Բաքու է ժամանել ԱՄՆ բանակի հետախուզության պատասխանատուներից մեկը. Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ամերիկյան ինքնաթիռներ ընդունելու համար

Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը, ըստ էության, Իլհամ Ալիևի իմացությամբ և թույլտվությամբ, մոտ երկու շաբաթ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հոդվածներ էր հրապարակում՝ ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին: Խոսքը, մասնավորապես, օգոստոսի 2-ին և 3-ին ամերիկյան ինքնաթիռներ Հայաստան մտնելու և դրանցով ԱՄՆ-ի կողմից անձնակազմ և ռազմական բեռ տեղափոխելու վերաբերյալ ադրբեջանական հոդվածաշարերի մասին է, ինչը ՀՀ-ում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունների տրամաբանությունից դուրս էր դիտարկվում՝ որպես առանձին թեմա:

Ի դեպ, 168.am-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն էր Հայաստան ֆիքսել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները վերը նշված թեմայով հոդվածները չդադարեցրին անգամ այն դեպքում, երբ ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հերքեցին այդ տեղեկությունները, երբ Իրանի պաշտոնյաներից ևս հայտարարեցին, որ տեղեկություններ չունեն Հայաստան ԱՄՆ բանակի անձնակազմ և ռազմական բեռ տեղափոխելու մասին:

Ավելին, Բաքուն հնարավոր սադրանքի պատասխանատվությունն այդ հոդվածների միջոցով դնում էր ԱՄՆ-ի վրա նաև:

Կարդացեք նաև

Իսկ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Բաքվում է ԱՄՆ բանակի կամ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը, ով ամերիկյան հետախուզության պատասխանատուներից է:

Նշվում է, որ Պրայորի այցի նպատակն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումն է անվտանգային բնագավառում: Հնարավոր է, բայց չի բացառվում նաև, որ ադրբեջանական կողմը փորձելու է Հայաստանի դեմ սկսած տեղեկատվական և քարոզչական արշավի համատեքստում հերքում կամ ապացույցներ ստանալ:

Ի դեպ, հոդվածը գրելու պահին Պրայորի՝ Բաքվում նախատեսված հանդիպումների մասին տեղեկություններ չկային, իսկ այս տեղեկությունն ադրբեջանական լրատվամիջոցներին տրամադրել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:

Հավելենք, որ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը Հայաստան էր այցելել 2023 թվականի մայիսի վերջին և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Քննարկվել էին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս