Միամիտ եմ եղել, ավելի շատ քննիչի ուզած ինֆորմացիան եմ տվել, քան այն, ինչ պետք է ասեի, այն, ինչ իրականում կար. Արմեն Աշոտյանի գործով վկա

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին պետք է տեղի ունենար ԵՊԲՀ աշխատակից, վկա Անի Ռափյանի հարցաքննությունը: Վերջինս, սակայն, հրաժարվեց ցուցմունք տալ: Անի Ռափյանը մտավախություն ուներ, որ իր ցուցմունքն իր դեմ կշրջվի:

Վերջինս ասաց՝ նախաքննության ընթացքում ինքը 2 անգամ է հարցաքննվել, առանց փաստաբանի:

«Երկրորդ հարցաքննության ժամանակ ինձ ճնշել են: Լարված էր մթնոլորտը: Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել: Ասում էր՝ հիմա որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ: Քննիչը փորձում էր վերափոխել իմ միտքը: Բաներ կար, որոնց հետ ես համաձայն չէի, նա ինձ ուղղորդում էր: Նաև որոշ բաներ ես չէի հիշում, ինձ ասում էր՝ ո՞նց կարող ես չհիշել: Հարցրել է՝ ինչ-որ մարդկանց ճանաչե՞լ եմ, ասել եմ՝ այո: Հետո ձայնագրություն է դրել, հրաժարվել եմ մեկնաբանել: Անգամ իմ գրած արձանագրության ստորակետն էր խնդրահարույց դառնում: Ու հիմա եթե դատարանը կբավարարի իմ ցուցմունք չտալու իրավունքը, եթե ես դրա իրավունքն ունեմ, ես կհրաժարվեմ ցուցմունք տալուց»,- ասաց Անի Ռափյանը, ով այս գործով վկայակոչվել է՝  որպես հոգաբարձուների խորհրդի նիստի անդամ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության քարտուղար, ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:

Կարդացեք նաև

Ի վերջո, որոշվեց, որ վկայի հարցաքննությունը պետք է տեղի ունենա այս դատական նիստին:

Հարցաքննության սկզբում Անի Ռափյանը, ով ներկայումս աշխատում է որպես սրտաբան, ինչպես նաև դասախոսում է ԵՊԲՀ-ում, ասաց՝ դատավարության մասնակիցներին ճանաչում է, նրանց հետ մերձավոր ազգակցական կապեր, թշնամական հարաբերություններ չունի:

Առաջինն Անի Ռափյանին հարցաքննեց մեղադրանքի կողմը: Ըստ վկայի՝ այս գործի մասին տեղեկացել է նախաքննության փուլում: Վկան դժվարացավ ասել՝ 2015թ. ինչ հաճախականությամբ են տեղի ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստերը, սակայն նշեց, որ դրանք հաճախ են եղել, դրանց մասնակցել է նաև ինքը:

«Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ նախագահն Արմեն Աշոտյանն էր, բայց կարող է և սխալվում եմ»,- ասաց նա:

Հարցին՝ հիշո՞ւմ է արդյոք, որ Հիմնադրամի աշխատակիցները հանգստանային ԵՊԲՀ-ին պատկանող հանգստյան տանը, վկան ասաց՝ այո, հիշում է, որ հանգստացել են, սակայն մանրամասներ չի հիշում:

«Սևանում ձեռք բերված հանգստյան տան մասին հարցերն այս գործի թիրախային հարցերից են: Դրանց չեմ պատասխանելու, հրաժարվում եմ, որովհետև նախաքննության փուլում համոզվել եմ, որ դրանք կարող են շուռ գալ իմ դեմ»,- ասաց Անի Ռափյանը:

Հանրային մեղադրողների մեկնաբանությանը, որ հարցերին վկան պետք է պատասխանի, վերջինիս փաստաբանն առարկեց: Դատավոր Դոլմազյանն ասաց՝ վկան կպատասխանի կոնկրետ հարցերի, ոչ ընդհանրական:

Վկան ասաց՝ որևէ մեկը չի կարող հիշել 9 տարի առաջ տեղի ունեցած նիստերի օրակարգը, հատկապես, որ դրանք իրեն չեն առնչվել, նշեց նաև, որ չի հանգստացել Սևանի հանգստյան տանը:

«Էդ ընթացքում ես ծանրաբեռնված աշխատում էի իմ մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ, և ինձ շատ քիչ էր հետաքրքրում աշխատակիցների հանգիստը կամ մեկ այլ բան»,- ասաց Անի Ռափյանը:

Վերջինս նկատեց՝ այս գործի մանրամասներն ինքն իմացել է քննիչից:

«Ոնց որ դաս լիներ, ինքն էր ինձ ասում՝ սա է եղել, նա է եղել: Միամիտ եմ եղել, ավելի շատ քննիչի ուզած ինֆորմացիան եմ տվել, քան այն, ինչ պետք է ասեի: Եթե հիմա լիներ, ի սկզբանե փաստաբանի հետ կներկայանայի: Այն ժամանակ էլ կօգտվեի իմ իրավունքից ու ցուցմունք չէի տա»,- ասաց վկան:

Մեղադրանքի կողմը, ի վերջո, տեսնելով, որ Անի Ռափյանը հարցերի մեծ մասին չի պատասխանում, ասաց՝ արդյո՞ք «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը ձևականորեն ստեղծված կառույց չէր: Պաշտպանն առարկեց՝ իր վստահորդը չի պատասխանելու, հարցը վերաբերելի չէ:

Հաջորդիվ հարցեր կուղղեն նախագահող դատավորն ու պաշտպանները:

Դատական նիստը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս