Հարկատու «հերոսի» կենացը խմող իշխանությունները նրանից կրկնակի շատ կգանձեն
Կառավարության ասածներն ու արածները երբեք իրար չեն բռնում։ Ինչ ասում են, հակառակն են անում։
Դրանում նախկինում բազմիցս համոզվել ենք, բայց այսօր էլ նույնն է, ոչ մի բան չի փոխվել։
Մի կողմից ասում են՝ պետք է նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի մարդիկ բիզնես անեն, հարստանան ու հարստացնեն պետությանը, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ խուսափեն բիզնես անելուց, ներդրումներ անելուց, տնտեսական գործունեություն ծավալելուց։
Անհարկի միջամտություններով ճնշում են, սպառնում, քրեական գործեր են հարուցում, տանում նստեցնում։
Բիզնեսի փողերը, որոնք պետք է հետ տային, չեն տալիս։ Այնպես են անում, որ մարդիկ հրաժարվեն իրենց գումարներից՝ միայն թե գլուխներն ազատեն։
Օրենքներն են օր ու մեջ փոխում, խստացնում, հարկային բեռն են ծանրացնում, տույժ-տուգանքներն են ավելացնում, քրեական գործեր հարուցելու ու տարիներով մարդկանց կալանքի տակ պահելու հիմքեր են ստեղծում։
Ասում են՝ հարկատուն հերոս է, հարսանիքներին ու քեֆ-ուրախություններին պետք է հարկատուի կենացը խմել, բայց «հերոսին» վերաբերվում են՝ ինչպես պոտենցիալ հանցագործի։
Մինչև վերջերս շրջանառում էին մի օրենքի նախագիծ, որով հարկատուին սպառնում էին երկարաժամկետ կալանքով ու բանտարկությամբ։ Բարձրացված համատարած աղմուկից հետո միայն որոշեցին հետ կանչել։ Բայց դեռ պարզ չէ՝ ընդհանրապե՞ս, թե՞ ժամանակավոր։ Նման դեպքերում սովորաբար թողնում են, որ աղմուկը նստի, կրքերը մի քիչ հանդարտվեն՝ հետո իրենց գործը կանեն։
Ասում էին և մինչև այժմ էլ ասում են՝ տնտեսության վրա հարկային բեռը պետք է թեթևացնել, մարդկանց հնարավորություն տալ աշխատել, բայց հակառակն են անում՝ մի գլուխ ծանրացնում են։
Հաջորդ տարվանից փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կկրկնապատկվի։ Գործունեության բազմաթիվ տեսակներ շրջանառության հարկից կանցնեն ընդհանուր հարկային դաշտ։ Պատրաստվում են առաջիկայում էլի ընդլայնել այդպիսի գործունեությունների շրջանակները։ Արդեն նոր նախաձեռնություն են ներկայացրել։
Նույնիսկ միկրոձեռնարկատիրությանը չեն խնայում։ Ասում էին՝ ազատված եք լինելու հարկերից, հարկային նորանոր բեռ են ավելացնում։
Բիզնեսի հարկային բեռի ծանրացումով չեն բավարարվում, տույժերն են ավելացնում։
Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որով նախատեսվում է հարկային վճարները սահմանված ժամկետից ուշացնելու պարագայում տույժերը կրկնապատկել։
Կրկնակի շատ կգանձեն։
Հարկատուն հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում, գործերը լավ չեն, չի կարողանում անգամ եղած հարկային պարտավորությունները կատարել, ժամանակին վճարել, կառավարությունը մի բան էլ տույժերն է ավելացնում, որպեսզի ընդհանրապես չկարողանա դուրս գալ այդ վիճակից, թաղվի ու հավերժ մնա պարտքերի մեջ։
Այսպես են գնահատում «հերոս» հարկատուին։ Նրա մեջ պոտենցիալ հանցագործի են փնտրում։ Չեն ասում, որ մարդն օբյեկտիվ պատճառներով կարող է հայտնվել ֆինանսական խնդիրների առաջ։ Ինչ-որ կերպ օգնելու, ընդառաջելու փոխարեն՝ միանգամից տուգանքի բեռն են ավելացնում։ Ու դրա անունը դրել են կանխարգելիչ միջոցառում։ Չնայած իրական նպատակը բոլորին էլ պարզ է. բիզնեսին դրած քամում են։ Չեն հասկանում, որ այդպիսի միջացումները չեն կատարում իրենց դերը։ Վկա այն հսկայական ապառքները, որոնք կուտակվել են հարկատուների հաշվին։
Խոսքն ընդհուպ 350 մլրդ դրամի կամ ավելի քան 900 մլն դոլարի մասին է, որը ձնագնդի նման անընդհատ ավելանում ու կախվում է բիզնեսի վրա։
Ասում էին՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ. տուգանքներով խեղդում են։
Միայն ճանապարհատրանսպորտային տուգանքներն անգամներով ավելացել են։
Կան բաներ, որոնք զավեշտի են վերածել։
Պետությունն իր պարտավորությունները քաղաքացու նկատմամբ պատշաճ չի կատարել, թերացել է, սխալներ է արել, ասում են՝ քաղաքացին դրա համար պետք է տույժ-տուգանք վճարի։ Լավ է չեն ասում՝ պետք է դատել։
Խոսքը գույքահարկի ու հողի հարկի վճարների մասին է։
Կադաստրի կոմիտեն սխալ չափագրում է արել կամ սխալ է մուտքագրել տվյալները, ասում են՝ մեղավորը քաղաքացին է, քաղաքացին պիտի պատժվի։
Ի՞նչ կապ ունի քաղաքացին դրա հետ, երբ պետությունն է թերացել իր պարտականությունները կատարելու մեջ։
Պետությունը թերացել է, քաղաքացուն են պատժում։
Դեռ մի բան էլ իբր լավություն են անում՝ օրենսդրական նախագիծ են ներկայացրել պետության սխալի պատճառով քաղաքացուն տույժի չենթարկելու համար։
Ասում են՝ տույժի չենք ենթարկի, բայց պարտավոր են վճարել վերահաշվարկված գումարները։ Չեն ուզում մտնել քաղաքացու դրության մեջ, հաշվի չեն առնում, որ քաղաքացին կարող է հնարավորություն չունենալ միանգամից վճարելու այդպիսի խոշոր գումար։
Իրենց սխալի ու թերացման պատճառով՝ քաղաքացուն են կանգնեցնում փաստի առաջ։
Ասում են՝ քաղաքացին պիտի լավ ապրի, բայց անվերջ ֆինանսական ու հարկային բեռ են ավելացնում։ Բիզնեսի բեռն էլ չհաշված, որն էլի մնում է քաղաքացու վրա։
Ասում են՝ աղքատությունը պիտի վերացնենք, բայց այնպես են անում, որ աղքատությունը խորանա։
Դրած սոցիալական նպաստների համակարգն են վերաձևում, որ շատերը, որոնք հազիվ գոյատևում էին նպաստներով, դրանից էլ զրկվեն։ Աշխատունակ քաղաքացուն, բոլոր պարագաներում, պատրաստվում են զրկել նպաստ ստանալուց՝ առանց հաշվի առնելու նրա սոցիալական դրությունը։
Աշխատանք չկա, մարդը չի կարողանում աշխատանք գտնել՝ չպիտի օգտվի նպաստից։
Նպաստից զրկելով՝ այդ քաղաքացուն դատապարտում են ավելի խորը աղքատության։
Այսպես են վերացնում աղքատությունը։ Վերացնելու փոխարեն՝ խորացնում են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