«Փաշինյանի հետ կնքած խաղաղության պայմանագիրը պատերազմի նոր գույժ է». Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու առումով ՀՀ իշխանությունների կողմից տեսնում է շտապողականություն, քանի որ իրենց պետք է մի թուղթ, որպեսզի համայն հայությանը ցույց տան, թե «ստացել են խաղաղության դարաշրջան»։
«Սրանով իրենք կփորձեն ժամանակացույց ճշտել, թե երբ գնան ընտրությունների, շտապողականւթյունն ըստ էության դրանով է պայմանավորված։ Եթե դա չլինի, պատկերացնո՞ւմ եք, գնան հերթական ընտրությունների. Ընտրությունների ժամանակ այս իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված է լինելու։ Սա իրենք շատ լավ հասկանում են, իրենց այս ամենը պետք է, որպեսզի մարդկանց խաբելու մի թուղթ ունենան»,- նշեց Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, իշխանությունները մարդկանց խաբելու ձևը գիտեն, նրանց հոգեբանությունը՝ նույնպես, քանի որ մարդիկ պատերազմ չեն ուզում, որևէ մեկը պատերազմ չի ուզում, ուստի իշխանությունը շարունակում է խաղալ այդ նուրբ զգացական լարերի վրա։
«Այնպես որ, շտապողականությունը միայն հայկական կողմից է, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ես նման բան չեմ տեսնում, իրենք հստակ իրենց գծով գնում են առաջ։ Իրենք շատ լավ հասկացել են, որ դե յուրե իրենց ինչ-որ մի փաստաթուղթ պետք չէ, որ մի նոր բան ստանան, իրենք առանց այդ փաստաթղթի էլ ստանում են այն, ինչ ուզում են։ Դրա պարզ օրինակն այս 12,7 կիլոմետրն է, որ սահմանազատումն իրականացրեցին, ո՛չ կանոնակարգը կար, ո՛չ պետական սահմանի մասին մեր օրենքն էր թույլատրում, դրա հիմքում որևէ փաստաթուղթ չկար, բայց գետնի վրա սահման գծեցին, կանգնեցին։
Իրենց խնդիրը սա է՝ ստանալ առավելագույնը, ինչ դե ֆակտո հնարավոր է, հետո դե յուրե արձանագրեն, որպեսզի դառնան անշրջելի, այդ անշրջելիության մասին են խոսում։ Ադրբեջանն ասում է՝ փոխեք ՀՀ Սահմանադրությունը, քանի որ չեն ուզում պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանի հետ, ուզում են կնքել Հայաստանի հետ։ Այո, պայմանագիրը պետք է կնքել Հայաստանի հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, նրա հետ պայմանագրի կնքումը պատերազմի նոր գույժ է»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում