Պուտինի գլխավոր նպատակներից էր Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման կազմակերպումը․ վրացի քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Չնայած թե՛ նախարարների մակարդակով Երևան-Բաքու ներկայությունը Մոսկվայում, թե՛ ղեկավարների, եռակողմ հանդիպումներ, շփումներ ՌԴ միջնորդությամբ նախատեսված չեն։

ՌԴ ղեկավարն այսօր միայն երկկողմ շփումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնք հակամարտության կարգավորման թեման չշոշափեցին, այլ կենտրոնացան երկկողմ հարաբերությունների, առևտրաշրջանառության և համատեղ պրոյեկտների վրա։

Ուշագրավ էր, թե այս ամենին զուգահեռ՝ ինչ հայտարարություններ արեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

Նա նշեց, որ Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ ճգնում են սեպի նման խրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ:

Կարդացեք նաև

«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Մոսկվայում»,- շեշտել է նա:

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ արևմտականներն իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և դրանով իսկ ներքաշվել տարածաշրջանային գործերին։ «Մենք համաձայնության չեկանք եռակողմ հանդիպման մասին, բայց այդպիսի միտք կար, կողմերից մեկը դեմ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այդ ձևաչափին։

Բնականաբար, այցին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև ռեգիոնում, ինչպես նաև Արևմուտքում, որի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Եվ որպեսզի, ըստ ամենայնի, Արևմուտքում շատ «չնեղանան», ՀՀ ԱԳՆ-ն առանձնահատուկ հայտարարեց, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ իր տպավորությամբ՝ թեև հայկական կողմը մասնակցում է միջոցառումներին, սակայն դա լիարժեք մասնակցություն չէ։

Նրա խոսքով, այն, որ հայկական կողմը չի միացել հայտարարություններին, և այն, որ ամենայն հավանականությամբ չի ցանկացել եռակողմ հանդիպում ունենալ Մոսկվայում Պուտինի ու Ալիևի հետ, ուղերձներ են Արևմուտքին։

«Այդ ուղերձների էությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ն այս կառույցների անդամ է, չի կարող բոյկոտել բոլոր հարթակները, ուստի ժամանակ առ ժամանակ մասնակցում է միջոցառումներին, սակայն չի անում քաղաքական քայլեր, որոնք կարող են երկակի մեկնաբանվել Արևմուտքում, քանի որ հասկանալիորեն Արևմուտքում այս ամենին մեծ ուշադրությամբ են հետևում և կարձագանքեն յուրաքանչյուր քայլի դեպի Մոսկվա»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական և տնտեսական որոշ մտայնություններ ունեն, որը ստիպում է պահպանել որոշ շփումներ։

«Այցին ընդառաջ արված հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս միջոցառման ՌԴ գլխավոր նպատակներից մեկը Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումն էր, որն այս անգամ չհաջողվեց, սակայն, կարծում եմ, որ ռուսական կողմն այն կկազմակերպի առաջիկա այլ հնարավորության դեպքում։

Հաջորդ շփումը նախատեսվում է Կազանում, ուստի այնտեղ գուցե կրկին փորձ արվի կազմակերպել հանդիպում, քանի որ ռուսական կողմը համարում է, որ համաձայնագրի նախապատրասրտման հիմքերը դրել է Մոսկվան, ուստի ակնարկն այն է, որ այն պետք է ստորագրվի կա՛մ Մոսկվայում, կա՛մ ՌԴ միջնորդությամբ։

Երևանն այս սցենարին այս փուլում դեռ դեմ է, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ որոշակի սրացում կա Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում և համապատասխանաբար ավելի սերտ համագործակցություն Բաքու-Մոսկվա ձևաչափում։ Ուստի չի բացառվում, որ Բաքուն փորձի ամրապնդել Մոսկվայի միջնորդական դիրքերը։

Ներկայումս այդ միտումը նկատվում է, թեև ընդհանուր առմամբ Երևան-Բաքու հայտարարությունները լավատեսության առիթ չեն տալիս, և դժվար է ասել, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնագիր ստորագրել։ Սակայն դա չի բացառում այն, որ ՌԴ դիրքերը կարող են ամրապնդվել՝ որպես միջնորդ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս