«Խաղաղության պայմանագիր»՝ անկռիվ պատերազմի մասին

Մինչ անցած շաբաթ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից զբաղված էր «պոզիտիվ խոսույթ» ձևավորելով, նրա ադրբեջանցի գործընկերը  ներկայացնում էր իր երկրի առաջնահերթությունները՝ Հայաստանի նկատմամբ պատերազմին պատրաստ լինելու նպատակով բանակի սպառազինության ավելացում, նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ։ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ավելացնելով,-  Վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։

Այս հայտարարությունից օրեր անց Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (բնականաբար, իշխանության անմիջական վերահսկողության տակ գտնվող) հրապարակել է իր անցկացրած հարցման արդյունքները՝ «Դուք աջակցո՞ւմ եք Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության ստեղծմանը» հարցով։ Բնականաբար, հարցվածների 85,5%-ն  այդ հարցին դրական է պատասխանել։

Իրար հետ դեռևս հակամարտության մեջ գտնվող երկու երկրների ղեկավարների գրեթե համաժամանակյա այս հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանության փառաբանած «Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է ու նման պայմաններով ստորագրվելու դեպքում վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմի։

Բայց այդ հարցում կա մի նրբություն, որը մակերեսորեն մանիպուլացնում են Հայաստանի իշխանությունները։ Նրանք մինչև այս պահն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չձեռնարկելը ներկայացնում են՝ որպես իրենց իմաստուն դիվանագիտության արդյունք, և դա վաճառում են քարոզչական շուկայում։

Կարդացեք նաև

Իրականությունն այն է, սակայն, որ Ադրբեջանի կողմից պատերազմ չսանձազերծելը վկայում է այդ երկրի համար պատերազմի անիմաստության մասին․ Ադրբեջանը՝ ՀՀ իշխանությունների միջոցով ու նրանց շնորհիվ, Հայաստանից ստանում է այն, ինչը, որևէ այլ իշխանության պարագայում, հնարավոր կլիներ ստանալ միայն պատերազմի դեպքում՝ «Օպտիմալացվող սահմաններից» մինչև Անկախության հռչակագրի փաստացի չեղարկում իշխանապատկան ՍԴ-ի կողմից։

Այս անկռիվ պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի իշխանությունը կբավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնք, սակայն, ոչ թե անվերջ են, այլ Հայաստանի՝ որպես պետության, վերջի մասին են, որին Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չէ՝ պայմանով, որ կպահպանի իշխանությունը Հայաստանից ձևականորեն մնացած ինչ-որ տարածքում։

Իսկ ավելի լայն առումով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր բովանդակորեն իրականացնում է գրեթե նույն գործառույթները, ինչի համար Ադրբեջանը ցանկանում է ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարությունը»։ Նա գործնականում բավարարում է Ադրբեջանի կենտրոնական իշխանության բոլոր պահանջները՝ վերջարդյունքում հիմքեր ստեղծելով նաև «ադրբեջանցիների վերադարձի» համար (Հայաստանը պաշտոնապես որևէ կերպ չի հերքել այդ հնարավորությունը)։

 Նման հեռանկարները դիվային ու անիրական են թվում մոտավորապես այնքան, որքան, օրինակ, հինգ տարի առաջ կարող էր սատանայական թվալ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի ծածանումը։ Բայց դա այսօր իրականություն է։ Այն իրականությունը, որի հիմքի վրա Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր «իրական Հայաստանը»։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս