Ալեն Սիմոնյանի «հաղորդումը» Հայաստանի դեմ-2. Կամ՝ Ալեն Սիմոնյանի «մանրուքը»

168.am-ը երեկ անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե՝ «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն ՄԱԿ-ի 3-4 բանաձև»:

Այսօր խորհրդարանի նախագահը փորձել է լրագրողների հետ ճեպազրույցում սրբագրել իր ասածը՝ նշելով, որ որևէ պատերազմ լեգիտիմ հիմքեր չի կարող ունենալ: Բայց հետո նույն Ալեն Սիմոնյանը, ով 2020 թվականի պատերազմից օրեր առաջ մասնակցում էր «Աղդամը իմ հայրենիքն է» արշավին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտարարել է. «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը՝ Արցախը, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»: Այնուհետև սլաքն ուղղել է ընդդիմադիր պատգամավորին և նախկիններին:

«Երբ դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում՝ որպես անկախ պետություն, և թողնում էիք Արցախը` որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում (անձամբ ձեր կուսակցությունը) ու հայտարարում էիք, որ դա Ադրբեջան է, բա դուք ի՞նչ էիք անում»,- ընդգծել է Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Մի կողմ թողնենք, որ Ալեն Սիմոնյանն այդքան հաջող օրինակ չի բերել՝ արդարացնելով իրենց այսօրվա տեսակետը, մի կողմ թողնենք, որ ուղիղ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, որ իրենց համար «սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», այլ հարց է, որ ըստ Փաշինյանի՝ «այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից»:

Այսինքն, դարձյալ հանգում ենք Հայաստանի դեմ «հաղորդում տալու» տրամաբանությանը և Ադրբեջանի ռազմական հանցագործությունները լեգիտիմացնելուն, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք գերիներ և բանտարկյալներ, երբ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է պատժել Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթողներին, 44-օրյայի «Գյանջայի դեպքերի» մեղավորներին, և այլն: Երբ նման հայտարարություն է անում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, պատկերացնո՞ւմ է, որ Հայաստանի, ՀՀ զինված ուժերի դեմ նոր հայցեր ներկայացնելու առիթ է տալիս Ադրբեջանին:

Ընդ որում, Ալեն Սիմոնյանը չի կարողանում իր ասածը հիմնավորել որևէ միջազգային փաստաթղթի հղում տալով, իսկ Ադրբեջանը նույնիսկ մինչև հիմա հիշում է, թե ինչպես էր ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում հայկական կողմին «թողնել» «Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն էին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունք:

Եվ հարցը տարածքային ամբողջականության սկզբունքն ազգերի ինքնորոշման իրավունքից գերակա չդիտարկելն էր, իսկ հայկական կողմի համար բանակցություններում Արցախի ինքնորոշման իրավունքը միակ պահանջն է եղել, Ադրբեջանն էլ թեև դրան չի համաձայնել, բայցև չի հրաժարվել բանակցությունների գնալ, որի հիմքում Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներն են: Չմոռանանք, որ նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ առանձին հանդիպում էին ունենում նաև Արցախի Հանրապետության ղեկավարության հետ, իսկ Արցախյան առաջին պատերազմի օրերին Ադրբեջանը, ըստ էության, Արցախը ճանաչել էր բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ վարել: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ ՀՀ ԱԺ նախագահը տեղյակ չէ՞՝ Ադրբեջանն ինչու վերապահումներ ունի Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված, խնդիրը դարձյալ Արցախն է:

Մասնավորապես, անցած տարի հարցազրույցներից մեկում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հստակ ասել էր.

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении)»:

Իր հերթին՝ 2022 թվականին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր.

