«Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները շատ հարցերում մոտ են»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
Պուտինն ասել է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները և գնահատականները հաճախ մոտ են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում»,- ասել է Պուտինը։
Նա նաև մատնանշել է Իրանի դերը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) և BRICS-ում։ Պուտինի խոսքով, 2024 թվականին պետությունների միջև ապրանքաշրջանառության աճ կա, այն չի վերականգնվել նախորդ տարվա անկումից, սակայն փոխադարձ առևտրի միտումները լավ են։
Հանդիպմանը Փեզեշքիանն ընդունել է պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը։
Ըստ Փեզեշքիանի, Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և անկեղծ։
«Մեր հարաբերությունները մշակութային, տնտեսական և սոցիալական ոլորտներում օրեցօր բարելավվում են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ միտումը պետք է շարունակվի։
Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը բազմաթիվ հնարավորություններ ունեն՝ պետք է օգնեն միմյանց, քանի որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները միջազգային ասպարեզում նման են։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փաստաթղթեր ստորագրենք BRICS-ի գագաթնաժողովում»,- նշել է նա։
Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Փեզեշքիանն այն ծանր է գնահատել։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ չեն ցանկանում, որ իրավիճակը մեղմվի։
Ռուսական պաշտոնական «Կրեմլին»-ը հրապարակել է հանդիպման հրապարակային հատվածում Պուտինի և Փեզեշքիանի կարճ խոսքերը, որոնցում որևէ անդրադարձ չկա Հարավային Կովկասի խնդիրներին։ Սակայն, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, նրանք չէին կարող շրջանցել ռեգիոնալ կոմունիկացիաների բացման, այսպես կոչված, միջանցքի և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցերը։