Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումը թողել է վերջում. պատահական շա՞րք, թե՞ Կրեմլի ազդանշան Փաշինյանին
Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում, որտեղ այսօր տեղի ունեցան ՇՀԿ և ՇՀԿ+ գագաթնաժողովները, մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների հերթական փուլը: Ինչպես ավելի վաղ էր ազդարարվել, նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Փաշինյանի հետ։
Այսօր ՇՀԿ+ հարթակում ունեցած իր ելույթում Փաշինյանը ևս նշեց, որ հանդիպելու է ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությունը։
Նախօրեին Ղրղըզստանի մայրաքաղաք ժամանելուն պես ՌԴ նախագահն արդեն ունեցել էր մի շարք առանցքային բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Սեպտեմբերի 1-ը գագաթնաժողովի հիմնական օրն է. սկզբում տեղի ունեցավ ՇՀԿ խորհրդի նիստը, որին հաջորդեց «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպումը։ Հիմնական միջոցառումների ավարտից հետո ՌԴ ղեկավարը սկսում է երկկողմ բանակցությունների շարքը։ Վլադիմիր Պուտինն այսօր նախատեսել է վեց առանձնազրույց հետևյալ երկրների առաջնորդների հետ՝ Իրան, Տաջիկստան, Թուրքիա, Մոնղոլիա, Հայաստան, Ղրղըզստան։
Առաջինը կկայանա հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ընդգծել էր այս շփման կարևորությունը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակն ու Իրանի շուրջ ստեղծված միջավայրը։ Այնուհետև ՌԴ նախագահը կհանդիպի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ապա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Առանձին զրույց է նախատեսված նաև Մոնղոլիայի նախագահի հետ, ինչից հետո Վլադիմիր Պուտինը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումների շարքը կեզրափակի ՇՀԿ գագաթնաժողովի տանտիրոջ՝ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ Սակայն ընդունված է նման միջոցառումները հյուրընկալող երկրի ղեկավարի հետ հանդիպել կամ հանդիպումների շարքի մեկնարկին, կամ ավարտին։ Այստեղ ավելի ուշագրավ է այն, որ ռուսական կողմը Փաշինյանի հետ հանդիպումը դասել է հենց երկկողմ հանդիպումների շարքի վերջնամասում՝ մինչև գագաթնաժողովի տանտիրոջ հետ ամփոփիչ զրույցը։
Նման հաջորդականությունը դիվանագիտական պրակտիկայում հաճախ ընթերցվում է՝ որպես թափանցիկ ակնարկ կամ որոշակի ուղերձ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և ռուսական կողմի վերաբերմունքի մասին:

