«Այսպիսի բան երբևիցե չի եղել. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ալիևն արհամարհեր Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին». Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ պաշտոնական Բաքուն ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ոչ մի նպատակ չունի:

«Դրա վառ օրինակն էին նաև վերջին հանդիպումները Մոսկվայում, երբ աննկարագրելի բան տեղի ունեցավ. Ադրբեջանի նախագահը նշեց, որ մինչև ամբողջը չհամաձայնեցվի, որևիցե պայմանագիր չի ստորագրվի, և արհամարհելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ուղղակիորեն հեռացավ՝ չցանկանալով լսել իր, այսպես ասած՝ հայաստանյան գործընկերոջ կարծիքը: Սա նաև ցուցանիշ է, թե ինչ մակարդակով բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպիսի բան երբևիցե չի եղել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ալիևն արհամարհեր Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, երբ իրենց երկուսին հարց են տալիս՝ պատասխաներ, թողներ, գնար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի խայտառակում է հայ ժողովրդին՝ միջազգային հանրության առաջ. «Այնպես որ, Ադրբեջանը ոչ միայն այդ 80 տոկոս համաձայնեցված տարբերակն է մերժում, այլև նորանոր շանտաժ-նախապայմաններով՝ նորանոր պահանջներ է առաջ քաշում, որպեսզի տորպեդահարի և վերջնականապես չստորագրի այդ պայմանագիրը: Ադրբեջանի նախագահը հատուկ նախազգուշացմամբ հանդես եկավ այն պարագայում, երբ պաշտոնական Բաքուն 2020 թվականից ի վեր ակտիվորեն զինվում է: Նիկոլ Փաշինյանին հիմա Ադրբեջանի բռնապետն ասում է.

«Դու պետք է պաշտոնապես ներողություն խնդրես Բաքվից՝ առաջին արցախյան պատերազմի սանձազերծման և հաղթանակ տանելու կապակցությամբ, բայց դրանով պետք է չսահմանափակվենք, դու նաև պետք է պատժես այն բոլոր հայերին, ովքեր մասնակցել են արցախյան առաջին պատերազմին և հաղթանակ տարել իմ հոր նկատմամբ»: Երրորդ պահանջը՝ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» իրենց պատմական հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան: Մենք տեսնում ենք, որ Սահմանադրության փոփոխությամբ այս հարցը չի փակվելու: Ադրբեջանն ավելի լկտի նախապայմաններ է և շանտաժային մեթոդներ է կիրառելու ՀՀ-ի դեմ: Միջազգային հանրությունն էլ լուռ է, որովհետև տեսնում է՝ հայ ժողովուրդը թքած ունի իր պետության և իր ճակատագրի վրա»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման և հայ-թուրքական սահմանին հայ սահմանապահների ներգրավման վերաբերյալ հայ-ռուսական համաձայնությանը՝ նա հետևյալն ասաց.

«Էրդողանի հետ Նիկոլի առաջին հանդիպումից հետո թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը նախապայման է դրել Փաշինյանի առաջ՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, և, ընդհանրապես, հայ-թուրքական սահմանին պետք է ռուսական զորքեր չլինեն: Հայ-թուրքական սահմանն իրականում միջազգայնորեն չճանաչված է, դա իրականում ռուս-թուրքական սահման է, որովհետև 1921 թվականի մարտի 16-ին և հոկտեմբերի 13-ին համապատասխանաբար Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև ստորագրված հայտնի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետև այդ ժամանակ ոչ ոք չէր ճանաչել կոմունիստների իշխանության գալը Ռուսաստանում և Մուստաֆա Քեմալի իշխանության գալը Թուրքիայում: Հիմա, եթե ռուսները դուրս գան հայ-թուրքական սահմանից, որը միակ պատճառն է Թուրքիայի համար՝ չհարձակվել ՀՀ-ի վրա, որովհետև կա ռուսական դրոշ, իսկ պայմանագիրը ռուս-թուրքական է, և եթե ռուս սահմանապահները չլինեն, թուրքերն առանց վարանելու կհարձակվեն ՀՀ-ի վրա: Իրենք վաղուց դրա համար հող են նախապատրաստում. Թուրքական իշխանությունները ՀՀ-ին մշտապես մեղադրում են քրդական PKK-ի բազաները Հայաստանում պահելու և քուրդ զինյալներին մեր տարածքում ապաստան տալու մեջ:

Եթե տարածաշրջանում նայում եք, ապա Թուրքիան մշտապես հարձակվում է Հյուսիսային Սիրիայի և Հյուսիսային Իրաքի վրա՝ պատճառաբանելով, որ այնտեղ գտնվող քրդական բազաները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար: Հիմա դուք պատկերացնում եք, չէ՞, որ եթե ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին չլինեն, թուրքերը կարող են ասել, որ, օրինակ, Ջաջուռում կամ Բաղրամյանում կան PKK-ի ռազմաբազաներ և քուրդ զինյալներ, պետք է անցկացնենք հակաահաբեկչան օպերացիա:

Դուք պատկերացնում եք, որ Հայաստանի նման հետպատերազմյան չնթռլոյացած երկիրը կարող է ընդդիմանալ թուրքերի՞ն: Հայ ժողովուրդը թող մտածի՝ ինչ կարգավիճակ ունի դրսում, եթե իրենք մտածում են, որ իրենց հզոր և հպարտ վարչապետը նույն հզորությունն ունի դրսում, չարաչար սխալվում են: Տեսա՞ք՝ ԱՊՀ երկրների ղեկավարների լուսանկարվելուց հետո եթիմի նման մնացել է Հայաստանի դրոշի առաջ, նրան նույնիսկ բարև չտվեցին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս