ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել
ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցները կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա հրադադար հաստատել։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ Հաստատվելու դեպքում հրադադարը պետք է կողմերին թույլ տա բանակցություններ վարել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ։
«Մենք բոլոր կողմերին, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, կոչ ենք անում անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար», – նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Եվրոպական Միությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Կատարը։ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 25-ին իսրայելական հարվածներից երկրում զոհվել է 72 մարդ։ Սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։