«Ասում են՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է Ալմա Աթայի հռչակագիրը, որով անդամ պետությունները ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ եկեք ստորագրենք, գինը թող Արցախը լինի, բայց մենք արդեն երաշխավորված ենք մեր, ինչպես Նիկոլն էր ասում՝ 29.800 քառակուսի կիլոմետրով: Սա են փորձում մատուցել, ուստի եկեք հասկանանք, թե իրականում ինչ էր այդ հռչակագիրը:

Առաջինը, իհարկե, դա կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է: Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ»:

Այնուհետև Շավարշ Քոչարյանը շարունակել էր. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ստորագրել է, բայց չեն վավերացրել: Այսինքն՝ ինքը՝ Ադրբեջանը, Մութալիբովի ստորագրությունը համարել է առոչինչ: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ: Դա մի ֆանտաստիկ արագությամբ իրադարձություն էր: 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիևը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունենում իրենց Գերագույն Խորհրդի նիստը, որը վավերացնում է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենն ԱՊՀ կանոնադրությունը: Եվ այդ նույն օրը ԱՊՀ ղեկավարների խորհուրդն ընդունում է Ադրբեջանի անդամակցության մասին որոշում: Սա շատ էական է հասկանալը: Ո՞ր սահմաններով է Ադրբեջանն անդամակցել ԱՊՀին. այն սահմաններով, որով 1993 թվականին է եղել: Այսինքն՝ այն սահմաններով, որոնք գրեթե կային մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը»:

Երրորդ, հենց նույն պատճառով է, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանին փոխել Սահմանադրությունը, բացառել Անկախության հռչակագրին հղումը, որ հետո խնդիրներ չունենա, որովհետև խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ է կնքում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի:

Ինչ վերաբերում է Արցախը ճանաչել-չճանաչելուն, ապա նախկին իշխանությունները բազմիցս ասել են՝ երբ կճանաչեն այն և ինչու չեն ճանաչել մինչ այդ: Որքանով ենք ուշացել կամ չուշացել, սա այլ խնդիր է: Ի դեպ, ժամանակին Դաշնակցությունն էլ պայքարում էր, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքվի, որը տեղավորվում էր Արցախի անկախության ճանաչման տրամաբանության մեջ:

Նշենք, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել էր.

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994թ. Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Իսկ 2021 թվականի փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահը հիշեցրել էր վերը նշված հանդիպումը և պարզաբանել, թե ինչու չէին կարող ՀՀ օրենքներով, օրինակ, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը:

«Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի: Բայց եթե մի քիչ հետ գնանք ու հիշենք Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ի դեպ, պատերազմի օրերին՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. 

«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:
Ալեն Սիմոնյանը լավ կանի պատասխանի՝ նախագահը դիմե՞ց Նիկոլ Փաշինյանին, ով պատերազմից առաջ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», եթե՝ այո, ապա ի՞նչ պատասխան է տրվել, թե՞ լավ իմանալով, որ մերժում է ստանալու, Արցախի նախագահը չի էլ դիմել:

Չորրորդ, Շուշիի հարցը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել, այս մասին անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինն էր հայտարարել 44-օրյա պատերազմի ավարտից շատ չանցած: Իսկ Ադրբեջանի նախագահն էլ մի առիթով հայտարարել էր, որ նախկին իշխանությունները հրաժարվել են հանձնել Քարվաճառն ու Լաչինը:

«Մյուս 5 շրջանների շուրջ համաձայնություն կար, և մենք քննարկում էինք արդեն, թե երբ պետք է վերադարձվեն Քելբաջարն ու Լաչինը: Այն, որ այս հարցը պիտի լուծվեր, չէի կասկածում ոչ ես, ոչ էլ ՄԽ-ն: Բայց հետո հայկական կողմը հետքայլ արեց և Քելբաջարի ու Լաչինի հանձնման հարցը թողեց օդում կախված: Այլ խոսքով, առաջարկվում էր այնպիսի մեխանիզմ, որը ենթադրում էր՝ այս երկու շրջանները մնալու են հայկական հսկողության տակ, ինչին ես կտրականապես դեմ էի»,- 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր Ալիևը:

Իսկ Նիկոլ Փաշինյանն այս շրջաններն անկրակոց հանձնեց Ադրբեջանին, այդ թվում՝ նաև Աղդամը՝ Ակնան:

Շուշիի մասով հավելենք, որ Ալիևը վերը նշված հարցազրույցում խոսել էր Շուշի փախստականների վերադարձի մասին, այն, ինչ առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանին՝ որպես պատերազմը կանգնեցնելու նախապայման:

Այս շարքը կարելի է շարունակել և հասնել մինչև ՀՀ ինքնիշխան տարածք, որի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքի հեռացման հարցն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «մանրուք է» համարել, իսկ խոսքն ավելի քան 200 քկմ տարածքի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս