Խնդիրները պետք է լուծել մտքի մակարդակով
Հատվածներ Նիսարգադատա Մահարաջի գրքից
Ձեր աշխարհն անձնական է, այն հնարավոր չէ կիսել ուրիշների հետ, այն միայն ձերն է: Ոչ ոք չի կարող դրա մեջ մտնել, տեսնել այնպես, ինչպես դուք եք տեսնում, լսել այնպես, ինչպես դուք եք լսում, զգալ ձեր էմոցիաները, մտածել ձեր մտքերը: Ձեր աշխարհում դուք մեն-մենակ եք ձեր մշտապես փոփոխվող երազի մեջ, որը կյանք եք համարում: Իմ աշխարհը բաց է, միասնական է, մատչելի է բոլորի համար: Իմ աշխարհում կա ընդհանրություն, պայծառացում, սեր, իրականության որակ:
Կենսաբանական առումով մեզ շատ քիչ բան է պետք: Մեր խնդիրներն այլ կարգի են: Խնդիրները, որոնք ստեղծվում են ցանկություններով, վախերով ու սխալ պատկերացումներով, պետք է լուծել մտքի մակարդակով:
Ոչ մի դեպքում մի՛ թողեք ձեր պարտականությունները: Գործողությունը, որը ձեզ չի շոշափում էմոցիոնալ մակարդակում, որը ձեզ օգուտ է բերում եւ չի տանում տառապանքի, ձեզ չի կապելու: Դուք կարող եք զբաղված լինել մի քանի ուղղություններով, աշխատել խանդավառությամբ եւ միաժամանակ մնալ ներքուստ ազատ ու հանգիստ:
Դուք ոչ մի կերպ չեք կարող պնդել, որ դուք այն եք, ինչ ձեզ համարում եք: Ձեր մտքերը ձեր մասին օրեցօր, պահից պահ փոխվում են: Ձեր մասին ձեր պատկերացումն ամենափոփոխական բանն է աշխարհում: Ծանր կորուստ, աշխատանքից ազատում, վիրավորանք՝ եւ այդ պատկերացումը, որը դուք անձ եք համարում, խորապես փոխվում է: Հասկանալու համար, թե ով եք դուք իրականում, դուք պետք է սկզբից հասկանաք, թե ինչը ձերը չի: Իսկ դա հասկանալու համար, դուք պետք է ձեզ ուշադիր հետեւեք՝ մի կողմ նետելով այն, ինչը չի վերաբերում «ես եմ» հիմնարար փաստին:
Ազատ լինելով հիշողություններից ու սպասումներից՝ ես մաքուր եմ, անմեղ եմ եւ անկեղծ: Միտքը քրտնաջան աշխատավոր է, եւ այն հանգստի կարիք ունի: Ոչինչ չցանկանալով, ես ազատ եմ վախից: Ումի՞ց վախենալ: Չկա ոչ մի բաժանում, մենք առանձին անձնավորություններ չենք: Գոյություն ունի միայն մեկ «Ես», Բարձրագույն Իրականություն, որի մեջ անձնականն ու անանձնականը նույնն են:
Նիսարգադատա Մահարաջը (1897-1981) հնդիկ գուրու է, այսպես կոչված՝ «նոնդուալիզմի» (երկվությունը հերքող) դպրոցի ներկայացուցիչ: «Ես այն եմ» («I am that») գիրքը լույս է տեսել 1973 թվականին: Այն իրենից ներկայացնում է Նիսարգադատա Մահարաջի երկխոսություններն իր ուսմունքով հետաքրքրվող այցելուների հետ: Այդ զրույցները վերծանել եւ անգլերեն էր թարգմանել Հնդկաստանում ապրող լեհ ինժեներ եւ հասարակական գործիչ Մորիս Ֆրիդմանը:
Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը