Կրպակները կապարակնքված են, լուծումներ չկան․ հանդիպումը չի տվել հարցերի պատասխանները, իսկ ՄԻՊ գրասենյակն ընդամենն արձանագրել է

Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից գետնանցումում գործող «Հալեպի շուկա»-ն նախօրեին փակվեց ժամերի ընթացքում․ հայրենադարձ սիրիահայերի տաղավարները Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից կապարակնքվեցին ՝ նրանց թողնելով առանց աշխատանքի, ապրուստի միջոցի, առանց այլընտրանքների ու պատկան մարմինների պարզաբանումների։

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշում էին տաղավարների տերերն ու աշխատակիցները՝ խնդիրը նախկին վարձակալի՝ «Դիադին» ՍՊԸ-ի և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դաշտում է։

«Մետրոյի հետ խնդիր ունեն, թող լուծեն, մեզ հետ ի՞նչ գործ ունեն․ 20 րոպե ժամանակ են տվել», «Մեզ չեն ուզում, հայերին ուզում են դուրս հանեն, որ հնդիկներին, թուրքերին բերեն», «Գաղթական եկել ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. հպարտ էինք, որ եկել էինք հայրենիք, խայտառակվեցինք». կատարվողին հուզմունքով այսպես էին արձագանքում նրանք։

Իսկ մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանն ուղիղ եթերում մեր հարցադրումներին ի պատասխան՝ ասել էր, որ Երևանի քաղաքապետարանը տարածքն անհատույց տրամադրել է Երևանի մետրոպոլիտենին, ապա վարձակալության պայմանագիր է կնքվել մետրոպոլիտենի և «Դիադին» ՍՊԸ-ի միջև, իսկ ժամկետը լրանալուց հետո մետրոպոլիտենը դիմել է, որ տարածքն ազատեն․

Կարդացեք նաև

«Միաժամանակ ավարտվել է նաև մետրոպոլիտենին անհատույց տարածքը տրամադրելու ժամկետը, մետրոպոլիտենը կրկին դիմել է քաղաքապետարան, կրկին անհատույց որոշակի ժամկետով տրամադրել է տարածքը, որից հետո պայմանագրեր են կնքվել 10 անհատ ձեռներեցների հետ»։

Մետրոպոլիտենից հավելել էին՝ քանի որ ՍՊԸ-ն դիմել է դատարան, և որոշում է կայացվել, որ տարածքի գործունեությունը դադարեցվի այնքան ժամանակով՝ քանի դեռ դատարանի որոշում չի եղել, ստիպված են սպասել, թեև մետրոպոլիտենը բացարձակ դեմ չէ, որ ենթավարձակալները՝ կրպակների տերերը, շարունակեն գործունեությունը։

Այսօր արդեն տեղեկացանք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» տնօրինությունն է անհատ ձեռներեցներին հրավիրել իր մոտ և պարզաբանել խնդիր էությունը։

«Ասեցին՝ ամբողջ ջանքերով աշխատում են, որ այս խնդիրը վայրկյան առաջ լուծեն։ Իրենք ասում են՝ կալանքը իմաստ չունի, դուք ձեր գործունեությունը շարունակեք, իսկ դատը թող շարունակվի, և պետությունը, իրավապահները որոշեն՝ ով է մեղավոր,- 168․am-ի հետ զրույցում պատմեց հայրենադարձ գործարար Գևորգ Բարսումյանը՝ մանրամասնելով,- Այս անցումը պատկանում է պետությանը, այստեղ խնդիրը 15 տարուց ավելի առաջ կառուցված գույքն է, որն օգտագործման ենթակա չէ։ Վարձակալներս ենք նորոգել, փոխել դռներ, ապակիներ, լույսեր։ Այս անիմաստ գույքի վրա է կռիվը»։

Մենք երեկ, դարձյալ ուղիղ եթերում, դիմել էինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին՝ հատկապես մատնանշելով հանգամանքը, որ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն առանց ծանուցման են անցել գործի, որ տարածքում գործունեություն ծավալող որևէ անհատ ձեռներեց նախօրոք չի տեղեկացվել տաղավարների կապարակնքման մասին։

Այսօր, ի պատասխան մեր հարցադրումների, ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ այդ տարածքի ենթավարձակալներից որևէ մեկից դիմում չի ստացվել, սակայն պաշտպանի հանձնարարությամբ խնդիրն ուսումնասիրել են՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները։

«Բանավոր կարգով քննարկում է տեղի ունեցել պետական իրավասու մարմնի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր գործողությունները կատարում է դատարանի կողմից տրամադրված կատարողական թերթի հիման վրա»,- ասվում է մեզ տրված պատասխանում։

ՄԻՊ պատասխանում, սակայն, չկա պարզաբանում, թե որևէ դեպքում մարդու իրավունքների խախտում չէ՞ առանց ծանուցման անցնել գործողությունների։

Տեսանյութեր

Լրահոս