ԵՄ-ն նախազգուշացրել է Հյուսիսային Կորեային չմասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին
Եվրոպական միությունը խորապես անհանգստացած է այն հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց ԿԺԴՀ-ն զինծառայողներ է ուղարկում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 24-ին տարածվել է Եվրամիության անունից։
«Դա կլինի միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ամենահիմնարար սկզբունքների լուրջ խախտում։ Դա կընկալվի որպես միակողմանի թշնամական գործողություն ԿԺԴՀ-ի կողմից, որը լուրջ հետևանքներ կունենա եվրոպական և գլոբալ խաղաղության ու անվտանգության համար», – նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ԵՄ-ն խստորեն դատապարտում է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության խորացումը, մասնավորապես՝ զենքի մատակարարումները, «որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր»։
«ԵՄ-ն ԿԺԴՀ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Ռուսաստանի անօրինական ռազմական գործողություններին» – հավելել է Ժոզեպ Բորելը։Նա նշել է, որ ԵՄ-ն կհամակարգի իր գործողությունները, ներառյալ պատասխան միջոցները, միջազգային գործընկերների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվորի, որոնք կարող են տեղափոխվել Ուկրաինայում կռվելու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել այս հաղորդագրությունները։