Արտասովոր վիճակ՝ սովորական բյուջե․ ի՞նչ սպասեն արտահանողները, ու ե՞րբ է հնարավոր շուկաների դիվերսիֆիկացիան
2024թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է ապրանքների արտահանման 2.1 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման աճել է շուրջ 1.4 տոկոսով․ ոսկու վերարտահանումը 2024թ. մեծապես ազդեց արտահանման դինամիկայի վրա։
2025թ. բյուջեում արդեն նշվում է ոսկու վերարտահանման գործոնի չեզոքացման մասին, բայց կանխատեսվում է նաև, որ դեպի ՌԴ այլ ապրանքների վերարտահանումը միջնաժամկետ հատվածում, չնայած որոշակի դանդաղմանը, կշարունակի բարձր մնալ։ Նաև Ամուլսարի շահագործումն է դիտարկվել արտահանման ծավալների աճին նպաստող գործոն։
Ի դեպ, 2024թ. հունվար-սեպտեմբերի վիճակագրությունը փաստում է, որ անընդհատ Արևմուտքից ու դիվերսիֆիկացիայից խոսող իշխանությունների օրոք ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով, իսկ ԵԱՏՄ երկրների և հատկապես ՌԴ-ի հետ առևտրի ծավալներն աճել են անգամներով. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտուրն աճել է 3,5 անգամ, որի առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ի հետ առևտրին. այն աճել է 3,6 անգամ։
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանմանն առնչվող դրվագներով, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չի տեսնում 2024 և 2025 թվականների ֆինանսական գլխավոր փաստաթղթերի միջև։
«ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին չի համապատասխանում, այսինքն՝ սովորական բյուջե է, իսկ մենք շատ արտասովոր վիճակում ենք, դիվերսիֆիկացիայի խիստ կարիք ունենք, և արտասովոր վիճակը պետք է արտասովոր բյուջեի հատկացման բերեր և ծրագրերի, ինչի ականատեսը չենք այսօր։
«Օրինակ, «Պետական աջակցություն ՀՀ-ին` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման» ծրագրով նախատեսված է նույնը, ինչ 2024 թվականին։
Բյուջեն բավարար չէ և գրեթե նույնն է, ինչ 2024թ., չի համապատասխանում մարտահրավերներին»,- 168․am-ի հետ զրույցում նշեց Էմիլ Ստեփանյանը։
Քանի որ գալիք տարում կանխատեսվում է, որ 38 %-ով նվազելու է արտահանումը՝ պայմանավորված հատկապես ոսկու վերարտահանման գործոնի նվազմամբ, մասնագետից հետաքրքրվեցինք դրա հետևանքների մասին։
Ի պատասխան՝ նա նշեց, որ դա շոկային ազդեցություն չի ունենա տնտեսության վրա․ ժամանակավոր բնույթը ենթադրելի է եղել ի սկզբանե։ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիրը նաև շեշտեց՝ վերարտահանումը բուն արտահանում չէ, այլ՝ միջնորդական ծառայություն։
Արտահանման ծավալների կրճատման մասին պարբերական տեղեկությունների ֆոնին էկոնոմիկայի նախարարությունը խոսում է աջակցման ծրագրերի մասին և, մասնավորապես, նոր շուկաներ արտահանելու դեպքում՝ կոկրետ սուբսիդիաների առաջարկներ նախատեսում։ Էմիլ Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արդյունքներ է պետք սպասել դիվերսիֆիկացիային ուղղված հնարավոր ծրագրերից։
Ի պատասխան՝ նա նկատեց, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից հենց այսօր շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով որոշակի երկրներում ներմուծման մաքսատուրքերը կփոխհատուցվեն։
««Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նոր է դրվել քննարկման ու դեռ պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ դա միանշանակ կօգնի դիվերսիֆիկացիային մի պայմանով՝ եթե դրա հիման վրա չորոշվի գին, այլ կերպ ասած՝ այդ փոխհատուցումը չազդի գնագոյացման վրա։ Եթե արտահանողները կառավարության փոխհատուցման գումարը ներառեն գնագոյացման համար, դա փողի անիմաստ վատնում կդառնա, բայց եթե իրենք այդ բյուջեն օգտագործեն մարքետինգային միջոցառումների, գովազդների ու դիրքավորման համար, այդ ժամանակ արդեն կարող է օգուտ տալ, որովհետև այդ սուբսիդավորումը, փոխհատուցումը միշտ չի գործելու»,- պարզաբանեց նա։
Դիտարկմանը, թե դիվերսիֆիկացիան ենթադրում է երկարաժամկետ գործընթաց, հետևաբար՝ այդ սուբսիդիաների մեկնարկի դեպքում ե՞րբ է պետք սպասել արդյունքների, մասնագետն արձագանքեց․ «Դիվերսիֆիկացիան մի քանի տասնյակ տարիների գործընթաց է․ 30-40 տարվա տնտեսության կախվածությունը չի կարելի մեկ-երկու տարվա մեջ վերացնել դիվերսիֆիկացիոն ծրագրերով։
Դա պետք է պետություն-բիզնես համատեղ ջանքերի արդյունք դառնա, ու չպետք է լինի այլ երկրների արտահանման հաշվին․ ասենք՝ ՌԴ չարտահանելու հաշվին, այլ մնացած երկրներ արտահանելու հաշվին։ Բնականաբար, արտահանողների դիմաց պետք է արդյունք ցույց տալու խնդիր դրվի, թե՝ այս սուբսիդիաների դիմաց ինչ ունեք․ շատ մանրակրկիտ և սրտացավ, մասնագիտական աշխատանք պետք է տարվի սուբսիդիա տվողների և ստացողների միջև, որպեսզի չփոշիանան պետության միջոցները, մեր հարկատուների գումարները։
Մենք պետք է նաև շատ զգույշ լինենք, երկիրը պետք է շատ զգույշ լինի, որովհետև նման սուբսիդիաները չեն ողջունվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կանոններին հակասելու դեպքում»։