Գիտնականներն ապացուցել են, որ կարտոֆիլն առողջարար է
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խաշած կամ խորոված կարտոֆիլն իջեցնում է արյան ճնշումը և օգնում կանխել հիպերտոնիան: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում:
Արևմտյան բնակչության սննդակարգում կալիումի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է: Պերդյուի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են կալիումի հավելումների ազդեցությունն արյան ճնշման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի այլ գործոնների վրա:
Կլինիկական փորձարկումներում ներգրավվել է 30 տղամարդ և կին, որոնց մոտ ախտորոշվել է հիպերտոնիա կամ նախահիպերտենզիա:
Արդյունքները վկայում են, որ խորոված կամ խաշած կարտոֆիլ ուտելը հանգեցրել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցման՝ համեմատած այն վերահսկող խմբի հետ, որը սնվել է բնորոշ ամերիկյան սննդակարգով, որը, սակայն, չի պարունակել կարտոֆիլ:
Հեղինակները պարզել են նաև, որ, ի հեճուկս տարածված պմդումների, որ կարտոֆիլ ֆրին՝ կարտոֆիլը պատրաստելու բարձր կալորիականությամբ տարբերակը, վնասակար է սրտանոթային համակարգի համար, 330 կալորիա պարունակող ֆրիի ամենօրյա մատուցումը բացասաբար չի ազդում անոթների վրա:
Կարտոֆիլի օգտակար ազդեցությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն նվազեցնում է նատրիումի պահպանումը մարմնում, և, այս առումով, գիտնականները պարզել են, որ այն նույնիսկ ավելի լավ է աշխատում, քան կալիումով սննդային հավելումները:
Գիտնականները նշում են, որ իրենց եզրակացությունները, որոնք հիմնված են սահմանափակ տվյալների վրա, նախնական են, քանի որ սա առաջին կլինիկական փորձարկումն է, որն ուսումնասիրում է զարկերակային ճնշման վրա սննդի միջոցով կալիումի ազդեցությունը: Հեղինակների կարծիքով ՝ կարտոֆիլի օգտակար հատկությունների և դրանց պատրաստման եղանակի միջև կապ հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ: