Անկախության հռչակագրի մասին ՍԴ որոշումը սկզբունքորեն անթույլատրելի և իրավական հիմքերից զուրկ մոտեցում է․ Արթուր Ղամբարյան

Մեր դատական ակտերի պատճառաբանության ավանդույթների տեսանկյունից ընդունված չեն «զավակին խժռող ծնող» բնույթի ձևակերպումներն ու դարձվածքները։ Հետխորհրդային պետություններում կա՛մ չկան, կա՛մ քիչ կհանդիպեն դատական ակտեր, որոնցում դասական իրավաբանական կրթություն ունեցող անձնավորությունը դատական ակտերում նման ձևակերպում թույլ կտա։ Եթե փորձենք ճշտել, թե արդյոք ՍԴ-ն իր դատական ակտերում երբևէ նմանատիպ ոչ ստանդարտ ձևակերպումներ օգտագործե՞լ է, թե՞ ոչ, կպարզվի, որ կա ընդամենը մեկ օրինակ՝ «առնետավազք» ձևակերպումը, այն էլ՝ ՍԴ-ն ուղիղ մեջբերել է մամուլին, վկայակոչել է մամուլում օգտագործված ձևակերպում և ոչ թե իր կողմից է գործածել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը։

«Զավակին խժռող ծնող» ձևակերպումը սկզբունքորեն անընդունելի ձևակերպում է։ Զարմանալի է ՍԴ-ի առանձին դատավորների վարքը, որոնք նշում են, թե իբր այդ ձևակերպման համատեքստը նենգափոխվում է։ Որևէ մեկը համատեքստը չի նենգափոխում։ Նման ձևակերպման օգտագործումը՝ առանց որևէ համատեքստի, ինքնին համարվում է անթույլատրելի։ Բովանդակային կողմին առանձին կարելի է անդրադառնալ, բայց առհասարակ դատական ակտերում նման ձևակերպում օգտագործելն ինքնին համարվում է անընդունելի։ Դա կարող էր առավելագույնը լինել հատուկ կարծիքի մեջ, ասենք՝ ինչ-որ դատավոր հատուկ կարծիք ունենար, դրանում իրեն թույլ տար որոշակի ազատություն և նման ձևակերպում օգտագործեր։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է նման ձևակերպում հայտնվել այնտեղ, ո՞վ է դրա աղբյուրը»,- ասաց ՀՀ վաստակավոր իրավաբանը։

«Քաղաքական իշխանությունը կարող է նման ձևակերպումներ թույլ տալ։ Բայց դատական ակտ կազմող և դասական իրավաբանական կրթություն ունեցող իրավաբանը նման ձևակերպում չէր օգտագործի։ Իրավաբանական լեզուն այնքան չոր ու հստակ է, որ նույնիսկ գիտական աշխատանքներում առհասարակ կխուսափեին նման ձևակերպումներ օգտագործելուց։ Ինչ վերաբերում է անկախության հետ կապված ձևակերպմանը, ցավալի է նշելը, որ ՍԴ-ն հակադրեց Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը։ Շատերն ուշադրություն են դարձնում զավակին խժռելու մասին դարձվածքին, բայց ՍԴ-ն խոսում է արհեստական մի տարրի մասին՝ իբր եթե Անկախության հռչակագիրն ունենա սահմանադրական նշանակություն, այս երկու փաստաթղթերի միջև կառաջանա երկիշխանություն, և երկրում կլինի սահմանադրական երկիշխանություն»,- նշեց Արթուր Ղամբարյանը։

Կարդացեք նաև

Պրոֆեսորի կարծիքով՝ ՍԴ-ի որոշ դատավորներ, որոնք սահմանադրական իրավունք են դասավանդել, լավ գիտեն, որ կան Սահմանադրության ընկալումներ՝ նյութական կամ ձևական իմաստով․ «Եթե այսօր Մեծ Բրիտանիայում հարցնենք՝ Սահմանադրություն կա՞, նրանք կասեն՝ այո՛, կա Սահմանադրություն։ Բայց նրանք չունեն Սահմանադրություն՝ մեր ընկալմամբ, ունեն նյութականը՝ օրենքների և ակտերի համակցություն, որն իր ամբողջության մեջ կազմում է Սահմանադրություն։ Սահմանադրություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն թուղթը, գրքույկը՝ ձևական իմաստով, այլև Անկախության հռչակագիրը։ Սա է կազմում մեր սահմանադրական բլոկը, ի՞նչ հակադրության կամ սահմանադրական երկիշխանության մասին է խոսքը։ Այստեղ որտե՞ղ հակասություն կա։ Նման դատողություն անելու հիմքն անհասկանալի է»:

«Երեսուն տարի շարունակ ի՞նչ հակադրության կամ երկիշխանության խնդիր է եղել մեր Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև, որ ոչ ոք չի զգացել դա՝ ո՛չ գիտնականները, ո՛չ էլ իրենք են բարձրաձայնել այս տարիների ընթացքում, չեն ասել, թե մեր երկրում կա սահմանադրական երկիշխանություն՝ Անկախության հռչակագիր և Սահմանադրություն, Անկախության հռչակագիրն էլ իբր կարող է խժռել Սահմանադրությունը։ ՍԴ-ն ինքը խժռեց մեր Անկախության հռչակագիրը, հատուկ կարծիք գրողներից մեկը ճիշտ էր, և ՍԴ-ի այդ որոշումը սկզբունքորեն անթույլատրելի և իրավական հիմքերից զուրկ մոտեցում է»,- ամփոփեց Արթուր Ղամբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս