«Երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով». Փաշինյանը մեզանից խլեց մեր հպարտությունը, Ալիևին ազատեց «հայկական» վախերից

Այս տարի ուրիշ մայիսի 8 է, ուրիշ Երկրապահի օր:

Եվ այնպես չէ, որ երկիրը պահածն ու պահողը դարձել է երկրով պահվող, և՝ հակառակը: Պարզապես երկիրը պահողներն են քչացել՝ զոհվել են, վիրավորվել, «կողոպտվել», և հիմա ստիպված են տանից ուշ-ուշ դուրս գալ:

Կային ժամանակներ՝ երկիրը պահողներն իշխանություններից էին վիրավորված, թե գնահատված չեն,  մոռացության են մատնել իրենց, իսկ այսօր գործող իշխանությունները նրանց  ձեռքներից տարել են այն, ինչի համար պիտի հիշեին իրենց՝  հպարտություն, հաղթանակ, տոն, կյանքի մի հատված, թոռների մոտ հպարտանալու առիթ, տարին մեկ հին մաշված համազգեստով՝ մեդալները կրծքին  խփած,  աղքատ սեղանի շուրջ ընկերներով  հավաքվելու առիթ:

Այս տարի ուրիշ մայիսի 8 է. երկրով պահվողներն են  շատացել, ոչ մի վայրկյան երկիր չպահած պահվողները:

Վաղն ուրիշ մայիսի 9-ն է լինելու՝ առանց Շուշիի և եռատոնի: Թեպետ անցած տարի էլ մի քիչ ուրիշ էր՝ թեև եռատոն էր,
Շուշին կար, բայց նաև արդեն իսկ վախ կար, որ չեն լինի:

Արցախյան վերջին պատերազմը մեզանից վերցրեց այն, ինչ տվել էր արցախյան առաջին պատերազմը, և տվեց այն, ինչը վերցրել էր 90-ականների պատերազմը: Սրա մասին ժամանակին լավագույնս ասել է Վազգեն Սարգսյանը:

«Մենք սկսեցինք մազապուրծ, այդ բառը տանել չեմ կարողանում, զոհի հոգեբանությունից սկսեցինք, և ի վերջո եկավ մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր, բայց մենք, ամենևին, ագրեսոր չենք։ Բայց ագրեսորի մականունն ինձ ավելի հոգեհարազատ է, քան մազապուրծի: Ես ատում եմ մազապուրծ բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել, ես չեմ ուզում ևս մեկ անգամ իմ հայրենակիցներին, հարազատներին  սրի տան… Եվ, փառք Աստծո, մեր ժողովուրդն իր մեջ այդ զոհի հոգեբանությունը հաղթահարեց: Այդ իմաստով մենք էս պատերազմը պիտի շատ հարգենք, ընդհանրապես ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պիտի շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք: Սա մեր պատերազմն է: Սիրենք թե չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենա… Պատերազմող երկրում, այնուամենայնիվ, երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով: Սրանից ընդամենը տասը տարի հետո մեր մասին չեն հիշելու, թե 1991, 92, 93-ի ձմռանը ՀՀ-ում որքան գազ կար կամ չկար, որքան ծառ կտրվեց: Ի վերջո, դա վերականգնվող բան է: Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական  արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»,- ասում էր Վազգեն Սարգսյանը:

Ժամանակին, երբ այս հարցադրումները Վազգեն Սարգսյանն անում էր, չէր կարող պատկերացնել, որ ոչ թե 10, այլ 30 տարի հետո իրեն ամբողջ կյանքում ատող և բանսարկություններ հրապարակող  Փաշինյանի ձեռքով դրանց պատասխանները բացասական են լինելու՝ պարտվեցինք, չկարողացանք դառնալ դեմոկրատական պետություն, երկրի մեջ չպահպանվեցին մարդկային, ազգային, սոցիալական  արժեքները, բանակի ողնաշարը քանդեցինք, Արցախը կորցրեցինք, վերադարձանք պարտվողի  հոգեբանությանը: Բայց որ ամենասարսափելին է՝ պարտությունը փրկության տեղ ենք անցկացնում, ժողովրդի մի մասն էլ կարծես համակերպվել է:

Վազգեն Սարգսյանն իր ամենավատ երազում չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի և Արցախի ղեկավարները կիրականացնեն Ադրբեջանի նախագահի երազանքները կամ կազատեն նրան իր տարիների վախերից:

1. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ վախեցել է Արցախի անկախության ճանաչման պարտադրանքից: 2016-ին նա բողոքել էր՝ «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ համաձայնության գալ Արցախի անկախության ճանաչման հարցում»:

ՀՀ նախկին իշխանությունները ղարաբաղյան հակամարտության  կարգավորման  բանակցային գործընթացում առաջին պլան էին մղում Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որի հետ ևս Արցախում համաձայն  են եղել: Սակայն, Նիկոլ Փաշինյանը որոշեց բանակցությունները սկսել ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ՝ իր  սեփական:

2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ժամանակին ՀՀ իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի եկած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը ներդաշնակեցրեց  Նիկոլ Փաշինյանի  դիրքորոշմանը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:

«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- պատերազմից մոտ 20 օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Արցախի ղեկավարը:

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահն ինքնորոշման իրավունքի երկրորդման խնդրին անդրադառնալով՝ պարզաբանել  էր.

«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում: Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը: Քանի որ, մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»:

Մենք տեսանք, թե ինչպես ապահովեցին Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգն Արցախի անվտանգությունը՝ ոչ անվտանգություն, ոչ էլ Արցախի ինքնորոշման իրավունք, լավագույն դեպքում՝ սառեցված: Չմոռանանք, որ Փաշինյանը և նրա իշխանությունը շրջանառության մեջ դրեցին «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը: ԱԳՆ-ն պարզաբանեց, թե «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից:

«Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»,- ասված էր հաղորդագրության մեջ: Մինչդեռ շատ փորձագետներ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը դիտարկեցին Արցախի սուբյեկտայնության փոքրացման քայլ: Այն դեպքում, երբ 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել:

«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։

Բազմաթիվ այլ փաստեր կան, թե ինչպես էր Ադրբեջանն ուղիներ փնտրում երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:

Մասնավորապես, սույն թվականի օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացավ հետևյալ պաշտոնական գրությունը.

«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ:

Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:

Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.

«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:

 Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…:

 Ադրբեջանի պաշտպանության նախարարի  պաշտոնակատար՝ Սաֆար Աբիև

 Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ՝ Ռասուլ Գուլիև»:

Վերադառնալով  Փաշինյանի՝  Ալիևի վախերի ազատմանը,  հիշեցնենք, որ թեպետ  արցախյան վերջին պատերազմում հայկական կողմը պարտություն կրեց, սակայն Ալիևը քաջ գիտակցում է՝ հայկական բանակը չի պարտվել, և պատերազմն այլ ելք կունենար, եթե իրենք չունենային Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը, իսկ ՀՀ-ում ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյանը: 2021-ի փետրվարին Ալիևը հայտարարել էր.

«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց, որ բանակի ողնաշարը թուլանա՝ ՊԲ-ՀՀ ԶՈՒ կապի խզմամբ, այն է՝ ՀՀ-ից չեն գնում Արցախ ծառայության,  ՊԲ-ն այլևս չի հանդիսանում, այսպես ասած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանում: ՀՀ բանակի ապագան ևս խիստ մտահոգիչ է՝ ելնելով գործող իշխանությունների կադրային քաղաքականությունից և բանակի վերաբերյալ տեսլականից: Մինչդեռ մեր «քթի տակ» Ադրբեջանն իր բանակը վերածում է թուրքական մոդելի փոքր բանակի:

Իր հերթին՝ Ալիևն ամեն ինչ արել և անում է, որ Նիկոլ Փաշինյանը երկար մնա ՀՀ իշխանության ղեկին, և այս ընտրությունները բացառություն չեն:

Տեսանյութեր

Լրահոս