
Իսրայելն Իրանի վրա հարձակվելու համար օգտագործել է ոչ միայն Իրաքի, այլև այլ երկրների օդային տարածքը. ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը, Իրանի վրա հարձակվելիս, բացի Իրաքի օդային տարածքից, սիոնիստական ռեժիմը օգտագործել է այլ երկրների երկինք, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։
«Հարձակումից առաջ ես եղել եմ Իրաքում, և Իրաքի իշխանությունները մեզ ամենաբարձր մակարդակով վստահեցրել են, սակայն տեղեկություններ կան, որ օգտագործվել է Իրաքի օդային տարածքը։ Խորհրդակցություններ են ընթանում իրաքյան կողմի հետ՝ միջազգային մակարդակով Սիոնիստական ռեժիմի դեմ Իրաքի բողոքի առնչությամբ»,- շեշտել է նա։
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ իրանական կողմը հայտարարել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին ուղղված իր բողոքի մասին՝ Իրանի վրա հարձակվելու նպատակով Իրաքի և այլ երկրների օդային տարածքն օգտագործելու առնչությամբ։