«Այս մարդկանց դարդն ու ցավն այն է, որ բարձրահարկեր անեն, շինարարություն սկսեն, փողերի մի մասը լցնեն իրենց գրպանը». Դավիթ Ստեփանյանը՝ Կասկադի նախագծի մասին
«Ակտիվ քաղաքացի» հարթակում ավարտվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Կասկադում աշխատանքներն ավարտին հասցնելու համար երկու՝ «Կասկադ մշակութային հանգույց» և «Կասկադ այգիներ» նախագծերի քվեարկությունը։ Արդյունքում հավանության է արժանացել ֆրանսիական նախագիծը՝ «Կասկադ մշակութային հանգույցը»։
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն ավելի վաղ ահազանգել էր, որ սա Երևանի, մասնավորապես՝ Կասկադի ճարտարապետության աղավաղում է, եթե այն չեն շարունակում ու ավարտին հասցնում հեղինակային այն նախագծով, որով ի սկզբանե կառուցվել է Կասկադը։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Ստեփանյանն ասաց, որ հավանության արժանացած ֆրանսիական տարբերակը դեռևս էսքիզն է, որի հիման վրա պետք է ստեղծվի նախագիծ, որը կրկին որոշակի ժամանակ կպահանջի։
«Հայաստանի ճարտարապետական լիցենզիա չունեցող նախագիծը Ֆրանսիայից ինչպե՞ս է կյանքի կոչվելու, չգիտեմ՝ այս հարցերն ինչպես են լուծելու։ Բացի այդ, իրենց դարդն ու ցավն է, որպեսզի Կասկադի կողքերը բարձրահարկ շենքերի կառուցման թույլտվություն տան, որովհետև վերջին 6 տարում բարձրահարկերն այնքան խեղդեցին, որքան չէին արել Երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից։ Իհարկե եղել է, բայց վերջին տարիներին շռնդալից է։
Այս մարդկանց դարդն ու ցավն այն է, որ բարձրահարկեր անեն, շինարարություն սկսեն, փողերի մի մասը լցնեն իրենց գրպանը։
Զարմանալի բան չկա, հայրենիքն է աչքներիս առաջ կես լինում, երկիրն է կես լինում, մշակույթն է կորում, ջախջախվում։ Մշակութային ու ազգային եղեռն է»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ շատերն ասում են, որ պետք է Կասկադի կառուցումն ավարտին հասցնելու համար մրցույթ հայտարարվեր. իհարկե, մրցույթ պետք է հայտարարվեր, բայց գոյություն ունեցող հեղինակային նախագծի ամբողջական պահպանմամբ։
«Կասկադի ստորին հատվածում, որտեղ փոս է փորվել, այն լցնելու և գոյություն ունեցող նախագծին հարմարեցնելու առաջադրանք պետք է լինի։ Գուցե այդ ստորին հատվածում լինի թանգարան կամ այլ ֆունկցիոնալ լուծումներ տրվեն։ Այդ առաջադրանքը պետք է հստակ լինի, որպեսզի որևէ այլ ճարտարապետական կարկատանային միջամտություն չլինի, հեղինակային նախագծով ամբողջովին ավարտվի։ Այն հատվածները, որոնք առնչվում են ներկայիս իրավիճակի հետ, առաջադրանքը պետք է հստակ լինի»,- շեշտեց նա։
Նրա կարծիքով՝ գուցե այս ամենը Ֆրանսիային «քսմսվելու» նոր ձև է, բայց քաղաքակիրթ երկրներում նման բաներ չեն անցնում, քանի որ մարդիկ նայում են՝ արդյոք մարդը, երկիրն արժանապատի՞վ է, թե՞ ոչ։
«Այս տարիների ընթացքում միշտ էլ բարձրաձանել եմ, բայց ո՞ւմ է հետաքրքրում, նոր լավ բան չի ստեղծվում, գոնե փորձեն պահեն հին լավ բաները։
Իհարկե, բարձրաձայնելը միշտ էլ բարձրաձայնում ենք, բայց լծակ չունենք որևէ բան կանխելու»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի համար անհասկանալի է Կասկադի կառուցումն ավարտին հացնելու համար երկու նախագծերի ի հայտ գալը։
«Դրանք որևէ օրենսդրության կամ էթիկական հարցերի հետ չեն առնչվում։ Կասկադի հեղինակներից Ասլան Մխիթարյանը ողջ է, ինչպե՞ս է ստացվել, որ նրան արհամարհել են, ուրիշ մարդ են կանչել, այն էլ՝ արտերկրից, որ այդ նախագիծն անի։ Ու մենք չգիտենք՝ արդյո՞ք այդ մարդիկ հասկանում են-չեն հասկանում, իրավիճակին ծանո՞թ են, թե՞ ծանոթ չեն։ Սա արդեն թյուրիմացություն է։
Լավ, եթե ինչ-որ բան է փոխվել, կարող էին նախագիծ պատվիրեին ոչ թե արտասահմանում, այլ մրցույթ կազմակերպեին, էլի թող արտասահմանցիները մասնակցեին, բայց դա էլ չի եղել։ Անձամբ ինձ այդ նախագծերից որևէ մեկը դուր չի գալիս, թռուցիկ տեսել եմ, ոչ թե բանի պետք չեն, այլ կոնկրետ այդ վայրի հետ համահունչ չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը։