«Սաղ կյանքներս ցորեն ենք կերել, հիմա՝ բրի՞նձ, իրեն ասա՝ թող ուտի․ չինացի՞ ենք դարձել». Հարցում
Օրերս «Խաղաղության խաչմերուկ․ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե ռազմավարական ապրանքները կարող են փոխվել․ պետք է ավելի ճկուն լինել՝ ուրիշներին՝ մեզ թիրախավորել թույլ չտալու համար։ Ապա առաջարկել էր, օրինակ, ցորենի օգտագործումից անցնել բրնձի։
«Մենք հասկացել ենք, որ մեզ անհրաժեշտ է բազմազանեցում, որպեսզի համապարփակ անվտանգության հայեցակարգի պահանջները բավարարվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգությանը, այլև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին»,- նշել էր պաշտոնյան։
168․am-ն այս առնչությամբ լսել է մասնագիտական տարբեր շրջանակների տեսակետներ․ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը շատերը համարում են անհասկանալի, նաև՝ մարազմատիկ։
Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ հիշեցնում է՝ ներկրվող բրնձի արժեքը ներկրվող ցորենից մի քանի անգամ թանկ է։
«Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մարազմ է։ Մենք հեռավոր ասիական երկի՞ր ենք, որ բրինձ օգտագործենք, կամ՝ Հայաստանում բրինձ աճո՞ւմ է, որ մեր ապագան դնենք բրնձի աճեցման վրա։ Չինաստանից ներկրված բրնձի ինքնարժեքը 300 դրամից ավելի է, ցորենինը՝ 70 դրամ․ 300 դրամից ավելի ինքնարժեքի դեպքում՝ այդ բրնձից թխվող 1 հացի արժեքը լինելու է 800 դրամ․ այս ժողովրդին պետությունն այդ եկամտով ապահովո՞ւմ է, որ ժողովուրդը ցորենի փոխարեն ուտի բրինձ։ Կամ՝ ցանկացած երկիր իր աշխարհագրական դիրքից ելնելով է հացահատիկի նախապատվությունը տալիս․ Հայաստանը հազարամյակներ շարունակ ցորեն է օգտագործել, Չինաստանում ուտում են բրինձ, որովհետև այնտեղ բրինձ աճեցնելն ավելի հեշտ է»,- մեզ հետ զրույցում նշել էր նա։
Իսկ արդյո՞ք ցորենից՝ բրնձի անցմանը պատրաստ են քաղաքացիները, ճշտել ենք փոքրիկ հարցախույզի միջոցով։
«Պարենային անվտանգությունը ցորենը բրինձով փոխելով չի,- նշեց քաղաքացիներից մեկը՝ մանրամասնելով, որ այդ հարցը միայն այս կամ այն քաղաքական կենտրոնի հետ կապելն աբսուրդ է,- Պարենային անվտանգության համար մենք ունենք ներքին լուրջ ռեզերվներ, որը չի օգտագործվում․ պետք է սկսել հողի մասնավորեցման օրենքից, որը սխալ է արվել, ապա նաև՝ գյուղատնտեսության բնագավառում այն բարեփոխումներն արվեն, սուբսիդիաները տրվեն, որ պարենային անվտանգության հարցը լուծենք»։
«Հայը հացակեր է, բրձնակեր չի․ հայը չինացի ու ճապոնացի չի»,- ասաց մեր զրուցակիցները մեկը։ Իսկ մեկ ուրիշն էլ հավելեց. «Բրինձը ցորենի տեղը չի գրավում․ չինացի՞ ենք դառնում։ Ամբողջ կյանքներս ցորեն ենք կերել, հիմա՝ բրի՞նձ։ Իրեն ասա՝ թող ուտի»։
Մանրամասները՝ տեսանյութում