Նոյեմբեր ամսից սկսած, հնարավոր է, նոր իրողությունների սկիզբ դրվի տարածաշրջանում. Շիրազ Խաչատրյան
Նոյեմբերի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 10-րդ հանդիպումը, որի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել էին տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր էին փոխանակել նաև սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ սա հերթական հանդիպո՞ւմ էր, թե՞, ամեն դեպքում, պետք է սպասել ինչ-որ զարգացումների Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ կամ հետո:
– Դժվար է ենթադրություններ և կանխատեսումներ անել մի գործընթացի վերաբերյալ, որի կատարման դետալային հաջորդականության ու ժամանակափուլերի վերաբերյալ գրեթե ոչինչ չկա ամրագրված։ Ճիշտ է՝ վերջին՝ տասներորդ հանդիպումից հետո, կարելի է ասել, միայն «թղթաբանությունն» է փոխվել․ եթե այն ժամանակ ՀՀ սահմանային որոշ հատվածներում, մասնավորապես՝ Տավուշի մարզի, նաև Սյունիքի մարզի որոշ հատվածներում փաստացի սահմանազատում տեղի է ունեցել ոչ թե երկկողմ համաձայնեցված ու հաստատված կանոնակարգի, այլ ինչ-որ արձանագրությունների հիման վրա, այժմ սահմանազատման գործընթացը փաթեթավորվում է, այսպես ասած, կանոնակարգի ընթացակարգերով, բայց տեղի ունեցող պրոցեսների ընդհանուր պատկերը գրեթե նույնն է։
Եվ այս գործընթացների ու իրադարձությունների հաջորդականությունը միշտ ցույց է տվել, թե ինչպես է Բաքուն ժամանակ առ ժամանակ փոխում Երևանի հետ տարվող խաղի կանոններն ու իրեն ձեռնտու տարբերակով փորձում հասնել իր ուզածին։ Իսկ հայկական կողմն անընդհատ ընկնում է «օրինական» պրոցեսների հետևից՝ խնդիրներին ընթացիկ լուծումներ տալով ու անընդհատ զիջելով։
Թե ինչ քարտեզներ և իրավական փաստաթղթեր են գործընթացի հիմքում դրված, ինչ սկզբունքներով ու տրամաբանությամբ են իրականացվում սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ տրամաբանական որևէ բացատրություն չկա։
Հայաստանի ղեկավարը հայտարարում էր, թե գաղտնի փաստաթուղթ չեն հաստատում, ամեն բան լինելու է հրապարակային, որպեսզի հանրությունը, փորձագետները հնարավորություն ունենան ծանոթանալու՝ ինչ կառուցակարգերի շրջանակներում է տեղի ունենալու դելիմիտացիա-դեմարկացիայի աշխատանքը, բայց զուգահեռ իրականությունում տեսնում ենք, թե Երևանն ինչպես է գործում՝ Բաքվի ճնշումների ու թելադրանքի պայմաններում, այսինքն, ժամանակի ընթացքում տեսնում ենք զիջումներ, զիջումներ, ուրիշ ոչինչ։
– Հավելենք, որ ԱԺ-ում նախքան Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը, ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել էր, որ երրորդ ուժերի ներկայությունն ապաշրջափակվող ենթակառուցվածքների շուրջ իրենց համար անընդունելի է, այնուհետև հավելել էր. «Միջազգային կազմակերպությունների մասով էլ, գիտեք, պիտի հասկանանք. կա տրանսպորտային ընկերություն, կա փոխադրող ընկերություն, կա երկաթգիծ կառուցող ընկերություն, կա երկաթգիծը սպասարկող ընկերություն, կա օպերատոր կամ վագոնավար»:
– Արդեն Միրզոյանի ձևակերպած նախադասությունն իր մեջ բազմաթիվ հակասություններ է պարունակում, երբ մի կողմից՝ խոսում է տարբեր պրոյեկտներում երրորդ ուժերի մասնակցության անընդունելիության մասին, մյուս կողմից՝ խոսում միջազգային կազմակերպությունների ներկայության ու անելիքների վերաբերյալ։
Հասկանալի է, չէ՞, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքների տարբեր մասերում ներկայություն ունեցող ցանկացած միջազգային կազմակերպության, մասնավոր ընկերության թիկունքում այս կամ այն խոշոր դերակատարն է կանգնած, կոմունիկացիաների, միջանցքի վերահսկողության խնդիրը միշտ ակտուալ է մնալու, ու այս հարցը չի կարող լուծվել միայն հայ-ադրբեջանական երկկողմ «պայմանավորվածությունների» շրջանակներում։
– Այս պահի դրությամբ Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը ի՞նչ դիրքորոշում ունեն «Զանգեզուրի միջանցքի» մասով, կա՞ արդյոք դիրքորոշման փոփոխություն: Եվ, առհասարակ, տարածաշրջանային ներկա զարգացումները Վրաստանում, Իրանում և նրանց շուրջ ի՞նչ գործընթացների մասին են հուշում, այդ թվում՝ նշված տրամաբանության մեջ:
– Հարավային Կովկասը շատ հետաքրքիր ու բարդագույն տարածաշրջան է, այն միշտ էլ խոշոր դերակատարների համար լինելու է տարբեր բորբոքումների, ռազմական բախումների և մրցակցության վայր, իսկ այդ պարագայում տարածաշրջանում շատ դժվար է ինչ-որ խաղաղ զարգացման հեռանկարներ փնտրել։ Ամեն դեպքում, խոսելով վերջին ժամանակահատվածում տարածաշրջանային զարգացումներից, կարելի է ասել, որ նոյեմբեր ամսից սկսած, հնարավոր է՝ նոր իրողությունների սկիզբ դրվի տարածաշրջանում։
Շատերն են ուշի-ուշով հետևում ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրություններին, Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Իրան-Իսրայել հակամարտության շարունակությանը, ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներին, բոլոր պրոցեսները փոխկապակցված են իրար հետ։ Ու թվարկածս գործընթացները հուշում են, որ իրադարձություններն ու դրանից բխող զարգացումներն այդքան էլ Արևմուտքի օգտին չեն, ինչն իր հերթին՝ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու Հայաստանին։ Հայաստանի համար աշխարհաքաղաքական մրցակցությունը շուտով մեծանալու է, և Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների բացմամբ հետաքրքրված տարածաշրջանային և արտատարածաշրջանային բոլոր խոշոր դերակատարներն էլ նոր թափով ձգտելու են հասնել «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողության։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում (առաջնահերթ՝ Վրաստանում, Իրանում, ՌԴ-ում) ընթացող կարևոր գործընթացների արդյունքում է նաև ձևավորվում այս կամ այն դերակատարի դիրքորոշումն ու ռազմավարությունը ռեգիոնում ու մեծ տարածաշրջանում։ Հարկավոր է մի քիչ էլ սպասել, հետևել կարևոր իրադարձություններին, ու ռեգիոնալ դերակատարների խաղաքարտերը գրեթե մինչև վերջ տեսանելի կլինեն, ու շատ բան ավելի ընկալելի կդառնա բոլորի համար։
– Այս համատեքստում հիշեցնենք, որ օրերս դարձյալ ակտիվորեն քննարկվեց էսկալացիայի հավանականության հարցը, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա», ավելին՝ դրա համար ողջամիտ ժամկետ էր նշել՝ ողջամիտ ժամկետ՝ 6 ամսից մեկ տարի: Ըստ Ձեզ՝ ե՞րբ և ո՞ր դեպքում է հնարավոր էսկալացիա:
– ԳՇ պետը հանդիսանում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կարևոր ներկայացուցիչներից մեկը, ու ըստ իս՝ պատահական չէ, որ վերջինս ինչ-որ ժամանակահատված է նշում թշնամու կողմից հավանական էսկալացիայի վերաբերյալ։ Դա կարևոր ցուցիչ է, որ այս իշխանություններն էլ լավ գիտակցում են, թե ինչ վտանգավոր թելի վրա են խաղում ու միշտ ծանր փորձությունների տանում երկիրը։
Պարզ է, չէ՞, որ Բաքուն չի ցանկանում գնալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման, այս պահին Ալիևի նպատակը խաղաղության գործընթաց ցույց տալն է, հաջորդ պահին՝ շանտաժն ու ագրեսիան։ Իսկ թե ինչ հաշվարկներով են առաջնորդվում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարները, երբ թշնամու հավանական էսկալացիան գնահատում են գալիք տարվա գարնանը, ես չեմ կարող ասել։
Հարկավոր է վտանգի աստիճանը գնահատել ամեն վայրկյան, ու անկախ եղանակային պայմաններից՝ ձմեռ է, գարուն թե ամառ, պետք է նաև լուրջ հաշվարկներ դրվեն թշնամու կողմից տարվող հավանական ռազմական գործողությունների սցենարների հիմքում։
Տարածաշրջանում արդեն նախադեպեր կան, թե ինչպես են պետություններն իրար դեմ մարտական գործողություններ իրականացնում հեռահար ձևով, երբ հակամարտող կողմերը ռազմավարական բարձունքներ, դիրքեր գրավելու փոխարեն՝ երկրի խորքերում տեղակայված ավելի կարևոր ռազմավարական ենթակառուցվածքներ են ոչնչացնում։ Իսկ նման իրավիճակում արդեն դեկտեմբեր, ապրիլ կամ օգոստոս ամիսներն ուղղակի դառնում են «հոմանիշներ»։ Պարզ է, որ թշնամին երբեք չի հրաժարվելու նաև ցամաքային գործողությունների միջոցով հասնել իր ռազմավարական կարևոր նպատակներին, ինչպե՞ս, որ՞ դեպքում, ե՞րբ, այս պահին դժվար է ասել, դեռևս Բաքուն խաղաղության գործընթաց ցուցադրելու դերի մեջ է։ Բայց ամեն բան վայրկենական կարող է փոխվել՝ կախված տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներից։
– Ի դեպ, ԳՇ պետը նաև հայտարարել էր, որ օկուպացված տարածքների վերադարձը սահմանազատման գործընթացի արդյունքում կարող է տեղի ունենալ, իսկ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ սահմանափակվել էր՝ ասելով՝ հարցը դիվանագիտության հարթությունում է: Ըստ այդմ՝ սահմանազատման և սահմանագծման հաջորդ գործընթացը ո՞ր հատվածում կարող է լինել, Ադրբեջանին ո՞ր ուղղությամբ կարող է ձեռնտու լինել և ո՞ր ուղղությամբ ձեռնտու չլինել, և Հայաստանին ո՞ր ուղղությամբ կարող է ձեռնտու լինել և չլինել:
– Ձեր հարցադրման մեջ արդեն պատասխան-դիտարկում կար․ սահմանազատման գործընթաց սկսելու են իրականացնել այն բոլոր ուղղություններով, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմին, որտեղ ադրբեջանական կողմը կարող է առավելություն ստանալ ռազմավարական առումով, այդ հատվածներից էլ սկսելու են։ Ես այդ ամենը ցավով եմ արձանագրում, բայց փորձն ու եղելությունները ցույց են տվել, որ ադրբեջանական կողմը միշտ թելադրողի դերում է հանդես գալիս, իսկ ՀՀ իշխանություններն ի զորու չեն առաջ տանել հայկական շահը և ջանքեր գործադրել, որ գոնե մեկ ձեռնտու գործընթաց մեր օգտին լուծվի։ Չկա նման իրավիճակ կամ օրինակ, որ հակառակ իմ պնդման՝ նրանք ի ցույց դնեն։ Իսկ ինչ վերաբերում է ԳՇ պետի այն հայտարարությանը, թե օկուպացված տարածքների վերադարձը սահմանազատման գործընթացի արդյունքում կարող է տեղի ունենալ, այո, հնարավոր է տեղի ունենա, բայց, իմ համոզմամբ, ամենավերջին շտրիխները գծելու ժամանակահատվածում, այն էլ շատ մեծ հարց է՝ պրոցեսները կհասնե՞ն դրան, թե՞ լրիվ այլ ուղղությամբ կընթանան։