Տնտեսական ակտիվության ցուցանիշը չի կարող արտացոլել տնտեսության իրական զարգացումը, աճը․ Վարդան Բոստանջյան
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 8.7 տոկոսով․ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են։ Իսկ քանի դեռ հայրենի իշխանությունները չեն սկսել ներբողել հերթական աճի մասին ցուցանիշը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168․am–ի հետ զրույցում հարկ է համարում հիշեցնել․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսությունը բնութագրող ցուցանիշ չէ, այն իմպերատիվ չէ և չի կարող արտացոլել տնտեսության իրական զարգացումը, աճը»։
Տնտեսագետը նկատում է՝ այս աճերը կլինեին ոգևորող, եթե տնտեսության հիմնական ճյուղերը՝ ինչպես արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ունենային ծավալային աճեր, կամ՝գործունեության առաջընթաց ենթադրող նոր ուղղություններ՝ օրինակ, նոր տեխնոլոգիա, նոր արտադրատեսակ, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ՀՀ-ում։
«Մենք նման բան չունենք, այդ պատճառով ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս, թե շրջանառության մեջ որքան ֆինանսական ռեսուրս կա, իսկ այդ ֆինանսական ռեսուրսը պտտվելով՝ ստեղծում է քվազի աշխուժացում։ Բայց այդ աշխուժացումը նոր հավելյալ արժեք չի ստեղծում։ Օրինակ, Եվրոպայի այնպիսի գաճաճ պետություններ, ինչպիսիք են Սան Մարինոն, Անդորրան, Մոնակոն, ըստ էության, չունենալով որևէ տնտեսության ճյուղ, անընդհատ ունեն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այսինքն՝ երկրները, որտեղ ֆինանսական ռեսուրսներն արագ ու մեծ չափերով են պտտվում (ժամանց, խաղատներ), այդ երկրները կոչված են դրա համար,- մանրամասնեց Վարդան Բոստանջյանը՝ արձանագրելով նաև,- Մեր երկիրը, ունենալով հասարակության ու պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, գլխավորապես՝ Արցախի հարցը, անվտանգության, տնտեսության արդիական ճյուղերի զարգացում և այլն, այս բոլոր առումներով ունենք նույնիսկ ոչ մասնագետի համար տեսանելի խոցելիություն։ Բայց ցանկացած կառավարություն, իշխանություն, ինչպիսին այսօրվանն է, այս սուտ ցուցանիշով առաջնորդվում են, որն իրական առաջընթաց չի ենթադրում»։
168․am-ն ավելի վաղ հրապարակել էր հունվար-սեպտեմբերի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի ամփոփումը․ ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1.8 տոկոսով, շինարարության ծավալն ավելացել է 15.9 տոկոսով, առևտրի շրջանառությունում աճը կազմել է 19.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.9 տոկոսով:
2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 1.2 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 9 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 54.2 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 393.34 դրամ: