
Ձկան «բուրիդա» սարդինյան ձևով

Բաղադրիչները՝
- 800 գ խոշոր ձուկ
- 2 մեծ, հասած լոլիկ
- 1 կիտրոն
- 1 պճեղ սխտոր
- փոքրիկ փունջ մաղադանոս
- 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
- 2 ճ/գ սպիտակ գինու քացախ
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրեք, լվացեք, չորացրեք, մասերի բաժանեք, աղ ու պղպեղ արեք:
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը հեռացրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:
Հաստ հատակով թավայի մեջ տաքացրեք ձեթի կեսը և միջին ուժգնության կրակի վրա տապակեք ձկան կտորները մինչև ոսկեգույն երանգ ստանալը, ամեն կողմը՝ մոտ 2 րոպե:
Ձկան կտորները տեղադրեք տաք ափսեի մեջ, ծածկեք, պահեք տաք վիճակում:
Սխտորը մանր կտրատեք: Նույն թավայի մեջ լցրեք մնացած ձեթը, միջին ուժգնության կրակի վրա 30 վրկ տապակեք սխտորը: Ձուկը վերադարձրեք թավայի մեջ: Ձկան վրա լցրեք գինին ու քացախը, սպասեք, մինչև դրանք գոլորշիանան: Ավելացրեք լոլիկները, շարունակեք փակ կափարիչի տակ պատրաստել, մոտ 15 րոպե: Ժամանակ առ ժամանակ ձկները զգուշությամբ շրջեք:
Ձկան կտորները սոուսի հետ լցրեք ափսեի մեջ, զարդարեք կիտրոնի կտորներով ու մաղադանոսի ճյուղերով:
Խորհուրդ: Այս ուտեստի համար հարմար չեն սկումբրիան ու ծովատառեխը: Ուտեստի բույրը ուժեղացնելու համար կարող եք նաև այլ խոտաբույսեր ավելացնել, օրինակ՝ ուրց: