք, որ ձեռք բերված նոր ավտոբուսներում այդ հարմարությունը ստեղծված է, խոսքս միայն մայրաքաղաքի տրանսպորտի մասին է, հանձնաժողովը մայրաքաղաքին էր վերաբերում միայն։
Թեպետ, համակարգը համարվում է միասնական, տեսնում եք՝ տոմսային համակարգը միասնական են դրել, բայց, օրինակ, մետրոն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց, այս մասին խոսք չկա։
Մետրոյի հարցում, ցավոք, մենք որևէ բանի չէինք կարող հասնել, որովհետև մետրոյի հարցն անլուծելի է՝ նկատի ունեմ ֆինանսապես, քանի որ ահռելի գումար է պահանջվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակներ տեղադրվեն։ Չնայած ես այն կարծիքին եմ, որ տարբեր լուծումներ կան, հնարավոր է՝ այդ ամենն արվել է արտասահմանյան բոլոր երկրներում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Ալավերդյանը։
Շարունակելով միտքը, նա ասաց, որ քաղաքային իշխանությունը միասնական համակարգ ներդնելով ու մետրոն չներառելով ու չհարմարեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ դուրս է թողել այդ օղակին։
«Ունենք-չունենք, մետրոյի 9 կայարաններ ունենք, այսինքն՝ 90 կամ ավելի չէ, ինչպես մեգապոլիսներում, հետևաբար՝ հնարավոր է վերալակներ դնեն, այսինքն՝ եթե միասնական համակարգ է, թող միասնական լինի բոլորի համար, հաշմանդամություն ունեցող անձինք այդ համակարգից չպետք է դուրս մնան։
Բայց հիմա հանրային տրանսպորտն էլ խնդիր ունի՝ կապված այս մեծ հերթերի, 100 դրամանոցների հետ, պատկերացնո՞ւմ եք՝ հաշմանդամության սայլակով մարդը հայտնվի այդ հերթերի մեջ ու, օրինակ, 100 դրամանոց չունենա։ Միասնական համակարգը, իհարկե, լավ է, բայց այն պետք է լավ մշակվի ու հարմարեցվի բոլորին՝ բոլոր խավերին։
Այստեղ չպետք է մոռանանք ծեր մարդկանց մասին, ովքեր տերմինալներից չեն օգտվում, գործարքներից չեն հասկանում, չգիտեն՝ էլեկտրոնային տոմսեր ինչպես գնեն։ Արդյունքում ստացվում է, որ տոմսերը նրանց համար ամենաթանկն են լինելու, քանի որ ամեն անգամ պետք է տոմս գնեն, ոչ թե ամբողջ ամսվա կամ տարվա համար, որովհետև չունեն, օրինակ, սմարթֆոն կամ քարտ։ Այս ամենը պետք է հաշվի առնեին, չմոռանանք նաև չտեսնող մարդկանց մասին, արդյո՞ք ամեն ինչ մտածված է, որ, օրինակ, կույր մարդը կարողանա լիարժեք օգտվել տերմինալից, իր համար տոմս գնի ու այդ տոմսը երթուղում օգտագործի։
Կրկնում եմ՝ թող ներդնեն համակարգը, քանի որ աշխարհը զարգացող է ու գնում է դեպի տեխնոլոգիական դարաշրջան, բայց դրանով հանդերձ՝ պետք է մանրամասն քննարկեն ու լուծումներ գտնեն վերը թվարկված խնդիրների համար»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։