Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.7 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1.8 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.9 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 19.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.9 տոկոսով:
2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 1.2 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 9 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 54.2 տոկոսով:Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 393.34 դրամ: