
Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ հիմա որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ, փորձում էր վերափոխել իմ միտքը. Աշոտյանի գործով վկա

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին դատարանը քննարկեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքի միջնորդության փոփոխության հարցը: Շուրջ 5 ժամ տևած դատական նիստի ավարտին դատավորը որոշեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ խափանման միջոցները:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի ռեժիմում չի կարող հաղորդակցվել որևէ մեկի հետ: Զրկված է նաև նամակագրության իրավունքից: Արմեն Աշոտյանը հարցեր ուղղեց դատարանին՝ կարո՞ղ է հոդված գրել, կարո՞ղ են իրեն այցելել պատգամավորները: Դատավորը խոստացավ բոլոր հարցերին հանգամանորեն անդրադառնալ իր որոշման մեջ, բայց Աշոտյանը կարող է շփվել ԱԺ պատգամավորների հետ: Կարող է նաև հոդված գրել մամուլի համար, ինչպես նաև հեռախոսով շփվել արտերկրում սովորող տղայի հետ: Աշոտյանին՝ որպես ընտանիքի անդամ, կարող են այցելել նաև վերջինիս հայրն ու եղբայրը:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմն առաջարկել էր գրավ 40 միլիոն ՀՀ դրամ, 2 անձի երաշխավորություն և տնային կալանք համակցված խափանման միջոցները:
Այսօր պետք է տեղի ունենար ԵՊԲՀ աշխատակից, վկա Անի Ռափյանի հարցաքննությունը: Վերջինս սակայն հրաժարվեց ցուցմունք տալ: Անի Ռափյանը մտավախություն ուներ, որ իր ցուցմունք իր դեմ շուռ կգա:
«Տպավորություն է, որ նրան ոչ թե որպես վկա են հարցաքննել, այլ կասկածի շուրջ»,-ասաց Ռափյանի փաստաբանը:
Հանրային մեղադրողն ասաց՝ դա սխալ տպավորություն է, և ամենևին որևէ հիմնավորում կամ արձանագրում չկա, որ վկան հարցաքննվել է կասկածի շուրջ: Արմեն Աշոտյանի պաշտպանները հարցի շուրջ դիրքորոշում հայտնելիս ասացին, որ որևէ կաշկանդվածություն չունեն որևէ մեկի ցուցմունքից:
«Իմ փաստաբանը նախաքննական նյութերին չի տիրապետում: Նա նոր է ներկայացնում իմ շահերը: Ինչ նա այստեղ հիմա ներկայացնում է, ասում է իմ ասածի ու պատմածի հիման վրա: Բայց համաձայն եմ այն ամենի հետ, ինչ նա հիմա այստեղ ասաց»,- ասաց Անի Ռափյանը:
Վերջինս ասաց՝ նախաքննության ընթացքում ինքը 2 անգամ է հարցաքննվել, առանց փաստաբանի:
«Երկրորդ հարցաքննության ժամանակ ինձ ճնշել են: Լարված էր մթնոլորտը: Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել: Ասում էր՝ հիմա որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ: Քննիչը փորձում էր վերափոխել իմ միտքը: Բաներ կար, որոնց հետ ես համաձայն չէի, նա ինձ ուղղորդում էր: Նաև որոշ բաներ ես չէի հիշում, ինձ ասում էր՝ ո՞նց կարող ես չհիշել: Հարցրել է՝ ինչ-որ մարդկանց ճանաչե՞լ եմ, ասել եմ՝ այո: Հետո ձայնագրություն է դրել, հրաժարվել եմ մեկնաբանել: Անգամ իմ գրած արձանագրության ստորակետն էր խնդրահարույց դառնում: Ու հիմա եթե դատարանը կբավարարի իմ ցուցմունք չտալու իրավունքը, եթե ես դրա իրավունքն ունեմ, ես կհրաժարվեմ ցուցմունք տալուց»,- ասաց Անի Ռափյանը, ով այս գործով վկայակոչվել է որպես հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:
Դատարանի դիրքորոշումն այն էր, որ Անի Ռափյանը մասնակցի հարցաքննությանը, և երբ կզգա, որ կոնկրետ հարցը կարող է իրեն վնասել, կարող է չպատասխանել: Վկան ժամանակ խնդրեց իր շահերի ներկայացուցչի հետ խորհրդակցելու համար: Հայտարարվեց 2 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո Անի Ռափյանը համաձայնեց պատասխանել հարցերին, սակայն ասաց, որ ինքն ունի 2 ամսական երեխա, և ամեն անգամ դատարան գալ-գնալն իր համար խնդիր է:
«Չհարցաքննել Ձեզ չեմ կարող, հաջորդ դատական նիստին տեղի կունենա Ձեր հարցաքննությունը»,- ասաց դատավորը: