Սրանք վաղը հանձնելու են այս կամ այն մարզը, հետո ասեն՝ ադրբեջանցին է էդտեղ կանգնած, եկեք՝ այդ տարածքը թողնենք իրենց. Տիգրան Աբրահամյան
2025 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը նախատեսել է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 664,7 մլրդ դրամ, որը 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ՝ 110 մլրդ դրամով ավելի է։
Ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ իրենց համար կարևոր են բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները, և դրանք միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու ՀՀ 29.743 քկմ տարածքը։
168TV-ի «Ռեվյու հաղորդաշարի եթերում, խոսելով 2025 թվականին պաշտպանական ծախսերին ուղղվող միջոցների ծավալների մասին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն առաջարկեց թվերը դնել մի կողմ և խորքում դիտարկել բովանդակությունը, ինչն իրական կապ ունի բուն մարտական խնդիրների լուծման հետ։
«Մարդիկ առաջնորդվում են ոչ թե հայտարարություններով, այլ վերջին 6-7 տարվա ընթացքում այս իշխանության վարած քաղաքականության հետևանքներով։ Ինչպիսի՞ն են դրանք. այս իշխանության պաշտոնավարման տարիները եղել են Արցախի հանձնման, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի տարիներ։ Մյուս կողմից՝ թվերի մասին խոսելիս պետք է հիշել, որ բացարձակ թվերով անհամեմատելի են, օրինակ, 2017 և 2024 թվականներին Պաշտպանության նախարարությանն ուղղված միջոցների ծավալները, որովհետև եթե 2017 թվականին 1 արկը գնում էին, ենթադրենք, 1000 դոլարով, այժմ այդ գինն աճել է 10 անգամ։ Նույնը վերաբերում է նաև այլ ծախսերին՝ վառելիքի ձեռքբերում, ինժեներական աշխատանքներ և այլն, հետևաբար՝ ամեն տարի բյուջեի ավելացումը բնական գործընթաց է»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ական իշխանությանը հիշեցնելով Արցախի 44 օրյա պատերազմից հետո բանակի առաջ ծառացած խնդիրների՝ 4 տարի անց չլուծված մնալու հանգամանքները։
Ըստ Աբրահամյանի՝ հասարակությանն անընդհատ թվերով կերակրելու փոխարեն՝ իշխանությունը ճիշտ կանի՝ ասի, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցին հասել է Հայաստան և օկուպացրել Հայաստանից զգալի տարածքներ, և թե ինչո՞ւ իշխանությունը չունի քաղաքական կամք Ադրբեջանի նկրտումների դեմ պայքարելու համար։
«Ադրբեջանն էլ գիտի՝ ինչ անի՝ անպատիժ է մնալու, որովհետև Հայաստանի իշխանությունը միայն խոսելու է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ ՀՀ այս իշխանության նման որակի քաղաքականության հետևանքով հանձնումները հասնելու են Հայաստանի այլ մարզերին։
«Սրանք վաղը հանձնելու են այս կամ այն մարզը, հետո ասեն՝ դե, ադրբեջանցին է էդտեղ կանգնած, եկեք՝ այս տարածքը թողնենք իրենց։ Դելիմիտացիա ասվածի շրջանակում տեսեք, թե ինչպես գործընթացները սկսեցին այն հատվածերից, որն Ադրբեջանն ուղղակի պահանջեց, և ոչ թե այն տեղերից, որոնք ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանից»,- նշեց Աբրահամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։