Բայրամովը չի կիսում Արարատ Միրզոյանի լավատեսությունը

Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի կարծր դիրքորոշումներն ընդունելը փորձում են փաթեթավորել ինչ-որ անհասկանալի բանակցային առաջընթացի մասին հայտարարություններով, Ադրբեջանի ԱԳ նախարարն իր օտարերկրյա գործընկերների հետ խոսում էՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ այն որակելով գործընթացի հիմնական խոչընդոտ։

ԱԺ-ում նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս աղմկոտ հայտարարությունների, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ԱԳՆ առաջնահերթությունների ցանկում չէ, խոսել էր ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացից։

Նա արձանագրել էր․

  • «2024 թվականին եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին՝ միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով»։
  • «Ահա խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ տեղեկատվությունը հանրային է, այն մասին, որ մեր վերջին առաջարկն, ըստ էության, եղել է գործընթացն արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք՝ ստորագրման տեսքով արդյունք, ունենալու համար բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ թե՛ մեր, թե՛ իրենց առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, այդ առաջարկները դուրս թողել տեքստից և այն, ինչ որ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման։ Այս առաջարկը, դատելով հրապարակային արձագանքներից և նաև շփումների ընթացքում, այսպես ասած մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է»։
  • «Գաղտնիք չի, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է և, ըստ էության, պայման կամ նախապայման, եթե կուզեք, առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, և այստեղ մենք, իհարկե, որպես արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց, ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որը քիչ առաջ հիշատակածս կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ վճիռը կայացնելիս և որոշման մեջ արձանագրեց, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագրով նախանշվածը, այն է՝ Սովետական Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի ԽՍՀ մինչև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջներ։ Սա, ինչպես նշեցի, գալիս է փարատելու բոլոր հնարավոր այդ կարգի մտահոգությունները»։

Այստեղ հարկ է նշել, որ իշխանության հայտարարությունների համաձայն, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի բանակցվող տարբերակն ունի 17 կետ, որից 13-ն ամբողջությամբ, 3-ը մասնակի են համաձայնեցված, իսկ մի կետի շուրջ առհասարակ համաձայնություն չկա: Եվ ըստ էության Ադրբեջանը մերժեց փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելու Երևանի առաջարկը, որին էլ Երևանն ընդառաջ գնաց՝ շարունակելով բանակցությունները չհամաձայնեցված կետերի և ձևակերպումների շուրջ։ Սակայն հարցն այն է, որ մինչ ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի պահանջը սպառված է համարում, Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ է կրկնում այն։

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան հարցերով պետնախարար Սթիվեն Դոութիի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, զրույցի ընթացքում Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման Ադրբեջանի տեսլականի, այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցվել, աշխատանքներ են տարվում ամբողջ նախագծի համաձայնեցման ուղղությամբ, մինչդեռ «Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ հանդիսանում են գործընթացի հիմնական խոչընդոտը»։

Ադրբեջանում լավ են հասկանում, որ այս պահանջը չի կարող կարճ ժամկետում իրագործվել, բացի այդ, ՀՀ իշխանությունները խոստովանել են, բազմիցս հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, սակայն դա ՀՀ ներքին գործն է։ Սակայն, փաստորեն, այս հայտարարությունները կամ չեն բավարարում Ադրբեջանին, կամ այս պահանջից չհրաժարվելով՝ Ադրբեջանը ձգտում է երկարաձգել գործընթացը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բայրամովն այս պահանջը համարում է հիմնական խոչընդոտ։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ բանակցային տարբեր տեխնիկաներ գոյություն ունեն, և երբեմն նման ծանր բանակցությունների ընթացքում դրվում են անիրականանալի պայմաններ՝ ցանկալի արդյունքին հեշտությամբ հասնելու համար։ Ըստ վերլուծաբանի, չի բացառվում, որ որոշակի փուլում այդ պահանջը վերանա։

«Սակայն չի բացառվում նաև, որ, ստանալով ամբողջությամբ բանակցված փաստաթուղթ, ինչը կողմերի առաջիկա ծրագիրն էր, այդ թվում՝ Ադրբեջանի, Ադրբեջանը շարունակի շրջանառել այդ պահանջը՝ ռեգիոնում խաղաղության արձանագրումը համաձայնագրով հետաձգելով մինչ հնարավոր սահմանադրական փոփոխություններ։

Կարելի է տարբեր մեկնաբանություններ անել, թե ինչու է սա արվում, սակայն այդ ամենը, ինչ էլ որ մեկնաբանենք, տեղավորվում է աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում։ Որքան կողմերի համար աշխարհաքաղաքական իրավիճակը պարզ լինի, այնքան ավելի հեշտ կլինի ապագա զարգացումների ու ծրագրերի պլանավորումը։

Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական անորոշությունը և մրցակցությունը մի շարք ռեգիոններում, որոնցից մեկը Հարավային Կովկասն է, բարձրացնում է հակամարտող երկրների աշխարհաքաղաքական կշիռը, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է աշխարհաքաղաքական բևեռներից օգուտներ քաղել։ Ուստի գործընթացի երկարաձգումն ունի որոշակի տրամաբանություն»,- ասաց Եվսեևը։

Բացի այդ, նրա խոսքով, թվում է, որ ԱՄՆ-ը անընդհատ փորձում է իր ջանքերը ներդնել գործընթացում, որը ռեգիոնալ երկրների մեծ մասի կողմից դրական չի ընկալվում։

«Ուստի չի բացառվում նաև այն, որ Ադրբեջանը փորձի այնպես ձգել իրավիճակը, որ ԱՄՆ-ում վարչակարգը փոխվի, ինչի հետևանքով գուցե շատ բան փոխվի։ Վրաստանում ընտրություններն արդեն որոշակիորեն բարդություններ են ստեղծել Արևմուտքի համար, դրանք խախտել են ռեգիոնում Արևմուտքի ամրապնդվելու հիմքերը»,- նկատեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս