ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը՝ ՀՀ-ի դեմ Բաքվի քարոզչական արշավի մասնակից. արդյո՞ք ՀՀ ՊՆ-ում Յանուշ Ադամչակին հիշեցրել են 44-օրյային առնչվող ՆԱՏՕ-ի պատասխանատվության մասին
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ:
Հանդիպման ժամանակ, մասնավորապես, Ադրբեջանի ԳՇ պետը տեղեկություններ փոխանցելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը «պայմանական սահմանին», ինչպես նաև որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինումը «հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետին ուղեկցել է նաև «շեհիդների պուրակ» և «ռազմավարի պուրակ», վերջինում ցուցադրված են 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակի ոչնչացված և առգրավված տեխնիկաները:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գաղտնազերծել են հատկապես ռազմավարի պուրակ գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակին և նրա ղեկավարած պատվիրակությանն ուղեկցելու նպատակը:

«ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի ներկայացուցիչներն անկասկած ուշադրություն կդարձնեն, որ «ռազմավարի պուրակում» հիմնականում հարձակողական զենքեր են ցուցադրված, ինչը ցանկացած զինվորական մարդուն կհուշի Երևանի իրական պլանների մասին, որ մշակել էին՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների համար»: Դժվար ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները «չնկատեն» բալիստիկ հրթիռները, որոնք արձակվել են ադրբեջանական խաղաղ բնակավայրերի և քաղաքների ուղղությամբ՝ «Սկադ», «Տոչկա-Ու», նունիսկ «Իսկանդեր»: Նրանք պատկերացում կկազմեն 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայի և Երևանի միջև եղած ռազմական համագործակցության իրական մակարդակի մասին ու հետևություններ կանեն: Եվ վերջապես «ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի ներկայացուցիչները՝ որպես պրոֆեսիոնալներ, կարող են գնահատել, թե ինչ էր իրենից ներկայացնում «Օհանյանի գիծը», և թե ինչ բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջվել ադրբեջանցի զինվորներից՝ ճեղքելու այդ գիծը»,- գրել է minval.az-ը:
Այսինքն, Ադրբեջանն օգտագործում է ցանկացած առիթ՝ միջազգային կառույցներին ընկալելի դարձնելու իր դիրքորոշումը և իր գործողությունների «լեգիտիմ հիմքերը», և հաճախ հաջողություններ է արձանագրում: Եվ ոչինչ, որ միջազգային իրավունքի մասնագետների պնդմամբ՝ Ադրբեջանն իրավունք չուներ ուժ կիրառել միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝ անկախ նրա ճանաչված-չճանաչված լինելուց, անկախ նրանից, թե որպես Ադրբեջանի հռետորաբանությանը պատասխան՝ ինչ է ասել ՀՀ ռազմական ղեկավարությունը՝ տողատակում, թերևս, ունենալով այն, որ հնարավոր պատերազմի դեպքում այն պետք է կարողանալ տեղափոխել հակառակորդի տարածք, այլ հարց է՝ ինչո՞ւ դա չհաջողվեց իրականացնել:
Ինչ վերաբերում է «Օհանյանի գծին», ապա հիշեցնենք, որ 2022-ի մարտի 9-ին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ։- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովն անդրադարձել էր Ֆիզուլիի և Աղդամի մարտերին, որոնք, ըստ նրա, ծանր են եղել:
Այդ համատեքստում ադրբեջանցի գեներալը խոսել էր նաև անհաղթահարելի «Օհանյանի գծի» մասին՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ասել է «Օհանյանի գիծ» կամ պատնեշ:
«Այդ տարածքում, իրապես, ինժեներական կառույցներ կային, որոնք հակառակորդն անվանել էր «անհաղթահարելի Օհանյանի գիծ»: Ի՞նչ ասել է՝ Օհանյանի գիծ»: Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդն ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը:
Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել էր ադրբեջանցի գեներալը:
Իսկ Բաքվից առաջ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակն աշխատանքային այցով եղել էր Երևանում, և հոկտեմբերի 3-ին Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին, մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները:
Բացի այս, հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկայացրել են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ամբողջական փաթեթը, 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստերը և այն, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին, որի մասին խոսել են ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը։ Ավելին, պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի՝ պատերազմին անմիջական մասնակցության պատասխանատու էր համարում ՆԱՏՕ-ին:
Ի դեպ, 4 տարի առաջ այս օրերին Հադրութում Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ էր իրականացրել և քաղաքացիական անձանց էր գնդակահարել, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող:
Բացի այս, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին էր հայտարարվել, որտեղ նշվում էր. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով, կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»:
Սակայն Ադրբեջանն այս և մյուս հայտարարված հրադադարների ժամանակ ոչ միայն չէր պահպանում կրակի դադարեցման ռեժիմը, այլև, ինչպես Քննիչ հանձնաժողովում նշել էր Նիկոլ Փաշինյանը, «ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի վրա, հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ»:
ՀՀ ՊՆ-ում ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին խոսե՞լ են, կամ՝ խոսե՞լ են Ադրբեջանի հարձակողական սպառազինության մատակարարումների, սպառնալիքների մասին, և այս անգամ արդեն՝ ՀՀ տարածքի նկատմամբ: Ասվե՞լ է, որ Ադրբեջանը հնարավոր պատերազմի պատասխանատու է պատրաստվում հռչակել Արևմուտքին, ԱՄՆ-ին:
Այս համատեքստում հավելենք, որ սեպտեմբերին Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը, ով ամերիկյան հետախուզության պատասխանատուներից է:
Նշվում էր, որ Պրայորի այցի նպատակն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումն է անվտանգային բնագավառում: Բայց քանի որ այս այցը հաջորդել էր Հայաստանի քարոզչական-տեղեկատվական արշավին, որի շրջանակում ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը մոտ երկու շաբաթ գրեթե ամեն օր հոդվածներ էր հրապարակում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին, ապա չի բացառվում, որ ադրբեջանական կողմը փորձել է Հայաստանի դեմ սկսած տեղեկատվական և քարոզչական արշավի համատեքստում հերքում կամ ապացույցներ ստանալ:
Արդեն հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորը Երևանում էր, այցի ընթացքում հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ԱԽ քարտուղարը Պրայորին ներկայացրել էր ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները, ինչպես նաև՝ կողմերը քննարկել էին տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր:
Հավելենք, որ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը Հայաստան էր այցելել նաև 2023 թվականի մայիսի վերջին և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ժամանակ քննարկվել էին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը և դարձյալ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի տակ ներկայացվում է այն ամենը, ինչի մասին նշեցինք, ինչպես նաև այն, որ տարածաշրջանին շատ ավելի սպառնում են Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունն ու գործարքները:



