Կընդունե՞ն արդյոք Երևանն ու Բաքուն Բայդենի հրավերը ԲՐԻԿՍ-ից հետո

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Կազանում մեկնարկած ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի «ԲՐԻԿՍ+» հարթակի հանդիպմանը։

Արևմուտքի հետ ակտիվ երկխոսության ֆոնին Փաշինյանը մասնակցեց այս, իր էությամբ, հակաարևմտյան միավորման գագաթնաժողովին, ելույթ ունեցավ, դրա շրջանակում ունեցավ բազմաթիվ շփումներ, ինչպես նաև՝ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։

«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- ասված էր ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունում։

Ինչպեսև, ըստ էության, հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Փաշինյանին ԱՊՀ ղեկավարների մակարդակով նիստի շրջանակում կայացած հանդիպմանը, ԲՐԻԿՍ գագաթնաժողովը հայկական կողմի համար հնարավորություն դարձավ շփվել բազմաթիվ գործընկերների հետ, ինչը և Փաշինյանն արեց։

Կարդացեք նաև

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Մոսկվայում Երևան-Բաքու կողմերից մեկը հրաժարվել էր ՌԴ միջնորդությամբ հանդիպումից։ Մի շարք ակնարկների համաձայն՝ այդ կողմը Հայաստանն է եղել։

Սակայն Կազանում Փաշինյանն այնքան տրամադրված էր բանակցել, որ Ալիևի հետ «բանակցություններ» էր կազմակերպել «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի ելույթների ընթացքում, ինչը նկատել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հետո իր խոսքում նշել է՝ դա համարելով «պլյուս» գագաթնաժողովի համար։ Ընդհանուր առմամբ, Կազանում կայացած եռօրյա ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովը, որը մեկ հարկի տակ ընդունել էր Չինաստանի նախագահին, Հնդկաստանի վարչապետին, Իրանի, Թուրքիայի, Բրազիլիայի, Ադրբեջանի, Պաղեստինի , ԱՄԷ, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ղեկավարներին, ԱԳ նախարարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և շատուշատ այլ երկրների ղեկավարների, դարձավ դիվանագիտական հաղթանակ հետպատերազմյան ճգնաժամային ռեժիմում դիվանագիտություն վարող և բազմաբևեռ աշխարհի համար պայքարող Ռուսաստանի համար։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ոչ միայն ԲՐԻԿՍ անդամ կամ անդամակցությամբ հետաքրքրված երկրներում, այլև Արևմուտքում, որոշ դեպքերում՝ նույնիսկ ուղիղ եթերի ռեժիմով։

Վերադառնալով հայաստանյան արտաքին քաղաքական թեմատիկային, հարկ է հիշեցնել, որ «ԲՐԻԿՍ+»-ից երկու օր առաջ Փաշինյանը Երևանում ընդունել էր ԱՄՆ նախագահի օգնական Մայք Քարփենթերի պատվիրակությանը, որը Փաշինյանին փոխանցել էր Բայդենի նամակը Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու մասին առաջարկներով։ Ուշագրավ է, որ Կազան մեկնելուց հետո Փաշինյանն առաջիններից հանդիպեց ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ քննարկելով երկկողմ և ռեգիոնալ օրակարգի մի շարք հարցեր։ Կազանի շրջանակում կայացել է նաև Պուտին-Էրդողան հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ռեգիոնալ հարցերը։

Հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

Մինչ Երևանն ու Բաքուն փորձում են շարունակել բանակցությունները, աշխարհաքաղաքական «կրքերը եռում են» այս գործընթացի շուրջ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական կենտրոնները բավականին բաց են ներկայացնում իրենց նպատակները՝ ԱՄՆ-ը հայտարարում է Միջին միջանցք պրոյեկտի մասին, որի մաս կարող է դառնալ նաև Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը, որն անցնում է ՀՀ-ով և որոնց նկատմամբ, ըստ ԱՄՆ-ի, ազդեցություն չպետք է ունենան Ռուսաստանն ու Իրանը, իսկ ՌԴ նախագահն այս փուլում, բացի պարզապես Երևան-Բաքու հարցի համապարփակ կարգավորումը, կարևորում է ռեգիոնալ լոգիստիկ ճանապարհները։ Հատկանշական է, որ Կազանում «ԲՐԻԿՍ+» հարթակի նիստի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը՝ արձագանքելով թե Փաշինյանի, թե Ալիևի ելույթներին, ընդգծեց ռեգիոնալ ճանանարհների բացման օրակարգի առանցքայնությունը։

Ռուս քաղաքական-տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային ուշադրությունը մեծ էր ԲՐԻԿՍ այս գագաթնաժողովի նկատմամբ՝ հաշվի առնելով առճակատումը Ռուսաստանի հետ։

Ըստ նրա, բնականաբար, ՌԴ-Չինաստան հարաբերությունները, ինչպես նաև ՌԴ միջազգային նախաձեռնությունները, որոնք դիտարկվում են Արևմուտքի դեմ Ուկրաինայի պատերազմի իրավիճակում, վերջին տարիներին Արևմուտքի հետաքրքրության կենտրոնում են։

«ԲՐԻԿՍ այդ գագաթնաժողովը, կարծում եմ, «չհիասթափեցրեց» Արևմուտքին և վերածվեց էական, ծանրակշիռ միջոցառման՝ հստակ նպատակներ, կոնսենսուս ուրվագծվեց, ուրվագծվեց երկրների ցանկը, որոնք հետաքրքրված են ԲՐԻԿՍ-ով, քանի որ այն հեռանկարային են համարում։ Եվ սա իսկապես, ինչպես ԲՐԻԿՍ մյուս երկրների, բայց նաև առավելապես ՌԴ-ի հաղթանակն էր հատկապես, երբ նախագահողը Ռուսաստանն էր, և ռուսական կողմը հետաքրքրված էր գագաթնաժողովն անցկացնել ըստ հավուր պատշաճի։ Բացի զուտ կազմակերպչական հարցը, ՌԴ-ի համար կարևոր է նման բազմակողմ կառույցների գաղափարական բաղադրիչը»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին և ավելի լայն գործընթացներին, ապա, վերլուծաբանի խոսքով, իրադարձություններն ունեն կանխատեսելի ընթացք։

«ԱՄՆ ներկայիս նախագահը մինչև վերջին պահը փորձում է ավարտին հասցնել հարավկովկասյան ծրագիրն ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, ուստի անընդհատ հանդես է գալիս նախաձեռնություններով, իսկ Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև Թուրքիան համարում են, որ Արևմուտքն այս հարցերին չպետք է միջամտի։ Այստեղ լծակներն ու Ադրբեջանի նկատմամբ ազդեցության հնարավորությունները, համատեղ շահերն ավելի շատ են։

Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները նախընտրում են մեկնել և խոսել Վաշինգտոնում, սակայն, եթե Բաքուն դա չի ցանկանում անել, հնարավոր չէ անվերջ պնդել՝ հատկապես, երբ ռեգիոնում, Ռուսաստանից բացի, կան այլ դերակատարներ ևս, ինչպիսին Իրանն է, որը, վստահաբար, մեղմ ասած, ոգևորված չէ Միացյալ Նահանգների հարավկովկասյան ակտիվությունից։

Ուստի հնարավոր չէ մշտապես մերժել առաջարկներն այս կողմից, հատկապես, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը դինամիկ փոխվում է և կարող է փոխվել ոչ ի օգուտ Արևմուտքի։ Ուստի արտաքին քաղաքական հաշվարկները լուրջ զգուշավորություն և բալանսավորում են պահանջում»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Ըստ նրա՝ հեռացող Բայդենի վարչակարգին չի հաջողվելու արդյունավետ նախաձեռնությամբ հանդես գալ։

Կոնստանտին Սիմոնովի խոսքով, նախաձեռնություններ շատ են եղել, այս անգամ ևս կարող է լինել, սակայն խնդիրն արդյունքին միտված գործընթացն է, ամերիկյան կողմը հենց այդպիսի ակնկալիք ունի։

«Ադրբեջանը բացահայտ քննադատում է ԱՄՆ-ին, այստեղ հետաքրքիր է՝ ինչ պետք է առաջարկի ԱՄՆ-ը կողմերին, որպեսզի Բայդենը համաձայնագրի ստորագրման միջնորդը դառնա։

Բացի այդ, Ադրբեջանը կարծես մինչև այդ երկրում կայանալիք միջազգային գագաթնաժողովը հետաքրքրված չէ ակտիվ զբաղվել հայ-ադրբեջանական հարցերով, կարծում եմ՝ դրանից հետո միայն Ադրբեջանը կանդրադառնա այդ հարցին, երբ նաև ԱՄՆ-ում ներքին իրավիճակը բավականին ծանրաբեռնված կլինի ընտրությունների արդյունքներով։ Կարծում եմ՝ Ադրբեջանում կմտածեն՝ ինչու մեկնել ԱՄՆ, եթե կարող են ուղիղ պայմանավորվել»,- ասաց Սիմոնովը։

Նա գտնում է, որ բանակցությունները դեռ կշարունակվեն տարբեր դադարներով և միջնորդներով, մինչև կողմերը որևէ տարբերակի շուրջ կոնսենսուսի գան։

«Միջնորդները կան, պատրաստ են միջնորդության, սակայն, ինչպես տեսնում ենք, չկան ճնշումներ, գործընթացը կողմերի միջև է, նրանք նաև աշխարհաքաղաքական իրավիճակն են փորձում օգտագործել այս գործընթացում իրենց շահերի օգտին»,- նկատեց Կոնստանտին Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս