Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ նպատակ ունենալով այն դարձնել առավել արդյունավետ։ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների փոփոխությունների նախագիծը հրապարակվել է edraft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել ծրագրի կիրառումը և հստակեցնել մի շարք ընթացակարգեր։
Ներկայացված փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակ սահմանել, թե որ տվյալները պետք է ներկայացվեն, ինչպես նաև վերանայել աջակցությունների ժամկետներն ու պայմանները։
Առանձնահատուկ փոփոխություններից են՝ աջակցության հավաստագրերի տրամադրման կարգի պարզեցումը, մասնավորապես, երեխաների վերաբերյալ աջակցության տրամադրման հստակեցում, հավաստագրերի իրացման ժամկետի երկարաձգում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը, ՀՀ քաղաքացիության ստացման վերջնաժամկետների հստակեցում՝ շահառուների իրավունքները չսահմանափակելու համար։
2025 թվականի բյուջեով ծրագրի համար նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ։