Ձկով մսագնդիկներ
Բաղադրիչները՝
- 700 գ թարմ սարդինա կամ մեկ ուրիշ փոքր չափի ձուկ
- 2 ձու
- 5 պճեղ սխտոր
- փոքր փունջ մաղադանոս
- 1 թ/գ աղացած զիրա
- աղ, աղացած սև պղպեղ
- աղացած չորահաց
- կարագ՝ տապակելու համար
- կիտրոն՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Մաքրեք ձկները, հեռացրեք գլուխները, ներքին օրգաններն ու ողնաշարը: Սխտորը դանակի կոթով ճզմեք, մաքրեք: Մաղադանոսի ցողունները հեռացրեք. դրանք պետք չեն գալու:
Մանր կտրատեք ձկան միսը, մաղադանոսն ու սխտորը, խառնեք իրար, ավելացրեք զիրան, աղ ու պղպեղ արեք: Մսաղացով աղալ պետք չէ, ձեզ մսի մանր կտորներով խճողակ է պետք:
Հարեք ձվերն ու խառնեք ձկան մսի զանգվածին: Մաս-մաս ավելացրեք աղացած չորահացը մինչև «կոտլետային» խիտ, կպչուն զանգված ստանալը:
Խորը թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա լավ տաքացրեք կարագը:
Ձեռքերը ջրի մեջ թաթախելով՝ ձկան մսի խճողակից ընկույզի մեծության գնդիկներ ձևավորեք և անընդհատ շրջելով՝ կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Պատրաստի գնդիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։
Մատուցեք կտրտած կիտրոնի հետ: