Զելենսկին ՄԱԿ-ի ամբիոնից Չինաստանին և Բրազիլիային մեղադրել է Ռուսաստանի խաղակցելու մեջ
Ուկրաինական խաղաղության բանաձևին այլընտրանքներ փնտրող երկրներն օժանդակում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մասնավորապես, դա վերաբերում է Չինաստանին և Բրազիլիային, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։
«Երբ ոմանք այլընտրանքային, կիսատ-պռատ կարգավորման ծրագրեր, այսպես կոչված, «սկզբունքների լրակազմ» են առաջարկում, դա ոչ միայն անտեսում է պատերազմից ամենաշատ տուժած ուկրաինացիների շահերն ու տառապանքները, ոչ միայն անտեսում է իրականությունը, այլև Պուտինին քաղաքական տարածք է տալիս՝ պատերազմն ու ճնշումն աշխարհի վրա շարունակելու և ավելի շատ երկրների հպատակեցնելու համար»,- նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ խաղաղության ցանկացած այլընտրանքային նախաձեռնություն անդորր հաստատելու, ոչ թե պատերազմին վերջ տալու փորձ է։
Ուկրաինայի նախագահը ենթադրել է, որ գուցե «ինչ-որ մեկը նման կերպ ձգտում է սառեցված զինադադարի համար Նոբելյան մրցանակի արժանանալ, բայց միակ մրցանակները, որոնք Պուտինը կտա դրա դիմաց, նոր տառապանքներն ու աղետներն են»։
Զելենսկին նշել է, որ եթե որևէ երկիր այլընտրանքներ է փնտրում կամ անտեսում է խաղաղության բանաձևի որևէ կետ, «ինքը ևս ցանկանում է անել այն, ինչ անում է Պուտինը»: