Ի՞նչ սցենար է փորձում խաղարկել Փաշինյանն ապաշրջափակման հարցում
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվին առաջարկել է օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ, շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել և առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:
Ըստ ՀՀ արտգործնախարարության, եռակողմ հայտարարության 9-րդ կետը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: «Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Նա նաև ասել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ ՌԴ խաղաղապահները:
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչը, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ոչ Լեռնային Ղարաբաղի տարածք, ոչ հարակից շրջաններ:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի։
Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել»,- նշել է խոսնակը՝ խոսելով պարտավորությունների մասին, որոնք Ադրբեջանը պետք է իրականացներ, սակայն չի արել։
Օրերս Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում ասել էր, որ Հայաստանն է երաշխավորելու այդ ճանապարհի անվտանգությունը, Ռուսաստանը մոնիտորինգ կարող է անել, թե որքանով է Հայաստանը կատարում պարտականությունը։
«Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի Հանրապետության մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է վերահսկողություն։ Չկա նման բան, և ընդհանրապես չի կարող լինել»,- նշել էր Փաշինյանը։
Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հայտարարությունը Փաշինյանն անում է Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ հոկտեմբերի 8-ին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ որոշ տեղեկությունների, հայկական կողմն ինքն է հրաժարվել Մոսկվայում եռակողմ հանդիպումից։ Պաշտոնական հաղորդագրություններում չկար որևէ խոսք այն մասին, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է ապաշրջափակման և Բաքու-Երևան խնդիրների կարգավորման մասին հարցերը, սակայն ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը շոշափվել է Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում։ Իսկ թե ինչ կոնտեքստում և հնարավոր ինչ պայմանավորվածությունների շրջանակում է քննարկվել՝ բարդ է ասել։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանը Նախիջևանին կապող այս երթուղու շուրջ ստեղծված իրավիճակը և Փաշինյանի մեկնաբանությունը, թե ՌԴ ԱԴԾ-ն կարող է մոնիտորինգ անել, ասաց, որ միանշանակ այդ թեման պատահական չի բացվում հենց այս փուլում՝ զուգահեռաբար Բաքվին առաջարկելով սկսել ապաշրջափակումը, ինչպես նաև ստորագրել Խաղաղության համաձայնագիրը։
Նրա խոսքով, չի բացառվում, որ հայկական կողմը փորձում է մեկ այլ սցենար խաղարկել՝ գնահատելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու այդ ֆոնին հնարավոր ռեգիոնալ զարգացումները։
«Հայաստանն ամիսներ շարունակ առաջարկում էր Ադրբեջանին ստորագրել Երևան-Բաքու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթուղթը, որը բանակցվել էր, առաջարկվում էր ըստ էության դա անել Արևմուտքում՝ ամենայն հավանականությամբ՝ Վաշինգտոնում, որի համար Վաշինգտոնը բավականին լուրջ ջանքեր ներդրեց, հանդիպումներ ու շփումներ նախաձեռնեց, սակայն ապարդյուն։ Այդ պլանը չաշխատեց, Ադրբեջանը սրեց հռետորաբանությունը և սկսեց նորանոր պահանջներ դնել Երևանի և Արևմուտքի առջև, ինչը տեղի ունեցավ Պուտինի՝ Բաքու այցին զուգահեռ, երբ ՌԴ ԱԳ նախարարը քննարկեց եռակողմ հայտարարության 9-րդ կետի թեման։
Սրան հաջորդեցին Երևանի քննադատությունները՝ ուղղված Ռուսաստանին, ՌԴ միջնորդությանն ու նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Այս ընթացքում, իհարկե, շատ տարբեր բաներ ասվեցին, որ երթուղու վրա տեղում ռուսական ներկայություն չպետք է լինի, որ դա տապալված փաստաթուղթ է, որ այլ երկրներից ներկայացուցիչներ պետք է լինեն, և այլն։ Սակայն մոնիտորինգի մասին խոսվում է առաջին անգամ, ինչը պատահական չէ և որոշակի իմաստ ունի»,- նման կարծիք հայտնեց նա։
Ըստ Տարասովի, թերևս Հայաստանը հասկանում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար պետք է փորձի ընթանալ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն իրագործելու ճանապարհով, քանի որ Արևմուտքը հեռացել է գործընթացից և կայուն երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին անվտանգային սպառնալիքի դեպքում։
«Սակայն դա փորձ է արվում փաթեթավորել՝ որպես մոնիտորինգային գործընթաց, ոչ թե վերահսկողական, քանի որ մի քանի տարի է, ինչ ՀՀ իշխանությունները քննադատում են այդ կետը՝ ասելով, թե ՀՀ-ն միայնակ է լինելու տեղում։ Չի բացառվում նաև, որ այս հարցը քննարկվել է բարձրաստիճան մակարդակում, և որոշակի կոնսենսուս է ձևավորվել Երևան-Մոսկվա ձևաչափում, որ լինելու է ոչ թե սահմանապահների կայուն, անընդհատ ներկայություն, այլ ինչ-որ այլ ձևաչափ, որն ընդունելի է Երևանի համար։ Սա կարող է ընդունելի լինել նաև Իրանի համար, որն այս թեմայի վերաբերյալ հարցեր էր բարձրացնում։ Հստակ ասել, թե նման հանդիպումների ժամանակ հարցերն ինչ դիտանկյուններից են քննարկվում, գրեթե անհնար է, սակայն ասել, որ հարցը քննարկվել է, և որոշակի հարցեր ավելի պարզ են դարձել, ակնհայտ է»,- նկատեց նա։
Քաղաքագետի կարծիքով, պատահական չէր նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը, թե առանց ՌԴ-ի՝ ապաշրջափակում չի կարող տեղի ունենալ։
«Ադրբեջանը հայտարարում էր, որ կստորագրի, երբ բոլոր հարցերը լուծվեն, սա ըստ էության ամենակարևոր հարցերից մեկն է եղել Ադրբեջանի համար։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրագործումը որոշակի կոնսենսուսային սկզբունքով ձեռնտու է ռեգիոնում բոլորին, բացի Արևմուտքից»,- ընդգծեց Տարասովը։